livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

arman1Վերջերս «Արմենիա» հեռուստատեսության «Եղբայրներ» հեռուստասերիալում հայտնվեց մի կերպար, ով շատ սիրվեց հեռուստադիտողի կողմից, հատկապես աղջիկների եւ կանանց: Խոսքս հայտնի դերասանուհի Շաքե Թուխմանյանի եւ դերասան Ժան Նշանյանի որդի օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանի մասին է, ում հետ մեր զրույցը բացառապես ծավալվեց կանանց շուրջ: Երկար տարիներ Միացյալ Նահանգներում բնակվելուց հետո Արմանն  անկեղծացավ, որ սիրում է հայուհու կերպարը:

-Սիրում եմ հայ կնոջ կերպարն իր թերություններով ու առավելություններով: Ես չեմ կարող այլ ազգի կնոջ հետ հարաբերություններ ունենալ, ամուսնանալ: Հայ կինն ինձ համար իդեալական կերպար է:

- Համեմատականներ անցկացնելով քո տատիկի` օպերային երգչուհի Աննա Նշանյանի եւ մայրիկի` դերասանուհի Շաքե Թուխմանյանի, ինչպես նաեւ ժամանակակից հայ կնոջ միջեւ, արդյո՞ք փոխվել են արժեքները:

- Տատիկիս ժամանակ ամեն ինչ ուրիշ էր: Նրանք ապրում էին արվեստով: Հիմա ամեն ինչ այլ է, եւ դա կնոջ խնդիրը չէ: Մարդիկ կորցնում են իրենց արժեքները, բնականաբար դրա արդյունքում  յուրաքանչյուր սեռ նույնպես կորցնում է իր արժեքները: Կինն արմատն է աշխարհի: Տղամարդը կարող է մի քիչ անհարգալից լինել, իսկ կինը` չի կարող: Իսկ ինչո՞ւ, որովհետեւ կինն ունի մեծ պարտականություններ: Կինն է աշխարհ բերում երեխա, կինը պետք է լինի մաքրության օրինակ: Դա ամենեւին էլ չի նշանակում, որ տղամարդը կարող է անել ինչ ուզում է, իսկ կինը` ոչ: Եթե մի ընտանիքում կա մայր, հայր եւ երեխա, ապա կինը պետք է օրինակը լինի, թե ինչպես իրենց պահեն երեխան եվ տղամարդը:

- Ինչը՞ դուր չի գալիս հայ աղջիկների մեջ:

- Կոմպլեքսները: Իմ կարծիքով դա տղամարդու մեղավորությունն է, ինձ դուր չի գալիս այն «ֆորման», որով պետք է շփվես հայ աղջկա հետ: Պետք է խոսես, կատակես այնպես, որպեսզի չվիրավորես նրան, եւ նա քեզ չնայի կատաղած հայացքով, որ դու էլ այդ պահին քեզ չզգաս աշխարհի ամանավատ մարդը: Հայաստանում չկա այն ազատությունը, որը կարող ես ունենալ այլ ազգի կնոջ հետ շփվելուց: Հայ կինը կաղապարների մեջ է եւ դուրս չի գալիս, դա արդեն գալիս է հայ տղամարդուց:

- Երբեւէ կներե՞ք կնոջ դավաճանությունը, եւ ինչպե՞ս եք վերաբերում երբ տղամարդն է դավաճանում կնոջը:

- Երբեք չեմ ներում, որովհետեւ կինն ինքն իրեն չի կարողանում ներել: Մեր միջեւ անկեղծությունը կորում է, իսկ եթե մի բան անկեղծ չէ, դա արդեն անիմաստ է, ամեն ինչ կարող է վերջանալ եւ նորից սկսվել: Ինչպես մի տեղ մահանում է  մեկը, մեկ այլ տեղ ծնվում մի ուրիշը: Անպայման չէ, որ ամբողջ կյանքում ձեռք-ձեռքի տված գնաս նույն մարդու հետ: Տղամարդու դավաճանությունն էլ է նույնը, տարբերություն չկա ինձ համար: Ինչո՞ւ ես ամուսնացած չեմ, որովհետեւ երբ գա այն պահը, երբ հասկանամ, որ կարող եմ սիրել մեկ կնոջ, միայն այդ ժամանակ կամուսնանամ: Ես շատ ծայրահեղ եմ սիրում: Իմ կինը պետք է ամենուր ինձ հետ լինի:

- Արդեն 33 տարեկան ես: Ասում են որքան մեծանում, այնքան բծախնդիր ես դառնում, իսկ քո դեպքում այդպե՞ս է:

- Ճիշտ է, ասում են… Ես ճակատագրին եմ հավատում, ես «ֆատալիստ» եմ, պետք է զգամ, որ պատրաստ եմ ամուսնության: Ես օրենքներ չեմ սիրում եւ չեմ հավատում:

- Երբեւէ սիրահարվե՞լ եք ձեր երկրպագուներից մեկին:

- Ոչ..

- Կնոջ իդեալ ունե՞ք:

- Մաքուր, միամիտ, անկեղծ, պետք է լինի հավատացյալ, պետք է շատ հավատա վերին ուժին, հավատա սիրուն, ունենա խիղճ, լինի շատ-շատ բարի, լինի խորը, կյանքի եւ տիեզերքի օրենքները ներքուստ լավ հասկացող: Իսկ արտաքին տվյալներից սիրում եմ մուգ մազեր, մուգ աչքեր,մուգ մաշկ, եւ մի քիչ կլորիկ աղջիկների:

- Սովորաբար ասում են կանայք չգիտեն, թե իրենք ինչ են ուզում: Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ են ուզում կանայք:

Arman- Կինը ուզում է զգալ, որ մենակ չէ, ուզում է տղամարդու կողմից զգալ անկեղծություն, զգալ որ սիրված է եւ միակն է տղամարդու կյանքում: Ուզում է զգալ, որ կարեւոր է, գնահատված է ամուսնու կողմից:

- Իսկ տղամարդիկ ի՞նչ են ուզում կանանցից:

- Արդյունքում տղամարդն էլ է ուզում կնոջից նույն բանը:

- Ընտրյալ ունե՞ք:

- Ոչ, չունեմ:

- Ինչպե՞ս ես փորձում գրավել աղջիկներին:

- Չփորձելով… Չեմ հիշում վերջին անգամ երբ եմ փորձել կնոջ ուշադրությունը գրավել:

- Կնոջ կարծիքը կարեւո՞ր է քեզ համար:

- Այո կարեւոր է: Ինձ ավելի շատ հետաքրքրում է կնոջ կարծիքը, քան տղամարդու, որովհետեւ ես տղամարդ եմ եւ ունեմ իմ կարծիքը, ինչո՞ւ պետք է ուրիշ տղամարդու կարծիքն ինձ հետաքրքրի:

- Ինչպիսի՞ կանայք են ավելի երկար կարողանում պահել տղամարդուն իրենց կողքին:

- Այնպիսի կանայք, ովքեր ձեւացնում են, որ ունեն բոլոր հարցերի պատասխանները, որը բավարարում է տղամարդու հետաքրքրությունները: Տղամարդուն երկար կողքին պահելու համար կա երկու ձեւ, մեկը սուտ, մյուսը` իրական: Իրական ձեւն այն է, որ երկու էություններ համապատասխանում են իրար: Տղամարդը կնոջ աչքերի մեջ տեսնում է այն կնոջը, ում ամեն առավոտ ուզում է տեսնել իր կողքին` առանց դիմահարդարման, կամ ինչ-որ զարդերի: Իսկ սուտ ձեւն այն է, երբ կինը ձեւացնում է, կոմպլեքսավորում, կոտրում տղամարդուն, իսկ հետո կառուցում իր ուզածի պես, եւ տղամարդը մտածում է, որ այդպիսին դարձել է այդ կնոջ կողքին:

- Երբեւէ կամուսնանաք այն կնոջ հետ, ում կընտրեն քո ծնողները:

- Եթե մտադիր լինեմ ամուսնանալու, միշտ հաշվի կառնեմ ծնողներիս կարծիքը: Բայց չի կարող այնպես լինել, որ ծնողներս չհավանեն եւ ես չամուսնանամ իմ ընտրած աղջկա հետ: Իհարկե եթե չհավանեն նրան, կտխրեմ:

Զրուցեց ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում