livemarks sitemap
Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2019

menԴերասան, գրող ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ընդհանրապես հայ կանանց հանդեպ խիստ է ու պահանջկոտ: Ըստ նրա հայ կնոջ ավանդական կերպարը քիչ-քիչ կորցնում է իր դիմագիծը: Դերասանը իր ընտանիքում հարցեր լուծելիս ձեռքը սեղանին չի խփում ու «Ախ, կանա՜յք, կանա՜յք» բացականչում է ամեն քայլափոխի:

- Գնել, կնոջ դերը հայ ընտանիքում ինչպիսի՞ն պիտի լինի:

- Ինձ թվում է հայ կանայք Հայոց պատմությունից շատ են կաղում: Պիտի տեղեկացված լինեն, թե ով է հայ կինը հայկական ընտանիքում, որպեսզի հասկանան ժամանակակցի ու ավանդականի սահմանգիծը: Ես ոչ մի կնոջ հայ չեմ անվանի, եթե նա ամբողջապես ժամանակակից է ու չի հարգում իր ավանդական կերպարը, իր մեջ ավանդական ոչ մի մասնիկ չունի: Եթե ես մեկի տուն եմ գնում ու տեսնում, որ կինը իշխող դերում է երկրորդ անգամ էլ չեմ կարողանում այդ տուն մտնել: Կամ, եթե ամուսնու հետ խոսում ես կինը կողքից խառնվում է խոսակցությանը, ես էլ չեմ կարողանում խոսել եւ սկսում եմ չհասկանալ այդ տղամարդուն:

- Այսինքն` դժվար է Ձեր կնոջ համար:

- Ոչ, գիտեք իմ կինն իմ ստրուկը չէ, համաձայն եմ իմ բնավորության գծերի համար դժվար է ինձ հետ, բայց ամեն դեպքում ես արվեստի մարդ եմ ու կինս` լեզուներ մասնագետ է: Մենք ինչի մասինmen2 ասես կարող ենք խոսել, բայց նա լավ գիտի, որ իմ կինն է, հետո նոր ես իր ամուսինը: Այո, հայ տղամարդիկ իրենց կնոջ հանդեպ սեփականության զգացողություն ունեն, դա շատ լավ է: Իսկ այն երկրներում, որ այդպես չէ հենց նրանք որոշեցին մեր երկրում քանդել հայ ընտանիքը, իրենք կոչվում են զարգացած երկիր եւ իրենց ձեռք չի տալիս, որ մի փոքրիկ երկրում ընտանիքում կայունություն կա ինչը եւ հզորացնում է երկիրը: Մեր կանայք էլ կարծես ուզում են իրար խառնվել: Վերջերս շատ եմ լսում կանանց իրավունքներ, չգիտեմ ինչ, մեր կանայք էլ հավատում են, որ իրենք բռնազավթված են, բռնապետական երկրում են: Հայ կնոջը երբեք հայ տղամարդը չի բռնացել, եւ հետո, պետք է շատ զգույշ լինել բառերի ընտրության մեջ, ինչ է նշանակում բռնանալ: Հայ կնոջը բռնացել են շատ մուսուլմանական երկրներում, Հայաստանում իր ողջ պատմության մեջ հայ կնոջ հանդեպ ամուսինը չի բռնացել: Իսկ առանձին երեւույթներ ցանկացած երկրում էլ կա: Միայն Հայաստանում է եղել, որ կինն իր դեմքը բաց է ման եկել, որ կինն ամբողջովին ոսկով ու արծաթով զարդարված է եղել, որ երկրի համար շատ օրհասական ժամանակ սրով կանգնել է ամուսնու կողքին, ու հայ տղամարդը չի ասել, գնա տուն, այլ` արի իրար հետ գնանք մեռնենք, աշխարհի հերն էլ անիծած, որովհետեւ հայ տղամարդուն պետք չի եղել, որ իր մեռնելուց հետո կինը մնա, այդ էգոիզմը լավ է անդրադարձել կանանց վրա:

- Կին-տղամարդ հավասարություն է քարոզվում այսօր:

- Ի՞նչ հավասարության մասին է խոսքը: Մենք Քրիստոնյա ազգ ենք ու ուզենք թե ոչ պիտի հավատանք ինչ-որ սկզբնաղբյուրի: Աստված ստեղծեց տղամարդուն, հետո` կնոջը, տեսեք չի ասվում մի հատ էլ տղամարդ, այսինքն` ստացվեց, որ տղամարդն ուրիշ է, կինն ուրիշ: Երբեք երկուսն էլ հավասար չեն կարող լինել ու երբեք չպիտի փորձեն նմանվել, դրանով էլ հենց երկուսի միացումը լինում է ներդաշնակ: Իրավունքներ... ինձ կասե՞ք տղամարդու եւ կնոջ իրավուքները որտե՞ղ են սկսվում եւ ավարտվում:

- Գնել, Ձեր ընտանիքում հարցերը լուծվում են միասին ընդհանուր հայտարարի գալուց հետո՞, թե՞ հայկական ավանդական ձեւով` ձեռքը սեղանին խփելով:

- Ձեռքը սեղանին խփելով չէ, բայց իմ ընտանիքում ես եմ որոշում:

- Այսինքն` վերջին խոսքը Ձերն է:

- Կնոջս հետ քննարկում ենք խնդիրներ, թեմաներ.. Ես կնոջս չեմ գողացել, բերել մեր տուն, որ իր վրա բռնանում: Կինս գիտի իմ բնավորությունը, ամուսնանալուց առաջ 5 տարի ընկերություն ենք արել: Նա շատ լավ գիտեր, որ ամուսնանալուց հետո ես փոխվող պտուղը չեմ: Ես ասացի, առաջարկում եմ ամուսնանալ, ես այսպես եմ լինելու, եթե չես ուզում, գնա: Այնպես չէր, որ իր գնալն ինձ վրա չէր ազդելու, բայց ես չպիտի փոխվեի, որովհետեւ հայկական ավանդական ընտանիքում ծնված, դաստիարակված, իմ արմատները հարգող մարդ եմ: Մշեցի ենք` պաշտում եմ իմ ապուպապերին ու իմ ծոռներին, որովհետեւ իրենք այդ գերդաստանի սերունդներն են: Ես ամեն բան անում եմ, որ տղաս հայ տղամարդ մեծանա: Իմ երեխան քնում է հայկական օրորոցային երաժշտության տակ, այն երգերի, որոնք կորել են արդեն: Կինս է այդ երգերը հայթայթում ու գտնում:

- Իսկ հարս-սկեսուր հարաբերություններն ինչպե՞ս են Ձեր տանը:

- Ծնողներս արտասահմանում են ապրում: Ես կնոջս ասել եմ, հայրս երբ մտել է տուն նստած տեղից զգաստացել եմ, ձգվել ու դրա համար ոչ ոք ինձ չի կարող ասել, որ թույլ մարդ եմ, ուրեմն սիրելի կին, երբ նստած կլինես ու հայրս ներս կմտնի կզգաստանաս, որովհետեւ ես քո ծնողին հարգում եմ: Իրոք, կնոջս ծնողներին շատ եմ հարգում ու իր հոր մոտ էլ զգաստ եմ նստում, իրենց հետ խոսելիս վերջին խոսքն իրենց եմ թողնում, անկախ նրանից ես եմ ճիշտ, թե` ոչ: Այդպես է, նա ծնող է ու հայ մարդ, պիտի հարգել սովորենք: Նույնն էլ կանայք` սկեսուրդ սխալ է, ոչինչ, չկախեցին քեզ դրա համար:

- Սովորաբար զոքանչ-փեսա հարաբերությունները լարված են լինում:

- Ընդհակառակը` հարս ու սկեսուր հարաբերություններն են լարված լինում: Զոքանչ-փեսա հարաբերությունները միշտ հումորով լի է լինում, ինչը չես ասի սկեսուր ու հարս հարաբերությունների մասին: Ուրախ եմ, որ ունեմ կնոջս նման կին ու ծնողներիս նման ծնողներ: Կինս ու ծնողներս իրար չեն տեսել, արդեն 7 տարի է ամուսնացած ենք ու նրանք տեսազանգով են շփվում, բայց շփման մեջ տեսնում ես ինչքան հաճելի է, իրար լսում, հասկանում ու հարգում են, հետաքրքրվում են միմյանցով: Պետք չէ ավելորդ լարվածություններ մտցնել:

- Այսօր կանայք «գրավել» են բոլոր բնագավառները:

- Կինը չպիտի զբաղվի քաղաքականությամբ, ես դա չեմ ընդունում: Ոչ թե համարում եմ, որ քաղաքականությունը կարեւոր աշխատանք է ու իրենք էլ այդքան խելք չունեն, ուղղակի կնոջը չի սազում: Ես պաշտում եմ հայ կնոջը: Հիշո՞ւմ եք 1988-90-ականներին, երբ տղամարդու գործը կռվելն էր` հայրենիք պաշտպանելը, ու այս ու այն կողմ ուտելիք, վառելափայտ ճարելն էր ընտանիքի համար, այդ ժամանակ հայ կինը կանգնած էր ամուսնու մեջքին: Հիմա ես չեմ աշխատում ու մեր տան գումար բերողը կինս է, բայց ամեն ինչ այնքան կոկիկ է արվում... կինը պիտի սահմանագիծը հասկանա, որովեհետեւ այդ ժամանակ տղամարդուն այնքան հեշտ է վիրավորելը, մի ժեստով, ճաշ դնել կամ չդնելով...

men1

- Վերջին շրջանում հայ կնոջ կերպարը խեղաթյուրվում է, դրսից ֆինանսավորվող կազմակերպություններ սովորեցնում են հայ աղջիկներին, թե ինչո՞ւ պիտի մի բաժակ ջուր կամ սուրճ տաս ամուսնուդ:

- Դա գալիս է չիմացությունից: Եթե հայ կինն իմանա Հայոց պատմություն, կուլ չի գնա նման բաներին: Բա ի՞նչ պիտի անի, որ սուրճ չդնի ամուսնուն: Մանիպուլյացիայի են մեզ ենթարկում: Գերդաստաններով ընտանիքից դարձրեցին փոքր ընտանիք, հիմա էլ 2 հոգի են, ուզում են դա էլ առանձնացնել: Եղել է դեպքեր, որ կինս տանը ինքս ուզել ինձ սուրճ եմ դրել, ճաշ էլ եմ պատրաստել, տուն էլ եմ մաքրել, բայց, հանկարծ, իմ կինն ասի ուզում ես սուրճ ինքդ դիր... չէ՜, իմ կինը լավ կին է, նման բան չի ասի(ծիծաղում է,- Լ.Ե.):

- Իսկ երբ տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա՞:

- Կին ծեծելը «ղզիկություն» է, բայց, եկեք ուրիշ տեսանկյունից նայենք, եթե այդ կանայք սովոր են ռեժիմով ծեծ ուտելու, ուրեմն` դա յուրատեսակ ընտանիքի ամրացման տեսակ է: Ինչպես ընկերները, մինչեւ մի լավ չկռվեն իրար հետ նորմալ ընկերություն չեն անի: Հայրս ասում էր, երբ կին ես բերում տուն մի հատ պիտի «բերանին» տաս, եթե փախավ դեպի դռան կողմ, պիտի թողնես գնա, եթե դեպի սենյակ ու անկյունում թաքնվեց, ուրեմն` որքան կարող ես այդ կնոջը լավ պահի: Իհարկե, այնպես չէ, որ հայրս մորս տուն է բերել ու քացու տակ է գցել... Չեմ պատկերացնում ինչո՞ւ պիտի ծեծեմ կնոջս, սա էլ եղավ այն անեկդոտը, որ մեկը կնոջը ծեծում է, ասում են ի՞նչ է արել, որ ծեծում ես, ասում է, որ բան արած լիներ կսպանեի...

- Բայց սերիալներում հաճախ է պատահում, որ կանանց վրա ձեռք են բարձրացնում:

- Ընդհակառակը, սերիալներում, ֆիլմերում ու հաղորդումներում ամեն ինչ արված է, որ կինը պիտի լինի անբարոյական, ինչպես ուզի «ֆռֆռա», գա ամուսնուն էլ հրամայի եւ այնպես է ներկայացվում, որ դա լավ է ու ճիշտ: Իսկ հայ տղամարդն էլ պիտի ամեն օր իր կնոջը ծաղիկներ բերի, երկնքից աստղեր իջեցնի ու հպարտ լինի, որ նման կին ունի: Հայ տղամարդը կյանքում իր կնոջը չի նվաստացնի, ուրիշ բան, երբ կինն է իրեն նվաստացած զգում: Իսկ երբ կինն է որոշում իր ամուսնուն նվաստացնի՞... Ի՞նչէ, սեփականատե՞ր են ուզում դառնալ մեր կանայք:

- Եղե՞լ են դեպքեր, որ բացականչեք. Ա՜խ, կանա՜յք, կանա՜յք...

- Ամեն քայլափոխի, ա՜խ, կանա՜յք, կանա՜յք... Կանայք մեծ գաղտնիք են չես հասկանում իրենց, ամենահետաքրքիրն այն է, որ իրենք էլ չեն հասկանում իրենց: Հաճախ ասում եմ, կինը բուսակենդանական օրգանիզմ է, կարող է վարդի նման բուրավետ լինել ու ծակել, գայլի նման հոշոտել քեզ ու կատվի նման քսմսվել... Վայրկենական կարող է փոփոխվել, ցանկացած քամելյոն կերազի, բայց այդ փոխվելը ոչ թե խորամանկություն է, այլ ուղղակի այդպես ցանկացավ:

- Ըստ Ձեզ, ի՞նչ են ուզում կանայք:

- Ես ինչ գիտեմ թե ինչ են ուզում... Կանայք երեւակայում են, որ ամեն ինչ շատ լավ է ու ամուսինը ամբողջ օրը կարող էր իրենց կողքին լիներ, սիրեր, գուրգուրեր, նվերներով շրջապատեր, բայց չի անում: Կանայք թող ոչ թե երազեն դրա մասին, այլ նրա, որ իրականում ամեն ինչ լավ լինի, որ իր ամուսինն էլ կարողանա այդքան բանն անել իրենց համար եւ հավատացեք, կանի:

- Իսկ տղամարդի՞կ ինչ են ուզում կանանցից:

- Ուզում են, որ հայ կանայք իրենց դեմքը չկորցնեն, որովհետեւ նրանք աշխարհի կանանց մեջ ծաղիկ են: Աշխարհում չկա մի ուրիշ կին, որ կարողանա հայ կնոջ հետ հավասար լինել, պարզապես նա չի դիմանա: Այնպիսի համեղ տոլմա կպատրաստի, որ կուշաթափվեն, կամ էլ, որ տեսնեն թե ինչպես է հայ կինը մի ձեռքով ավել անում, մյուս ձեռքով` տան փոշիները սրբում, մյուս կողմից` գոռում երեխայի վրա, թե խելոք մնա, մյուս կողմից` ամուսնու հետեւից հասցնում ամեն ինչ, դրանից հետո էլ շուկա գնում: Մի անգամ Յուրի Վարդանյանին հարցնում են, թե ո՞վ է աշխարհի ամենուժեղ ծանրամարտիկը, ասում է շուկայից վերադարձող հայ կինը: Ինչպես է այդ ամենը շուկայից բերում, տեղավորում եւ կարեւորը, որ այդ ամենն անում է սիրով: Այ, այստեղ հպարտանում ես: Բայց, ափսոս, այսօր շատ է աղավաղվել այդ կերպարը:

- Դուք գիտե՞ք, թե կնոջը երջանիկ լինելու համար ինչ է պետք:

- Կինն ուզում է իր ամուսնու համար առաջին պլանում, ուշադրության կենտրոնում լինել:

- Հայ աղջիկների մեջ ի՞նչն է Ձեզ նյարդայնացնում:men4

- Ինչպես ուզում է հագնվի, ինձ համար ամենակարեւորը աղջկա խոսքն է: Գժվում եմ, երբ տեսնում եմ մի գեղեցիկ աղջիկ, որը ասում է. «Տո, լա՜վ է...»: Այդ աղջկն ինչ ուզում է անի, ինձ համար փուչիկ է արդեն: Հայ կնոջ խոսքը պետք է գեղեցիկ լինի, նուրբ, հատկապես, որ մեր լեզուն դրա հնարավորությունը տալիս է: Մեր լեզուն երգեցիկ է, մենակ թե գեղեցիկ ու հայերեն խոսեն: Չեմ ասում չափից դուրս կիրթ, բայց, գրագետ:

- Ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց:

- Հայ կնոջն այսօր շատ է պետք մարմնամարզություն ու ընթերցանություն: Մարզվեն, ոչ թե նիհարելու համար, մեր հայ կանայք շատ են սկսել նստակյաց ապրել: Հենց դրանից էլ առաջանում են շատ հիվանդություններ: Հայ կանայք պիտի միշտ բերրի լինեն, երեխա ունենան, իսկ դրա համար պիտի առողջ լինեն: Իսկ ընթերցելն էլ նրա համար է անհրաժեշտ, քանի որ հայ կինն ավելի շատ է զբաղվում երեխաների հետ:

- Ասում են` կնոջ մազը երկար է, խելքը` կարճ:

- Երեւի դրա համար են կանայք ավելի զգացմունքային, մազերը երեւի ալեհավաքի դեր են կատարում ու տիեզերքից ինչ-որ ինֆորմացիաներ է գալիս, իրենք էլ առանց մտածելու խոսում են:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում