livemarks sitemap
Ուրբաթ, Մարտի 31, 2017

karen1Որքան էլ հայ տղամարդիկ ասեն, որ իրենց կյանքը պատկերացնում են առանց կանանց, միեւնույն է` դա իրենց չի հաջողվի, քանի որ, կանայք նրանց կյանքում գլխավոր տեղ են զբաղեցնում:

Երիտասարդ կոմպոզիտոր, նկարիչ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ոչ միայն չի պատկերացնում կյանքն առանց կանանց, այլ նաեւ գիտի, թե ի վերջո, ի՞նչ են ուզում կանայք:

-Կարեն Գրիգորյանի աչքերով ինչպիսի՞ն է հայ կինը: Կբնորոշե՞ք հայ կնոջը:

- Կարծում եմ, հայ կնոջ կերպարն ինձ համար գրեթե բացարձակ կատարյալ կնոջ կերպարն է: Միգուցե, երբեմն նույնիսկ չափազանցրած: Բայց, նման կերպ եմ միշտ պատկերացրել հայ կանանց՝ զուսպ, խելացի, հանդուրժող եւ ամենակարեւորը՝ սիրաշատ: Ահա եւ հայ կնոջ իմ պատկերացումը:

- Ասում են՝ տղամարդիկ առանց կանանց կյանք չունեն:

- Նույնը կարող եմ ասել եւ հակառակը: Մենք առանց միմյանց չենք կարող գոյատեւել: Ի վերջո, նույնիսկ չենք կարող ֆիզիկական գոյություն ապահովել: Չնայած, ես հակված չեմ կանանց մեջ միայն մայր տեսնել, բայց, բնությունը հաճախ ինձանից վեր է եւ իմաստուն:  

- Իսկ Կարեն Գրիգորյանը կյանք ունի՞ առանց կանանց:

- Իմ կյանքում կան պահեր կամ տիրույթներ, որտեղ կանայք իրոք անելիք չունեն: Բայց, ամեն դեպքում ես ինչպես եւ բոլոր նորմալ տղամարդիկ, չեմ պատկերացնում աշխարհն առանց կանանց:

- Ըստ Ձեզ, կանայք լինում են խորամա՞նկ, թե՞ խելացի:

- Շատ հաճախ ասվում է, թե եթե մարդ խորամանկ է, ապա խելացի է: Ես հակված եմ նման կարծիքի:

- Դուք գիտե՞ք, թե ինչ է ուզում կինը:

- Շատ կարճ կպատասխանեմ՝ կանացի երջանկություն:

- Իսկ տղամարդի՞կ ինչ են ուզում կանանցից:

- Հաճախ շատ բան(ժպտում է,- Լ. Ե.), կանացիություն, լավ մայր, լավ կին, լավ ընկեր եւ այլն, եւ այլն... Իրականում սա մի փոքր կախված է յուրաքանչյուր զույգից ու նրանց պահանջներից՝ միմյանց հանդեպ:

- Ինչպիսի՞ն պիտի լինի Կարեն Գրիգորյանի կողակիցը` կինը, եւ ի՞նչ հատկություններ պիտի ունենա:

KAREN2- Իմ կողակիցը նախ եւ առաջ պետք է ինձ շատ սիրի, ապա լինի ինձ նման՝ շատ հարցերում: Ես չեմ հավատում բամբակի եւ զանգակի լեգենդին: Կարծում եմ, համապատասխան զույգ ունենալու համար պետք է լինեն ընդհանուր հետաքրքրությունների եւ աշխարհընկալման բավարար զուգահեռներ եւ նմանություններ: Իմ կողակիցը պետք է նաեւ հետաքրքիր մարդ լինի ինձ համար: Ի վերջո, կյանքիդ մնացած մասը պատրաստվում ես հենց նրա հետ անցկացնել:

- Ի՞նչ պիտի անի կինը, որ դուր գա Կարեն Գրիգորյանին:

- Ինձ հետ լինի բնական եւ պարզ:

- Համամի՞տ եք այն մտքին, որ սովորաբար տղամարդիկ կին ընտրելիս ցանկանում են, որ նա նման լինի իրենց մայրիկին:

- Համամիտ եմ, բայց չեմ կարծում, թե դա փայլուն գաղափար է: Ամեն մարդ անհատականություն է, եւ կարիք չկա մի մարդու մեջ այլ մարդ փնտրել: Եթե սիրում ես մեկին, ապա սիրում ես նրան այնպիսին ինչպիսին, որ կա:

- Իսկ այն տարբերակին ի՞նչ կասեք, որ մայրն է ընտրում հարսնացուին:

- Առհասարակ չեմ ընդունում ծնողների ակտիվ մասնակցությունը նման հարցերին: Եթե տղամարդը ի վիճակի չէ ընտրություն անել առանց ծնողների, ապա նա ընդհանրապես պատրաստ չէ ամուսնության:

- Գործարար կին, տնային տնտեսուհի, թե՞ թիթիզ-միթիզ տիկնիկ:

- Ոչ մեկը, ձեր նշած կանանց տեսակներից որեւիցե մեկը չի համապատասխանում իմ տեսակին: Ես կնախընտրեի արվեստագետի, բայց դա դոգմա չէ ինձ համար:

- Ի՞նչը դուր չի գալիս Կարեն Գրիգորյանին հայ աղջիկների մեջ:

- Նկատել եմ, որ շատ անզուսպ են դարձել ու նմանվել տղաների, նաեւ ինձ դուր չի գալիս բարձրախոսությունը: Սիրում եմ ցածր խոսող կանանց եւ աղջիկներին:

- Հիմա սերիալներում շատ տարածված է, երբ տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա, իսկ ձե՞զ ինչը կարող է դրդել հարվածել կնոջը:

- Երբեք չեմ ասի՝ երբեք, քանի որ հաճախ կյանքը կարող է շատ տհաճ անկնկալներ մատուցել: Բայց համարում եմ, որ կնոջ վրա ձեռք բարձրացնող տղամարդն իր սեփական թուլությունն է ընդգծում այդ արարքով: Տհաճ է, երբ հարաբերություններում տեղ կա բռնության համար: Բռնությունը ծնում է նոր բռնություններ, ինչը եւ սպանում է նույնիսկ ամենաուժեղ սերը:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ հայ տղամարդիկ շուտ են տարվում օտարազգի կանանցով:

- Զուտ նորության եւ մատչելիության առումով, բայց պետք չէ այդքան վատ նայել այդ երեւույթին: Ի վերջո, եթե սիրում ես մեկին, ապա բացարձակ կարեւոր չէ ազգությունը:

- Երբեւէ կներե՞ք կնոջ դավաճանությունը, եւ ինչպե՞ս եք վերաբերում, երբ տղամարդն է դավաճանում իր կնոջը:

- Դավաճանությունը մնում է դավաճանություն՝ անկախ սեռից: Եթե սիրում ես, ապա դավաճանելու ցանկություն չի առաջանում: Իսկ եթե դավաճանում ես, ապա նշանակում է՝ ոչինչ չկա: Համարում եմ, որ պետք է բաժանվել եւ չներել դավաճան զույգերին, անկախ սեռային պատկանելությունից:

- Ըստ ձեզ, ի՞նչն է պատճառը, որ սովորաբար չի ստացվում փեսա-զոքանչ հարաբերությունները:

- Նման փորձառություն չունեմ իմ կյանքում, դժվարանում եմ ենթադրություններ անել:

- Երբեւէ սիրահարվե՞լ եք Ձեր երկրպագուհիներից մեկին:

- Երբեք, չեմ փորձում շատ մտերմանալ այն մարդկանց հետ, ովքեր ինձ սովորականից մի փոքր շատ են սիրում: Ունեմ երկրպագուհիներ, որոնց հետ լավ ընկերներ ենք դարձել, բայց ոչ մի անձնական հարաբերություններ:

- Կո՞ղմ եք կին-տղամարդ հավասարությանը:

- Ես կողմ եմ, բայց կարծում եմ, որ չկա նման բան: Կանայք միշտ էլ թույլ կմնան, իսկ տղամարդիկ նրանց համեմատ ուժեղ կթվան:

- Արդեն բավականին ժամանակ է բնակվում եք Լոնդոնում, իսկ ապագա կին ընտրելիս հավանությունը կտաք հայուհո՞ւն, թե՞ անգլուհուն:

- Հավանություն կտամ այն մարդուն, ում կսիրեմ ամբողջ սրտով, անկախ ամեն ինչից:

- ի՞նչ կարող է լինել Ձեր կյանում, որ բացականչեք. ԱԽ, ԿԱՆԱՅՔ, ԿԱՆԱՅՔ…

- Եթե դրական իմաստով, ապա այն դեպքում, երբ առաջին անգամ ձեռքերիս մեջ կվերցնեմ իմ առաջնեկին:

Զրույցը՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում