livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

Կի՞նն է շքեղացնում ավտոմեքենան, թե՞ ավտոմեքենան` կնոջը: Այս դեպքում դժվար է մեկը մյուսից առանձնացնել, բայց որ երկուսն էլ տղամարդկանց ուշադրության կենտրոնում են ու սիրված` անհերքելի փաստ է: Ե՛վ կինը, ե՛ւ ավտոմեքենան տղամարդուն տալիս են ինքնավստահության զգացողություն:

 

Եթե մի քանի տարի առաջ գեղեցիկ սեռի ներկայացուցչին տեսնելով ավտոմեքենայի ղեկին` զարմանում էին, ապա այսօր զարմանք է առաջացնում այն հանգամանքը, երբ հայուհիներին տեսնում են սովետական արտադրության ավտոմեքենայի ղեկին: Այս հարցում էլ հայուհիները շքեղության կողմնակից են: Որքան էլ ասեն, թե ավտոմեքենան իրենց համար անհրաժեշտություն է, այնուամենայնիվ, գերադասում են թանկարժեք ու նորաձեւ ավտոմեքենաներ վարել:

Ուշադրություն. մեքենայի ղեկին կին է, խորհուրդ կտանք անպայման կապել ամրագոտին: Շատ տղամարդիկ կցանկանային իրենց կարծիքն արտահայտել այս թեմայի շուրջ, բայց այս խորագրի ներքո անկեղծանում են հայտնի տղամարդիկ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան ՅՈՒՐԱ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԸ մեծ խնդիր չի համարում ավտոմեքենայի ղեկին կին տեսնելը, բայց զգուշանալով կին վարորդներից` վստահ նստում է նրանց ավտոմեքենան. «Տոկոսային հարաբերությամբ կին վարորդները լավ չեն վարում: Բայց անհատականորեն դիտարկելով` կանայք ավելի ուշադիր են ու հետեւում են երթեւեկության կանոններին: Չնայած լինում են դեպքեր, որ չեն կարողանում շուտ կողմնորոշվել եւ խուճապի են մատնվում: Դա կնոջը բնորոշ արձագանք է»: Երիտասարդ դերասանը, համեմատականներ անցկացնելով ռուս կին վարորդների հետ, նկատել է. «Ռուսաստանում կանայք նախընտրում են հիմնականում կարմիր գույնի ավտոմեքենաներ: Նրանք սիրում են տարօրինակ գույնի ավտոմեքենաներ: Ռուս կնոջ մեքենայի արտաքին տեսքից միանգամից հասկանում ես, որ ղեկին «գլամուրային» վարորդ է: Մեզ մոտ գույներին շատ ուշադրություն չեն դարձնում: Հիմնականում նախընտրում են արծաթագույնն ու սպիտակը»:

Խոսելով աքսեսուարներից` դերասանը կրկին ռուս կանանց օրինակն է բերում. «Սկսած ռուս գեղեցկուհիների ավտոմեքենաների ետեւի ապակուն ամրացված հումորային գրություններից. «Զգուշացե՛ք, ղեկին կին է», հասկանում ես, որ նրանք անգամ նման հարցերին են հումորով վերաբերվում: Նույնիսկ խաղալիքների ընտրության, «տյունինգի» հարցում, ամեն մի մանրուք հաշվի են առնում, մինչեւ իսկ ավտոմեքենայի դռան բռնակներին մորթի են ամրացնում: Հայաստանում մեկ-երկու անգամ եմ հանդիպել, որ ավտոմեքենան արտաքինից իսկ մատնի, թե այն գեղեցիկ սեռի է պատկանում: Կանանց բնորոշ է ավտոմեքենայում տիրող կոկիկությունը, բայց այս հարցում տղամարդիկ էլ բացառություն չեն: Կնոջ ավտոմեքենայում կարող ես տեսնել հոտավետ, հետաքրքիր աքսեսուարներ, բացի մեքենայի համար անհրաժեշտ պարագաներից»: Յ. Իգիթխանյանը հետիոտն լինելով` նկատել է. «Երբ ավտոմեքենայի ղեկին տղամարդ է լինում, զիջում է ճանապարհը կանանց, իսկ ղեկին նստած կանայք էլ` տղամարդկանց: Բայց մեկը մյուսին զիջելու արդյունքում խցանում են առաջացնում: Ինքս էլ մի քանի անգամ հայտնվել եմ նման իրավիճակում: Կարծում եմ, որ ճանապարհը եւ ղեկը բոլորի համար պետք է հավասար լինեն, անկախ այն բանից` «06» մակնիշի ավտոմեքենա ես վարում, թե «Բենթլի»»: Դերասանը կարծում է, որ ԱՊՊԱ-ի դեպքում թե՛ կինը, թե՛ տղամարդը առավելություններ չպետք է ունենան:

Երգիչ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեր հարցին` ըստ Ձեզ` հայ կանայք լա՞վ վարորդներ են, ի պատասխան ասաց. «Հայերի 70 տոկոսը լավ վարորդներ չեն: Պատճառն այն է, որ մեզ մոտ հեշտ է վարորդական իրավունք ձեռք բերելը: Կանայք ավելի կանոնակարգված վարորդներ են, պատասխանատվություն են զգում իրենց ու իրենց ընտանիքի հանդեպ: Սխալ է այն կարծիքը, որ եթե կին ես, ուրեմն ղեկին քեզ շատ բան է թույլատրվում: Ղեկին ամեն ինչ ու ամեն ոք հավասար է, քանի որ կյանքի գնի պայքար է: Իմ ծանոթ կին վարորդները լավ են ավտոմեքենա վարում: Հանգիստ նստում եմ իրենց կողքին»: Սերգեյը կարծում է, որ մեր փոշոտ քաղաքի համար պետք է մուգ գույնի ավտոմեքենաներ ընտրել. «Ինձ համար անընդունելի է, երբ դիմացի հայելուն կախված են լինում երկար, վարդագույն բմբուլիկներով աքսեսուարներ, ղեկին` սրտիկներ ու քարեր: Կամ հետնամասի ապակու տակ այնքան խաղալիքներ են լինում, որ վարորդը չի տեսնում, թե ինչ է կատարվում հետեւում: Մեզ մոտ սխալ միտում կա` եթե մեքենայի տիրուհին երիտասարդ աղջիկ է, ապա թողնում է Բարբի տիկնիկի տպավորություն»:

Թե ԱՊՊԱ-ի կողմից ինչ վերաբերմունք է պետք ցուցաբերել կին վարորդներին, Սերգեյը կարծում է. «Մեր ԱՊՊԱ համակարգը մի քիչ ծիծաղելի է, քանի որ դու ամեն դեպքում տուժում ես: Ու հիմա ավելի են շատացել վթարները: Շատ դեպքերում կանայք են լինում մեղավորը, բայց մեղադրում են տղամարդ վարորդին: Եթե ղեկին ազդեցիկ մարդու կին է, երեխա կամ սիրուհի, դա չպետք է առավելություն տա»:

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ այն կարծիքին է, որ եթե կինը մեքենա լավ չի վարում, համընդհանուր խուճապ է առաջացնում. «Կին վարորդները ճանապարհ զիջող չեն: Մտածում են` եթե կին են, իրենց պետք է զիջեն: Վստահ նստում եմ այն ավտոմեքենան, որի ղեկին կին է: Մտածում եմ, որ նույն հաջողությամբ կարող եմ ավտոմեքենայի տակ էլ ընկնել»: Դերասանը նկատել է. «Հայ կանայք սիրում են շատ վառ գույների մեքենաներ` վարդագույն կամ, չգիտես ինչու, բաց կանաչ»:

Երգիչ ԱՐԹՈՒՐԸ` ՄԻՍՏՐ X-ը, անկեղծանում է. «Կան կանայք, որ լավ վարորդ են, կան` որ ոչ: Աշխարհում ամենալավ վարորդները տղամարդիկ են: Բայց կինն էլ մի քանի տարի վարելով` փորձառու վարորդ կդառնա»: Արթուրը խոստովանեց, որ հանգիստ նստում է ընկերուհու վարած ավտոմեքենան, չնայած սկզբնական շրջանում լարվածության զգացողություն ունենում էր: Երգիչը նկատել է. «Աղջիկները վառ գույնի ավտոմեքենաներ են սիրում: Իսկ գործարար կանայք «կուպե» ավտոմեքենաներ են նախընտրում»: Նա համոզված է, որ ցանկացած կնոջ ավտոմեքենայում կգտնես դիմահարդարման պարագաներ ու փափուկ խաղալիքներ: Արթուրը, լինելով հմուտ վարորդ, դեռ առիթ չի ունեցել բախվելու կնոջ ավտոմեքենայի, բայց նման դեպքում չի թողնի, որ կինը նեղություն կրի:

Իսկ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԻՆ հաճելի է, երբ ղեկին կին է լինում: Չնայած վատ է վերաբերվում, երբ լավ չեն վարում ու քաղաքի կենտրոնում խցանումներ են առաջացնում. «Երբ ղեկին գեղեցիկ սեռի ներկայացուցիչ է, քեզ երբեք թույլ չես տա նկատողություն անել: Շատ քիչ կին վարորդներ կան, որոնք լավ են վարում»: Դավիթը ձախ ձեռքը միշտ պատրաստ` ղեկի մոտ է պահում այն դեպքերում, երբ ղեկին կին է. «Նկատել եմ, որ հոգեբանորեն մարդն ինչպիսին կյանքում է, այդպիսին էլ ավտոմեքենան վարելիս է: Բնական է, կինը ոչ միայն կյանքում, այլ նաեւ ղեկին ուշադրության կարիք է զգում, դրա համար էլ ուզում է, որ իրեն զիջեն»: Դավիթը նկատել է. «Կանայք ինչպես հագնվում են, այդպիսի տեսք էլ ունի իրենց ավտոմեքենան: Կանայք սիրում են զարդարել իրենց ավտոմեքենան»:

Հ.Գ. Բարի ճանապարհ ոչ միայն ղեկին նստած կանանց, այլ նաեւ տղամարդկանց: Եվ ամենակարեւորը` մի՛ մոռացեք հետիոտնի մասին:

ՊԱՏՐԱՍՏԵՑ
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում