livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

amalyan1Ինչպես դեռահասն է անսահման հուզմունքով ու սրտի թրթիռով գնում իր առաջին ժամադրությանը, այնպես էլ ես գնացի այս հարցազրույցին... Ճանաչել նրա ՀՈԳՈՒ թեկուզ մեկ ՀՆՉՅՈՒՆԸ, ապրել նրա երգերով եւ չհուզվել, իրապես հնարավոր չէ... Զրուցակիցս Դավիթ Ամալյանն է:

«Կուզեի քամու պես վարսերդ շոյել,

Անձրեւի պես ջինջ դեմքդ լվանալ,

Արեւի նման փայլդ նշմարել

Ու գիշերվա պես երազդ դառնալ...»

                                           («Երազ» երգից)

«Ինչպես հորինեմ ուրախ մեղեդի,

Եթե իմ հոգում թախիծն է տիրում...»

 

                                («Հոգու հնչյուն» երգից)

-Նման երգերի, ապրումների համար առնվազն ամեն վայրկյան սիրահարված է պետք լինել, իրականու՞մ...

- Իրականում հոգիս մշտապես սիրահարված է...

- Ինչի՞ արդյունքում են ծնվում այս երգերը:

- Ապրելու եւ նրա ներսում ամփոփված բաղադրիչների...

- Դրանց ո՞րերոդ տոկոսն է կնոջը պատկանում:

- Թեմատիկ տոկոսների երգերս բաժանել չեմ կարող: Դրանք սիրո արդյունք են. մարդը սիրել կամ կարողանում է, կամ՝ ոչ: «Հայրենասեր», «ծնողասեր»...՝ նման բառեր ինձ համար գոյություն չունեն: Ուղղակի՝ սեր... Սիրել եթե գիտես, բնականաբար սիրում ես այն, ինչը սիրելի է եւ ենթագիտակցորեն սիրածդ երեւույթի պաշտպանը դառնում:

- Ինչպիսի՞ն է այսօրվա հայուհին:

- Ուզում եմ, որ նյութական արժեքները դադարեն չափանիշ լինելուց, ուզում եմ, որ որակով տղաների պահանջարկ լինի, ուզում եմ, որ կնոջ մարմին տեսնելու համար տղամարդն արժանանա, վաստակի այդ իրավունքը՝ նշված բոլորի կատարողը հայուհին է: Ցավոք, այստեղ շատ են բացթողումները, թերի է մտքի մշակույթը...

- Ինչպես Հենրիխ Հայնեն էր ասում. «Կինը միաժամանակ եւ խնձոր է, եւ օձ»:

- Ես կասեի՝ խնձորով օձ է: (Ծիծաղում է,- Է.Մ.)

- «Ա՜խ, կանայք, կանայք...»՝ որքա՞ն հաճախ են այս խոսքերը պոռթկում Ձեր շուրթերից:

- Անընդհատ... (Ծիծաղում է,- Է.Մ.): Կանանց մեջ ջերմությունն եմ սիրում, իսկ իսկական տղամարդը միշտ ունի այդ ջերմության կարիքը, քանզի նա շարունակում է միշտ երեխա լինել, երեխա, ով անընդհատ սիրելու եւ սիրվելու պահանջ ունի: Իսկապես, երանի այն տղամարդուն, որ անգամ 95 տարեկան հասակում երեխա է մահանում:

- Ինչպիսի՞ տղամարդու կողքին կինը կարող է սավառնելու զգացողությամբ համակվել:

- Ոչ մի բարդ փիլիսոփայություն այստեղ չեմ տեսնում. բոլոր փիլիսոփայություններն, ի վերջո, ամփոփվում են դրանք խորհրդանշական դարձնող մեկնաբանություններով:

Շիրազի խոսքերը մեջբերենք. «Մեր տան դրսի պատն է հայրս, մեր տան ներսի պատն է մայրս»: Եթե կյանքի դինամիկայում այս դերերն իսկապես ճիշտ են բաշխվում, ապա «տղամարդ կին»,«կանացի տղամարդ» տերմիններն ի հայտ չեն գալիս, եւ լիակատարության զգացողությունները սկսում են կառուցվել:

- «Տղամարդ-կին» տերմինով սահուն անցում կատարենք կանանց ծառայության թեմային, ի՞նչ կասեք Դուք՝ որպես ազատամարտիկ:

- Հայուհու համար ուժեղ կնոջ խորհրդանիշը մայրությունն է... Պատերազմի դաշտում կռված կանանց, բնավ, չեմ մեղադրում, բայց դա իմ պատկերացումներից դուրս է, ինչքան էլ հարգում եմ ծանրամարտի եւ նմանատիպ ոլորտների մեր սպորտսմենուհիներին, բայց ես չեմ կարողանում դա հասկանալ: Կինն առանց այն էլ իր մեջ երկրային հզոր ուժ ունի, միայն կենսաբանական այն երեւույթը, որ երեխան կրծքով է մեծանում, ամեն ինչ ասում է. այս գեղեցկությանը ոչինչ չի փոխարինի... Եվ մեկ նկատառում եւս՝ տղամարդու պաշտպանելու բնազդը գործում է, երբ կինը կանացի է, ուժեղ կնոջը ենթագիտակցորեն սկսում ես չպաշտպանել: Ինչքան էլ քիչ լինենք տղամարդիկս, ինչքան էլ, Աստված մի արասցե, դանակը ոսկորին հասնի, մարտի դաշտն ու բանակը կնոջինը չեն:

- Ո՞րն է ամուր ընտանիքի գաղտնիք-բանաձեւը:

- Իսկապես, կարեւոր է ամուր ընտանիք ունենալը. ընտանիքի միասնությունից ազգը ուժեղ է լինում, սա էլ ուժեղ պետություն է տալիս, ուժեղ պետությունից էլ թշնամին վախենում է:

Այդ գաղտնիքը կին-տղամարդ զույգի համատեղությունն է, որը սերն է որոշում...

- Խոհանոցային անցուդարձ...

- Մեր տանը հիմնականում Արմինեն՝ կինս է պատրաստում, բայց ես էլ պակաս վատ չեմ ստեղծագործում խոհանոցում: Երգերս չգիտեմ լավ են ստացվում, թե` ոչ, բայց լավ ճաշեր հորինում եմ: Ունեմ բաղադրատոմսեր որոնց ե՛ւ խոսքերի, ե՛ւ երաժշտության հեղինակը ես եմ (Ծիծաղում է,- Է.Մ.):

- Դավիթ Ամալյանն իր տղաների համար զգաստացնող հա՞յր է, թե՞ ընկեր:

- Ընկերը հենց զգաստացնող է: Երբեմն պոռթկուն բնավորություն ունեմ, բայց հիմնական հարցերում երկար զրուցում, հասկանում ենք իրար: Օրինակ, վերջերս տարաձայնություն եղավ. ավագ որդիս՝ Վարդանս, չէր ուզում դաշնամուրի գնալ: Իհարկե, չպարտադրեցի, երաժշտի տղան անպայման չէ, որ երաժիշտ դառնա (Ծիծաղում է,- Է.Մ.), չնայած, փոքրը՝ Արմանս, սիրով ջութակի է գնում եւ արդեն որոշ հաջողություներ էլ ունի:

amalyan- Ինչպիսի՞ ուղիղ համեմատականի մեջ են սերն ու խանդը:

- Իմ եւ կնոջս՝ Արմինեի, հարաբերություններն այնքան անկեղծ են, մտերմիկ ու ընկերական, որ խանդն ու կասկածը մեզ հետ ապրել չեն կարող: Ոչ մի լուրջ խնդիր, խոսակցություն, առավել եւս բաժանություն խանդի թեմայով լինել չի կարող: Նույնիսկ խնջույքի սեղան չեմ նստում նրանց հետ, ում չեմ հասկանում, ուր մնաց թե ապրեմ (Ծիծաղում է,- Է.Մ.): Ընտանեկան կյանքում ինձ համար ավանդույթներ չկան. ապրել մի մարդու հետ, ում հետ ձանձրանում ես՝ չի՛ կարելի...

- Կնոջ դավաճանություն...

- Փառք Աստծո, ինձ չի հանդիպել: Ռյազանովը նմանատիպ թեմայով ասել է. «Կնոջ վրա ընդհանրապես չի՛ կարելի ձեռք բարձրացնել, ո՛չ մի դեպքում: Կնոջը մեկ անգամ միայն կարելի է սպանել» (Ծիծաղում է,- Է.Մ.): Դավաճանության ավարտը տրամաբանորեն սա է... Իսկ, եթե խոսքը ամուսինների դավաճանության մասին չէ, միակ լուծումն անտեսելն է: Ինչպես քաղցկեղի բջիջներն են պայքարից սկսում ակտիվանալ, այնպես էլ` դավաճան մարդն է միջամտությունից գործող դառնում. լավագույն միջոցը արհամարհանքն է, չշփվելը. վատ երգիչը, եթե լսարան չունենա կլռի, քծնողը, եթե օբյեկտներ չգտնի, կհանդարտվի...

- «Կյանքս դատարկով լցված սրահ է...»: Եկե՛ք կահավորենք այդ սենյակը:

- Դատարկ անկյունները հիմնականում գինով են լցվում(Ծիծաղում է,- Է.Մ.)՝ իհարկե, հնարավորինս հեռու լինելով հարբեցողությունից: Չնայած «հարբած» բառի մեջ բանաստեղծություն կա... Հարբած Չարենցի մասին եմ լսել, հարբած Վազգեն Սարգսյանին ու Ռուբեն Հախվերդյանին եմ տեսել... Ու ինչպես մի անգամ Ռուբեն Հախվերդյանն ասաց. «Որ չխմեմ՝ չեմ սիրահարվի, չսիրահարվեմ՝ երգ չեմ գրի, երգ չգրեմ՝ համերգ չեմ տա, համերգ չտամ՝ փող չեմ աշխատի, փող չաշխատեմ՝ ընտանիքս ո՞նց պահեմ»: Կատակ, որի մեջ լրջություն կա: Բայց, եթե անդրադառնանք երգիս այդ տողերին, ասելիքս այլ մեկնաբանություն կստանա. երբ գրում ես հերթական ստեղծագործությունդ, թղթին հանձնում ողջ ասելիքդ, ներաշխարհդ, ասես, ամայությամբ է համակվում, դատարկով լցված սրահ դառնում կամ կենսաբանական լեզվով ասած՝ հետծննդաբերական վիճակ առաջանում (Ծիծաղում է,- Է.Մ.):

- «Ես ուզում եմ, որ ինձ նման էլ չսիրեր մեկը քեզ,

Բայց ասեին միաբերան, թե դու իրավ հրեշտակ ես,

Ես ուզում եմ, որ քո անմեղ սիրտը թնդար

                                                           ինձ համար

Ու հավիտյան վառվեր այնտեղ միայն

                                                սերս բոցավառ...»:

amalyan2Սա ուզում է Թումանյանը, իսկ ի՞նչ է ուզում Դավիթ Ամալյանը:

- Սեր, այնքա՜ն անսահման, որի ջերմությամբ անգամ հետմահու կարողանայի տաքանալ: Կուզեի ես գրած լինեի այդ խոսքերը, ու ինքս գովերգեի կնոջը սիրելու անսահմանության այդ զգացողությունը...

- «Սիրում եմ»՝ որքա՞ն հաճախ կարող եք կրկնել այս խոսքերը:

- Սիրո խոստովանության փոխարեն սիրել է պետք, այստեղ գործը խոսքից կարեւոր է: «Ես սիրում եմ», «ես կկռվեմ»՝ պատասխանատու բառեր են. ասելուց առաջ պետք է մտածել...

- Եթե կանանց համարենք ծաղիկներ, ապա ինչ-որ տարիքում նրանք պիտի խամրեն, թառամեն: Ըստ Ձեզ` ե՞րբ է գալիս այդ տարիքը, կամ գալիս է արդյո՞ք:

- Եթե մի ամբողջ կյանք միասին ապրելով՝ տղամարդը տեսել ու գնահատել է իր կնոջ գեղեցկությունը, ոչ մի տարիքում այն դադարել չի կարող. ծաղիկը թառամում է, կինը՝ ոչ: Ինքս էլ շատ տատիկների եմ տեսել, որոնց մեջ լի՜քը կյանք կա, լի՜քը կանացիություն, դրա համար եկեք կնոջ մասին խոսելիս «թառամել» բառը չօգտագործենք: Գեղեցկությունն ու ապրած ակնթարթները երբեք չեն կորչում. ամեն օրը, ամեն վայրկյանն ինչ-որ տեղ գրանցվում է, դրա համար է, որ 70 կամ 85 տարեկան կնոջ աչքերն ինքնին հետաքրքիր են, ասելիք ունեն...

- Կինը ներկայանալի է, երբ...

- Կնոջը բնորոշումներ ու ածականներ տալ չեմ սիրում, կինը ներկայանալի է հենց ինքն իրենով` առանց ավելորդ պճնանքի ու կոսմետիկ միջամտությունների: Հողոտ ձնծաղիկին զարդարված փնջերը երբեք չեն հասնի: Կնոջը ես փթթուն վիճակում եմ սիրում՝ քնից արթնացած բնականությամբ:

- «Քիչ խոսելը կնոջ միակ առաքինությունն է»՝ ասվում է «Վերոնացի 2 ազնվականները» աշխատությունում: Ինքներդ եղե՞լ եք երբեւէ կանացի շատախոսության «զոհ»:

- Շատախոսությունն, առհասարակ, մարդ կոչվածի համար է կործանարար, ոչ միայն կնոջ, իհարկե, եթե այդ շատախոսությունն ասելիք չունի: Մի երաժիշտ ընկեր ունեմ` Պետո անունով, չափազանց շատախոս է, եւ երբ մի անգամ նրա դուռը թակում են աղանդավորները, շատախոսության ռեկորդ սահմանելով՝ Պետոն կարողանում է նրանցից մեկին դարձի բերել (Ծիծաղում է,- Է.Մ.):

- Հաճոյախոսություններն ու Դավիթ Ամալյանը:

- Հաճոյախոսություններն էլ սիրո պճնանք են, իսկ սերը պճնանքի կարիք չունի...

- Թե չլինեն կինն ու գինին...

- Եկեք այս հարցին անեկդոտով պատասխանեմ.

Կինը տագնապահար դիմում է ոստիկանություն.

- Ամուսինս կորել է, խնդրում եմ, գտեք նրան: Արդեն մի քանի ժամ է՝ ուշանում է:

- Հանգստացեք, տիկի՛ն, ես էլ կարծեցի արդեն օրեր են անցել, ինչ կորել է: Կգա, մի՛ անհանգստացեք:

- Պարո՛ն ոստիկան, գտե՛ք նրան, նա երբեք չի ուշանում:

- Տիկի՛ն, միգուցե ինչ որ տեղ խմու՞մ է:

- Ո՛չ, ո՛չ, նա ոչ խմում է, ոչ էլ` ծխում: Անհանգիստ եմ շատ: Գտե՛ք ամուսնուս:

- Ախր, տիկի՛ն ջան, դեռ մի քանի ժամ է ուշացել, ու՞ր պիտի կորչի: Միգուցե ինչ-որ այլ կնո՞ջ հետ է:

- Ո՛չ, հնարավոր չէ, բացառվում է:

- Դե, համբերեք, համբերեք, ուրեմն ժամը 6-ին նախիրի հետ տուն կգա,-ասում է ոստիկանը:

Երանի զրույցի հետ մեկտեղ կարողանայի փոխանցել նաեւ այն հնչյունները, որոնք ունկնդրեցի Դավիթի աշխատասենյակում...

Հարցազրույցը՝ ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում