livemarks sitemap
Հինգշաբթի, Մարտի 30, 2017

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է. «Ծխելը վնաս է առողջությանը»: Որ ծխելը վնասակար է` դա բոլորս գիտենք: Գիտենք նաեւ, որ ծխելն ամենատարածված վնասակար սովորություններից մեկն է, որը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել: Սկզբում ծխախոտն օգտագործել են հոտ քաշելով, այնուհետեւ ծամել այն: Երբ ծխախոտը ծամում ես, նիկոտինն ավելի արագ է ազդում, հատկապես թոքերի վրա:

 

Թոքերի քաղցկեղը զարգանում է հենց ծխախոտի օգտագործումից, անկախ նրանից` պասի՞վ, թե՞ ակտիվ ծխող եք, այսինքն` ինքնե՞րդ եք ծխում, թե՞ հարկադրաբար շնչում կողքի ծխողի արձակած թույնը: Երկու դեպքում էլ Ձեր առողջությունը վտանգվում է: Պարզվում է` հայ բնակչության 30 տոկոսը ծխում է, իսկ մնացածը շնչում այդ ծուխը: «REUTERS» գործակալությունը պարզել է, որ զարգացող երկրներում միլիոնավոր կանայք ծանր հիվանդություններ ստանալու եւ անգամ մեռնելու վտանգի տակ են, քանի որ օրեցօր ավելանում է օգտագործվող ծխախոտի չափաքանակը: Մշտապես եւ երկարատեւ ծխելը հանգեցնում է նաեւ վաղաժամ ծերացման: Ծխողներն ունենում են բնորոշ արտաքին` աչքերի սպիտակապատյան, մաշկի դեղնություն, ժամանակից շուտ թորշոմածություն, ինչպես նաեւ ձայնի հնչեղության կորուստ` խռպոտություն:

Ըստ գերմանական «SPIEGEL ONLINE» գործակալության հետազոտությունների` հաջողվել է պարզել, որ ծխելու եւ գենոմային փոփոխության միջեւ ուղղակի կապ կա: Արդյունքում` ծխելը պատճառում է ավելի քան 300 գեների խանգարումներ: Բազմիցս նկատած կլինեք, որ հայ կանայք, այս հարցում էլ բացառություն չկազմելով, օգտվում են «վնասակար չարիքից»: Եթե ընդամենը մի քանի տարի առաջ շատ քիչ կանանց կամ աղջիկների կհանդիպեինք, որոնք սրճարաններում, հասարակական վայրերում ծխում են, ապա այսօր նրանց քանակը զգալիորեն շատացել է: Հասարակությունն էլ կարծես սկսել է հարմարվել դրան: Մի տեսակ հայուհու կերպարին չհամապատասխանող «չարիքի փոքրագույնը», համենայնդեպս, ժամանակին թաքցվել է հայ կանանց եւ աղջիկների կողմից: Սակայն այսօր, ի ցույց բոլորի, ծխում են, գուցե փորձում այդպիսով ինքնահաստատվել կամ էլ այս հարցում էլ նմանվել արական սեռին: Այլ հարց է, թե որքանով է հայ տղամարդու համար ընդունելի հայուհու նման կերպարը:

Եթե ժամանակին միայն ֆիլմերում կարող էինք տեսնել ծխող կանանց, ապա այսօր` ամենուր` սրճարաններում, այգիներում, փողոցում: Բայց զարմանալին այն է, որ հայ հասարակությունը միշտ էլ բացասական բնորոշում է տվել ծխող կանանց: Գաղտնիք չէ, որ հայտնի կանանցից դերասանուհիներն ու երգչուհիներն են հասարակության «ծխող կնոջ» պիտակի արժանանում: Ոմանք համեստորեն թաքցնում են ծխելու փաստը, ոմանք էլ առավել համարձակ են գտնվում: Բայց դա միայն մեր երկրում. համաշխարհային հայտնի կանայք երբեք չեն բարդույթավորվում ծխելու փաստից: Սակայն համոզված եղեք, որ մեզ մոտ հայտնի կանայք` ծխախոտը ձեռքին, երբեք չէին ցանկանա հայտնվել որեւէ ամսագրում: Գեղեցիկ ու բարձր ոտքերով, կարճ շրջազգեստով աղջիկները երբ ծխախոտի տուփը ձեռքներին մտնում են սրճարան, բնականաբար, արական սեռի ներկայացուցիչներին մնում է միայն ծխել, նույնիսկ եթե ծխող էլ չեն:

Ըստ վերլուծաբանների` կանանց իրավունքների ու հնարավորությունների ցածր մակարդակ ունեցող երկրներում` Չինաստանում, Ինդոնեզիայում, Պակիստանում, Սաուդյան Արաբիայում, տղամարդիկ հինգ անգամ ավելի շատ են ծխում, քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Իսկ այն երկրներում, որտեղ կանայք շատ իրավունքներ ունեն` Ավստրալիա, Կանադա, Նորվեգիա, Շվեդիա եւ ԱՄՆ, երկու սեռերի միջեւ ծխախոտի օգտագործման տարբերությունը հասնում է նվազագույնի: Կանայք եւ տղամարդիկ գրեթե հավասար են օգտագործում ծխախոտ:

Ինչպես արդեն գիտեք, «Զարուհու» այս խորագրում ներկայացնում ենք հայտնի տղամարդկանց կարծիքներն ու վերլուծությունը: Թեման ընտրելիս արդեն սպասելի էր, որ հայ տղամարդիկ այս հարցում փոքր-ինչ զուսպ եւ կոռեկտ կլինեն: Իսկապես, հարցումների պատասխանները շատ կարճ էին ու համառոտ: Ոմանք նույնիսկ հրաժարվեցին խոսել այդ թեմայի շուրջ: Համեստորեն լռեցին «անհամեստ» հարցի շուրջ:

Սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ ակնկալելով սպառիչ եւ մանրամասն տեղեկատվություն` չսխալվեցինք: Զրուցակիցս համոզված է, որ իսկապես հայ կանայք շատ դեպքերում թաքցնում են ծխելու փաստը, բայց ընդգծեց, որ կարեւոր է, թե ով է հարցումն անցկացնում: «Մեր հաշվարկներով` Հայաստանում կանանց 3-6 տոկոսն է ծխող: Իսկ հարեւան պետությունը` Ռուսաստանը հինգ անգամ գերազանցում է մեր հանրապետության ծխող կանանց թվին: Ընդհանուր առմամբ, համաշխարհային ցուցանիշներով, ծխողների թիվը տարեցտարի կտրուկ կրճատվում է պետության կողմից վարած քաղաքականության շնորհիվ: Միացյալ Նահանգներում ծխողների թիվը կրճատվելով` 60-ից դարձել է 30 տոկոս: Զարգացած երկրներում ծխախոտը թանկ հաճույք է: Այն առողջ ապրելակերպի քարոզ է, որքան հնարավոր է` դարձնել անհասանելի: Եթե նախկինում աշխատողի հանգստի գնալը համարվում էր դավաճանություն կազմակերպության գործունեության համար, այսօր կազմակերպություններն իրենք են շահագրգռված աշխատողին ուղարկել հանգստի, որպեսզի աշխատողը առողջ լինի ու լավ կատարի իր աշխատանքը: Սպորտով զբաղվելը, չծխելը, առողջ լինելը, ակտիվ հանգիստը, ծխախոտների թանկացումը, ծխողների հանդեպ մերժողական վերաբերմունքը մշակված քաղաքականություն են առողջ հասարակություն ունենալու համար: Չծխողներին առավել տեղ են տալիս ռեստորաններում, հասարակական եւ աշխատանքային վայրերում: Ծխողները դառնում են մերժված սոցիալական խումբ: Ու եթե նախկինում ծխելը երիտասարդի, պատանու համար հաստատման միջոց էր, ապա այսօր այն դառնում է հիմարության ցուցադրում կամ դիտվում որպես կամքի թուլություն: Գոյություն ունի կենցաղային թունավորում, երբ մարդը հոգեբանորեն ծանր վիճակում չի կարողանում իր բոլոր պահանջները բավարարել, օգտվում է այդ թունավորումից: Դրա մեջ մտնում են չափից ավելի ոգելից խմիչք օգտագործելն ու ծխելը: Խորհուրդ է տրվում ծխելը թողնել մեկ-երկու տարվա ընթացքում, աստիճանաբար: Ծխող կինը ծննդաբերությունից  երկու տարի առաջ պետք է դադարեցնի ծխելը, որպեսզի հետագայում երեխայի մոտ ծխելու հակում չլինի: Ըստ վիճակագրության` ծխող ծնողների մոտ երեխան ավելի հաճախ է ծխում: Երբ ուսումնասիրություններ կատարեցինք դպրոցներում, ծխելու դեմ դասընթացներից հետո հետաքրքիր փաստեր արձանագրվեցին: Երեխաների մի մասի ծնողները թողել էին ծխելը երեխաների խնդրանքով: Բժիշկները գտնում են, որ օրական երեք հատիկ ծխախոտը օգտակար է, քանի որ նիկոտինն ունի դրական ազդեցություն: Այն լայնացնում է գլխի անոթներն ու ուժեղացնում արյան մատակարարումը: Բայց դա` ընդամենը մի քանի ակնթարթ, հետո այն թունավորում է, կրճատում թթվածնի օդը դեպի թոքեր: Քանի որ կինը կերակրող ու ծննդաբերող մայր է, ծխախոտ ծխելն անհետեւանք չի լինում նրա համար: Հաճախ ծխում են ակտիվ կանայք, հասարակական գործունեությամբ, բիզնեսով զբաղվող կանայք, որոնց իմիջի մեջ մտնում է նաեւ ծխելը` այդպիսով վատ օրինակ ծառայելով աղջիկներին: Ամուսնական խնդիրները, սեռական անբավարարվածությունը, հիասթափությունները կախում են առաջացնում ե՛ւ խմիչքից, ե՛ւ ծխախոտից: Չծխելը երջանիկ ու հոգեբանորեն ամուր մարդու հատկանիշ է, իսկ ծխելը` թուլակամ, թուլամորթ, դժբախտ ու դժգոհ մարդու հատկանիշ, հաճախ էլ` նաեւ բարդույթները թաքցնելու միջոց»:

Հեռուստահաղորդավար ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ լավ է վերաբերվում ծխող կանանց: Ըստ նրա` ծխում են ուժեղ բնավորության տեր կանայք: Հեռուստահաղորդավարը համարում է, որ ծխախոտը գեղեցկացնում է, բայց. «Նայած թե ում»: Տիգրանը նկատել է, որ առավել շատ հասուն տարիքի կանայք են ծխող լինում:

Լուսանկարիչ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ էլ անկեղծանում է, որ չի սիրում ծխող կանանց: Հայաստանյան «Paparazzi»-ի կարծիքով. «Ուժեղ եւ թույլ բնավորության կանայք են ծխում: Կապ չունի` ինչ հոգեվիճակում են նրանք, ինձ դուր չի գալիս, երբ կանայք ծխում են: Բնականաբար, ծխախոտը չի գեղեցկացնում կնոջը, ընդհակառակը` նրան դարձնում է վուլգար»: Իսկ մեր այն հարցին` կարո՞ղ է արդյոք հայաստանյան միակ «Paparazzi»-ին ծխող կանանց լուսանկարներ տրամադրել, նա համեստորեն, բայց ոչ «Paparazzi»-որեն լռեց:

Լուսանկարիչ ՎԻԳԵՆ ՄՆՈՅԱՆՆ էլ անկեղծացավ. «Ինքս չծխելով` լավ չեմ վերաբերվում, որ կանայք են ծխում: Ամեն մարդ անում է այն, ինչ իրեն դուր է գալիս»:

ՊԱՏՐԱՍՏԵՑ ՉԾԽՈՂ
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Հ.Գ. Հարցումները ցույց են տվել, որ ծխախոտով հրապուրվում են 17-23 տարեկան ուսանողուհիները, 35-45 տարեկան հիմնականում չամուսնացած  կանայք: Չնայած Հայաստանում կանայք ավելի քիչ են ծխում, քան տղամարդիկ, սակայն կանայք ավելի շատ են անհանգստանում իրենց տղամարդկանց համար` գիտակցելով հետեւանքների մասին:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում