livemarks sitemap
Հինգշաբթի, Փետրվարի 20, 2020

aram1Որքան մարդ` այնքան կարծիք, որքան տղամարդ` այնքան կանանց իդեալական կերպար: Իսկ այդ կերպարը առավել հարուստ ու գեղեցիկ է լինում, եթե տղամարդն է հարուստ եւ չբարդույթավորված ինտելեկտով: Մեր այսօրվա զրուցակիցը ճանաչված դերասան, ռեժիսոր ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆՆ է, ով մասնագիտության բերումով շատ է շփվել տարբեր ճաշակի ու մակարդակի կանանց հետ, եւ բնական է, որ կանանց մասին իր պատկերացումներն էլ հարուստ են ու բազմազան:

Ի դեպ, մեր հարցազրույցը կայացավ դերասանի «Ռոյալ Վիլմարիմիրիել» նորաձեւության սրահում, որի հաճելի մթնոլորտն իր ներկայությամբ նաեւ անչափ ջերմացրել էր դերասանի նորածին երեխան` Միրիելը:

-Երբեւէ կանանց կողմից ուշադրության պակաս զգացե՞լ եք:

- Բարեբախտաբար` ոչ:

- Ո՞րն է իդեալական կինը Ձեր պատկերացմամբ:

- Նախ ասեմ, որ իդեալական ոչինչ չի լինում կյանքում, բայց... Իդեալական կինը պետք է կարողանա արժանապատվորեն տանել իր դերն ընտանիքում, կարողանա լինել ճիշտ մայր: Ինձ համար թե՛ գործնական եւ թե՛ առօրյա կյանքում իդեալական կինը իմ կինն Է:

- Ի՞նչն է Ձեզ ամենաշատը գրավում կնոջ մեջ:

- Կնոջ ամենակարեւոր հատկանիշը ներքին հմայքն է, որը բերում է կանացիություն, եւ, իհարկե, կավելացնեի նաեւ իմաստությունը: Մի խոսքով` կին լինելու ամենամեծ գրավականը անսահման հմայքն ու ինտելեկտն է:

aram- Կանանց բնավորության ո՞ր գիծը Ձեզ կհիասթափեցնի:

- Չեմ սիրում անփույթ եւ ինտելեկտի պակաս ունեցող կանանց, ինձ համար տգիտությունը սարսափելի բան է:

- Ընդհանրապես համաշխարհային գրականության,  դրամատուրգիայի, քաղաքականության մեջ ո՞ր կնոջ կերպարն է Ձեզ ավելի հարազատ:

- Ինձ համար իդեալական, առեղծվածային, ուժեղ կնոջ կերպար է Մեծ Բրիտանիայի թագուհու կերպարը:

- Երբեւէ կնոջ վրա ձեռք բարձրացրե՞լ եք, ո՞ր դեպքում Ձեզ նման քայլ թույլ կտաք:

- Երբեւէ նման դեպք չի եղել, որ ինձ թույլ տամ ձեռք բարձրացնել կնոջ վրա:

- Ունե՞ք երջանկության Ձեր բանաձեւը:

- Առհասարակ երջանիկ լինելու համար պետք է ապրել, սիրել կյանքը, ամեն օր արթնանալիս շնորհակալություն հայտնել Աստծուն, որ մի այգաբաց եւս պարգեւեց մեզ: Իսկ իմ երջանկության բանաձեւը կինս ու երեխաներն են:

- Դուք Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:

- Այո՛, որովհետեւ ես ունեմ ամուր, կայացած ընտանիք, զբաղվում եմ իմ սիրած մասնագիտությամբ:

aram3- Ի՞նչ նվեր, անակնկալ եք սիրում մատուցել կանանց:

- Կարծում եմ, որ կնոջ համար ամենահետաքրքիր ու գրավիչ նվերը ծաղիկներն են, իսկ առհասարակ սիրում եմ կանանց տարբեր նվերներ մատուցել` սկսած օծանելիքից, մինչեւ բազմապիսի զարդեր: Կարծում եմ` տղամարդն այդ ձեւի մեջ կարող է տեսնել անակնկալը: Ընդհանրապես տարբեր մարդիկ տարբեր ձեւով են տեսնում անակնկալը` նավից մինչեւ դղյակներ, ադամանդներ եւ այլն: Ես կարեւորում եմ ուշադրությունը, սերը, վերաբերմունքը...

- Դուք սիրո՞ւմ եք ճաշ պատրաստել, եւ եթե այո, ապա ի՞նչ ճաշատեսակ: Ընդհանրապես ուտելը Ձեզ համար լո՞ւրջ հարց է, այսինքն` դրան մեծ տե՞ղ եք հատկացնում, մեծ դե՞ր եք տալիս:

- Ո՛չ, ճաշեր պատրաստել չեմ սիրում, բայց մեկ-մեկ առիթներ են լինում, երբ հետաքրքիր իմպրովիզացիաներ եմ անում, զանազան աղցաններ, խորտիկներ եմ պատրաստում: Դա էլ հիմնականում կախված է իմ տվյալ պահի տրամադրությունից:

- Ընդհանրապես տա՞նն եք ճաշում, թե՞ սիրում եք ռեստորան գնալ:

- Հաճույքով սիրում եմ ճաշել ե՛ւ տանը, ե՛ւ ռեստորանում: Կարեւոր չէ, թե ովքեր են պատրաստել, կամ` ինչ է սեղանին, կարեւորն այն է, թե ինչպես է պատրաստված, ինչ հոգով է պատրաստված:

- Գեղեցիկ կինը` ըստ Ձեզ...  

- Տգեղ կին չկա, տգեղ կին չի լինում, եւ կնոջ գեղեցկությունը նրան տեսնողի մեջ է, այսինքն` ինչպիսին է նա կնոջը տեսնում:

- Ո՞րն է Ձեր կյանքի գտնված երազը:

- Իմ կյանքի գտնված երազը իմ հրեշտակներն են, նրանք դարձել են իմ կյանքի իմաստը, ապրելակերպը:

- Կա տարածված կարծիք, որ տղամարդկանց սազում է դավաճանությունը, իսկ կանանց` ոչ...

-aram2 Այն, ինչ շատերը համարում են դավաճանություն, այսինքն` ֆիզիկական հաճույքը, ցանկությունը, որը կարող է լինել պահի, ակնթարթի ազդեցության տակ, ես դավաճանություն չեմ համարում. այդտեղ ես որեւէ լուրջ բան չեմ տեսնում: Դավաճանությունն այն է, երբ հոգեպես ես դավաճանում կնոջդ, երբ դավաճանում ես հայրենիքիդ, սկզբունքներիդ, գաղափարական ընկերներիդ, գործընկերներիդ... Իհարկե, կնոջ, հատկապես հայ կնոջ դեպքում այդ ամենը մի քիչ այլ կերպ է ընկալվում: Տղամարդը պետք է ավելի ազատ լինի, իսկ հայ կինը միշտ աչքի է ընկել իր առաքինությամբ, արժանապատվությամբ, ընտանիքին նվիրվածությամբ: Ցավոք, հիմա ինչ-ինչ պատճառներով կորցնում ենք կնոջ այդ կերպարը...

Վերջում պարոն Հովհանիսյանը հավելեց.

- Կինը թե՛ ընտանիքում, թե՛ աշխատավայրում, մի խոսքով` որտեղ ուզում է լինի, պետք է միշտ կարողանա աչքի ընկնել իր ճիշտ ընտրված պարֆիումի բուրմունքով, իր ճիշտ սանրվածքով, իր պարզությամբ, առանց չափից ավելի դիմահարդարման, իր ճաշակով, մոտեցմամբ, աշխարհայացքով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում