livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

xcik3Լուսանկարիչ ՎԱՀՐԱՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, որը հասուն տարիքում գեղեցիկը գնահատելով` մի կողմ դրեց տասը տարվա իրավաբանի փորձառությունը եւ սկսեց զբաղվել լուսանկարչությամբ, իրեն այլեւս չի պատկերացնում առանց ֆոտոխցիկի, քանի որ ըստ նրա` լուսանկարչությունն իր առօրյան է:

- Ի՞նչ եք կարծում, լուսանկարչական արվեստը կարելի՞ է համարել լիարժեք արվեստի ուղղություն:

- Լուսանկարչությամբ զբաղվելու այս կարճ ժամանակահատվածում անընդհատ այս հարցն եմ լսում, որը միշտ քննարկումների` ընդհուպ մինչեւ վիճաբանությունների առիթ է հանդիսանում: Միանգամից ասեմ, որ սխալ եմ համարում, երբ զուգահեռներ կամ համեմատականներ են փորձում անցկացնել լուսանկարչության եւ արվեստի տարբեր ուղղությունների հետ: Ձեռնպահ մնալով կտրուկ պատասխանել հարցին` այո կամ ոչ, կփորձեմ ներկայացնել իմ տեսակետը: Իհարկե, շատ բան կախված է յուրաքանչյուր անհատից, ում մոտ որ ստացվում է ստեղծագործության մեջ հոգի դնել, անել սիրով եւ լիցքավորել էներգիայով, ապա, կարծում եմ, արդյունքն ակնհայտ կլինի, հակառակ դեպքում արվեստը վեր է ածվում հասարակ արհեստի:

- Լավ լուսանկար ստանալու համար անհրաժեշտ է ունենալ լավ մոդե՞լ, թե՞ լուսանկարի հաջողությունը ավելի շատ կախված է լուսանկարչի հմտությունից:

xcik2- Անշուշտ, փորձառու մոդելի հետ աշխատելը բավականին թեթեւացնում է լուսանկարչի աշխատանքը: Սակայն, կարծում եմ, որ այստեղ ավելի մեծ դեր պետք է ունենա լուսանկարիչը: Շատ կարեւոր է լուսանկարչի եւ մոդելի միջեւ կոնտակտը, այս առումով կարծում եմ, որ լուսանկարիչը նաեւ պետք է հոգեբան լինի, քանի որ պետք է կարողանա ցրել առկա լարվածությունը, ստեղծել ուրախ եւ անկաշկանդ մթնոլորտ, ինչը շատ կարեւոր է հաջողված եւ բնական լուսանկարներ ստանալու համար: Շատ հետաքրքիր է աշխատել երեխաների հետ, քանի որ նրանք անկեղծ են, անմիջական, անկանխատեսելի, դեռեւս չեն թաթախվել մարդկային բազմաթիվ մեղքերի մեջ, եւ այդ ամենը արտացոլվում է նրանց հրաշալի եւ խոշոր աչքերում: Ինչ վերաբերում է հաջողված լուսանկարին` մանավանդ դիմանկարին, որին ես վերջին ամիսներին նախապատվություն եմ տալիս, ապա, կարծում եմ, որ եթե լուսանկարիչը կարողանա որսալ այն պահը, երբ մոդելը գեթ մի պահ դեն է նետում այն դիմակը, որը կրում ենք մենք բոլորս` թաքցնելու մեր ամենանվիրականը, ապա, կարծում եմ, որ լուսանկարը կարելի է հաջողված համարել:

- Ասում են` կանայք եւ աղջիկները  ավելի շատ ոգեւորությամբ են լուսանկարվում, ի՞նչ եք կարծում, ինչի՞ հետ է դա կապված:

- Արտառոց ոչինչ չեմ տեսնում, բնական է, քանի որ կանայք եւ աղջիկները ավելի շատ են հոգ տանում իրենց արտաքինի մասին եւ սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Իսկ հաջողված լուսանկարը նրանց, թերեւս, ինքնավստահություն է տալիս եւ, իհարկե, բազմաթիվ գովասանքի խոսքեր, որոնք, անկասկած, ականջ են շոյում:

- Կա՞ն հատուկ հնարքներ լուսանկարում գեղեցիկ երեւալու համար:

- Ցանկացած անձնավորություն հետաքրքիր է յուրովի, որը կարող է արտահայտվել նայվածքով, ինչ-որ պատահական ժեստով, աչքերի արտաքին հմայքով, դիմախաղով ու այլ ձեւերով, որը հիմնականում, չգիտես ինչու, թաքցնում է: Պետք է կարողանալ վեր հանել եւ որսալ պահը: Գաղտնիքներ չգիտեմ, ավելի շատ հմտություններ, որոնց պետք է տիրապետի լուսանկարիչը, իսկ լուսանկարվողից ակընկալվում է անկաշկանդ ու բնական պահվածք, լուսանկարչի հանդեպ վստահություն եւ իհարկե, ամենակարեւորը` երկուսի մոտ լավ տրամադրության առկայություն:

- Լուսանկարում ի՞նչն է Ձեզ համար առաջնային` լուսանկարի բովանդակությունը, տեխնիկական պրոֆեսիոնալ կողմերը, թե՞ մեկ այլ բան:

- Որոշ լուսանկարիչների հայտնի աշխատանքներ մեզ վրա նույն տպավորությունն են թողնում, ինչպես կթողնեն երգը, սիմֆոնիան, նովելը կամ կարճ պատմվածքը: Իմ կարծիքով` լուսանկարը պետք է ազդեցություն թողնի, իր մեջ հաղորդագրություն պարունակի` երբեմն նաեւ ուսուցողական, դրան գումարած տեխնիկապես գրագետ եւ գեղագիտորեն ճիշտ պետք է լինի: Կարծում եմ` այս ամբողջությունն է լավ լուսանկար ստեղծելու գրավականը:

xcik1- Վահրամ, երբեւիցե ցանկություն չեք ունեցե՞լ լուսանկարչական խցիկը մի կողմ «նետել» եւ սկսել նկարել կտավի վրա:

- Այսօր արդեն ես ինձ չեմ պատկերացնում առանց լուսանկարչության եւ առանց ֆոտոխցիկի, որն, իմիջիայլոց, միշտ ինձ հետ է: Դրա համար ես թողեցի իմ առաջին մասնագիտությունը եւ մոտ 10 տարվա իրավաբանի աշխատանքը: Լուսանկարչությունը իմ առօրյան է, ապրելաձեւը, եւ եթե անցնում է մեկ օր, որ ես ինչ-որ նոր բան չեմ սովորում, չեմ լուսանկարում, կամ գոնե լուսանկարներ չեմ նայում, այդ օրն ինձ համար մի տեսակ թերի է թվում: Կտավի վրա դեռեւս չեմ պատրաստվում նկարել, քանի որ առայժմ նախադրյալներ կամ մղում չունեմ, իսկ լինելու դեպքում էլ` կարծում եմ, մեկը մյուսին անկասկած չեն խանգարի, այլ ընդհակառակը` կլրացնեն եւ խցիկը մի կողմ «նետելու» կարիք հաստատ չի լինի:

- Կա՞ մեկը, ում մեծ ցանկություն ունեք լուսանկարելու:

- Բավականին մտահղացումներ ունեմ, որոնց իրագործման համար, թերեւս, մի քիչ համարձակություն եւ փորձի պակասը զգացնել են տալիս, քանի որ դեռ նոր է երրորդ տարին լրանում, ինչ զբաղվում եմ լուսանկարչությամբ: Ինչ-որ մեկին այդպես մեծ ցանկություն դեռեւս չի առաջացել լուսանկարելու, իմ ապագա ծրագրերում նախատեսում եմ թեմատիկ լուսանկարների շարք, որոնք ենթադրում են մի շարք մարդկանց դիմանկարներ:

- Երբեմն մեկ լուսանկարը շատ ավելի խոսուն է լինում, քան` բազմաթիվ խոսքեր, նույնիսկ լուսանկարը կարող է վտանգավոր զենք դառնալ մեր օրերում:

- Անշուշտ, համաձայն եմ, մեկ լուսանկարը շատ ավելի խոսուն կարող է լինել, եթե հարցը դիտարկենք ֆոտոլրագրության` բավականին բարդ ժանրի xcikտեսանկյունից, որն, իհարկե, չի սահմանափակվում վթարների լուսանկարներով: Շատ հայտնի լուսանկարիչներ մեկ լուսանկարով կարողացել են պատկերել պատերազմի եւ բնության արհավիրքների ողջ սարսափները, այդ սարսափի մեջ մարդկային բարության հազվագույտ տեսարաններ, կամ բնության հմայքներ, որոնք, իհարկե, խոսքերով նկարագրելը շատ դժվար է: Ինչ վերաբերում է լուսանկարի վտանգավոր լինելուն, եթե նայենք այն տեսանկյունից, որ լուսանկարը հանդիսանում է ինֆորմացիա կրող, ապա ինչպես ցանկացած ինֆորմացիա, հնարավոր է վերջինիս մանիպուլիացիաների ենթարկել, այսինքն` լուսանկարի օգտագործումը` ոչ տեղին կամ նպատակային, չափից ավելի շատ: Եթե անդրադառնանք դաժան եւ պոռնոգրաֆիկ տեսարաններ պարունակող լուսանկարներին, ապա, անխոս, նրանք կունենան իրենց նեգատիվ ազդեցությունը: Եվ չմոռանանք, որ ցանկացած գործիք բարու ձեռքին կսերմանի բարին ու լավը եւ ընդհակառակը` չարի ձեռքին` բացասականը եւ վատը:

 - Եվ վերջին հարցը, ի՞նչ եք կարծում գերադասելի է բնական լուսանկարները, թե միեւնույն է մի փոքր ֆոտոշոփի կարիք բոլորն էլ ունեն:

- Կարծիք կա, որ լուսանկարների մշակումը սպանում է լուսանկարչությունը, քանի որ հաճախ լուսանկարը մշակելուց հետո սկզբնական տարբերակից համարյա ոչինչ չի մնում: Այսօրվա տեխնիկական հնարավորությունների պայմաններում եւ իհարկե, մրցունակ լինելու համար, կարծում եմ, որ անհրաժեշտ է լուսանկարի մշակումը: Սակայն, այստեղ շատ կարեւոր է չկորցնել չափի զգացողությունը: Ինքս գերադասում եմ բնական, քիչ շտկված լուսանկարները, քանի որ միայն հիացմունքով կարող ես դիտել 20-րդ դարի մեծագույն դիմանկարի վարպետ, հայկական արմատներով Յուսուֆ Քարշի, 1900-ականնների` տեխնիկական քիչ հնարավորություններով ստեղծված աշխարահռչակ դիմանկարները:

Զրույցը` ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում