livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

vig2

Երկար տարիներ Համազգային պետական թատրոնի խաղացանկում ընդգրկված «Ա՜խ, կանայք, կանայք» ներկայացման բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ այս անգամ «Զարուհու» «Ախ, կանայք, կանայք» խորագրի հյուրն է, որտեղ եւս մեծարում է կանանց:

«ԿԻՆՆ Է ԸՆՏԱՆԻՔՆ ԸՆՏԱՆԻՔ ԴԱՐՁՆՈՒՄ»

- Եթե տղամարդն ունակ չէ կին մեծարել` նա արդեն տղամարդ չէ: Տղամարդն իր կնոջ մեջ է տեսնում իր տղամարդ լինելը, պատասխանատվության զգացումը, ընտանիքի անհոգ կյանքն ապահովելը եւ շատ այլ հարցեր: Ծնվելուց հետո առաջին մարդը, ում հանդիպում ես` մայրն է: Ինչո՞ւ ենք ասում մայր Հայաստան ու ոչ ոքի մտքով հայր Հայաստան չի անցնում: Կինն է ընտանիքն ընտանիք դարձնում: Սուտ է, ոչ մի տղամարդ դա չի կարող անել: Հա, թող նա միլիոններ բերի տուն, պատերին դոլարներ շարի, միեւնույն է` ընտանիքի շնորհքը կնոջն է, երեխան դաստիարակված է, ուրեմն` մոր շնորհքն է` միանշանակ:

- Այսօր շատ են ասում, որ կնոջ դերն աղավաղված է:

- Ռեժիսուրայում կա մի շատ կարեւոր տերմին` պատճառ, եթե ես մտա բեմ ու ապտակեցի ինչ-որ մեկին, ուրեմն ունեմ դրա պատճառը: Ամեն ինչ ունի պատճառ, եթե կինն այսօր դառնում է բիզնես լեդի, ուրեմն` նա ունի պատճառ: Եթե կինը չի ամուսնանում, բայց կես տարին մեկ փոխում է իր ընկերոջը, ուրեմն ունի իր պատճառը: Չգիտես ինչու, ասում ենք, որ հայ կինը չպիտի... ինչո՞ւ, ռուս կինը կամ ֆրանսիացին կին չէ՞: Կինը մնում է կին, հայ կնոջ կերպարն ունի ազգային, մեր պապերից, ավանդույթներից եկած երանգները, բայց մարդը մնում է մարդ: Եթե ամուսինն օրը մեջ տուն է գալիս գինովցած եւ բազմոցին պառկելուց ու հեռուստացույց նայելուց բացի ուրիշ ոչինչ չի անում, կինը նույնիսկ չհասկանալով, իր մեջ ծնում է պատճառներ` փող աշխատելու, գուցեեւ սիրեկան ունենալու: Նա արդեն տղային դաստիարակելիս կամա, թե ակամա կասի` հանկարծ պապայիդ նման չլինես, ուրեմն` այնտեղ տղամարդ չկա: Իսկ, եթե կինը վստահ է, որ տղամարդը մեջքին կանգնած է, ընդ որում բոլոր հարցերով`առավոտից մինչեւ ուշ գիշեր, որովհետեւ ամուսնու պարտականութուններն էլ մտնում են տղամարդ լինելու մեջ, այլ ոչ թե ամիսը մեկ հիշելու ու հետո ասելու. «Հա, լավ, հավես չկա...»: Դա էլ է կարեւոր, եթե կնոջը կարոտ ես թողնում քո սիրուն, նա ստիպված փնտրում է այն ուրիշ տեղ:

vig3- Հաճախ են ասում, թե կանայք ի՞նչ են ուզում տղամարդկանցից եւ հակառակը:

- Ենթադրում եմ, որ կինն ի սկզբանե ուզում է ամեն ինչ, բայց տղամարդը, եթե խելացի է, շատ աննկատ, ոչ ուղղակի ձեւով, անում է այնպես, որ կինը ցանկանա, այն, ինչ նա կարող է տալ: Եթե իմ հոգը չէ, թե ի՞նչ է ուզում կինս, ապա վաղը կուզի «Մերսեդես» ավտոմեքենա, որ համ ճաշ եփի, լվացք անի, մեկ-մեկ էլ, երբ ամուսինը տանը չէ, չգիտեմ էլ ինչ էլ անի: Ես ունեմ երկու հարկանի տուն, հարեւանուհիս` 4, բայց չէ, ես էլ եմ ուզում ունենալ: Ցանկանալը, հասնելը, նպատակը դա պատվասիրություն է, ի վերջո, ուրիշ բան է, որ կարողանաս կնոջդ ճաշակը եւ ցանկությունները ձեւավորել այնպես, որ նա հիասթափված չմնա, դա արդեն քո շնորհքն է, մի քիչ խելոք է պետք մտածել:

- Սովորաբար երեխայի դաստիարակությանը հայրը չի խառնվում:

- Ոչ թե չի խառնվում, այլ` չի հասցնում, բայց անպայման երեխային պիտի կարոտ չթողնել, դա պարտադիր է: Պիտի հայրը գոնե ժամանակ գտնի երեխայի հետ զրուցելու, ընկերություն անելու: Օրինակ` մենք առայսօր աղջկաս հետ ընկերներ ենք, նա կարող է ինձ մի բան ասել, որ թերեւս մորն էլ չասի:

- Սովորաբար դուստրերը հայրերի հետ են մտերիմ:

- Ոչ, տղաս էլ է մտերիմ, մեկ-մեկ այնպիսի բաներ է գրում... Երեխաները ծնողներին պիտի վստահեն, որ երբեք չեն խաբվի, չեն հիասթափվի: Ի վերջո, ճշմարտություն է այն, որ երեխային պետք է ծնողի խոսքը: Իսկ ամենահեշտ բանն է, թե «զահլա» չունեմ, գնա մորդ հարցրու, վերջացավ գնաց, էլ երկրորդ անգամ երեխան քեզ չի մոտենա: Ինչքան էլ զբաղված լինես, այդ պահը չպիտի կորցնես, ամենակարեւոր գործերը պիտի դնես մի կողմ ու լսես նրան:

«ԵՐԲԵՄՆ, ՀԻԱՆԱԼՈՒՑ ԷԼ ԵՍ ԱՍՈՒՄ, Ա՜Խ, ԿԱՆԱՅՔ, ԿԱՆԱՅՔ»

- Կյանքում եղե՞լ է դեպք, որ բացականչեք, «Ա՜խ, կանայք, կանայք»:

vig- Դեպք չի եղել, եղել են դեպքեր: Պարտադիր չէ, որ փորձենք փոխհարաբերությունները հասցնել անկողնուն, առավոտն արթնանալով, քեզ մենակ գտնելով անկողնում, ասես ա՜խ, կանայք, կանայք...  Երբեմն, հիանալուց էլ ես ասում, ա՜խ, կանայք, կանայք, բարկանալուց էլ, ինչ-որ բանի մասին ափսոսելուց էլ: Գիտեք, երբ սիրում ես, նախ մերկանում է հոգիդ, հետո` մարմինդ: Համենայնդեպս, նույնիսկ, եթե եղել են կոնֆլիկտներ, խնդիրներ, կնոջը չի կարելի թողնել չարացած, հերսոտած, դա շատ կարեւոր է: Ոչ թե վախենալու համար, որ վաղը կարող է մի այնպիսի քար գցել գլխիդ, ուղղակի, ի վերջո, հնարավոր չէ, որ կինը նստած տեղը նայելով լուսամփոփին սկսի ամուսնու վրա բարկանալ, ուրեմն ինչ-որ տեղ դու էլ ունես քո մեղքի բաժինը: Իհարկե, գրքով կամ դասախոսությամբ այդքան բան չես սովորի, կյանքն է սովորեցնում: Կարեւորն այն է, որ կարողանաս դասերը քաղել ու հիշել, որ նույն սխալը չկրկնես: Իսկ, եթե չես անդրադառնում ու կարեւորում պատահածը, քարը նորից խփում է իր ծեծած տեղը: Այնպես պատահեց, որ կյանքում ունեցա մի քանի ամուսնություններ եւ կարծես թե ընտանիքն ամուր պահելու գաղտնիքը  գտա: Վերջին կինս` Նարինեն, որ արդեն 32 տարի միասին ենք, իրարից չենք ձանձրացել: Մեզ իրար հետ հետաքրքիր է, ես կարող եմ զանգել ու ասել, թե տանից դուրս արի, նա էլ, թե ո՞ւր գամ, ես էլ ասում եմ, իջիր, քո գործը չէ, ուղիղ ճանապարհով արի: Գիտեմ ուր է գալու, որովհետեւ ուրիշ գնալու տեղ չկա, ուղիղ ճանապարհ է: Հետո, մեջքիս հետեւից հանեմ մի վարդ ու ասեմ. «Այսօր մեր ամուսնության 32 ամյակն է, եւ մենք գնում ենք ռեստորան»: Իր համար դա 600 հատ տոնի պես ուրախություն է, որովհետեւ ոչ միայն հիշել ու գնահատել եմ, այլեւ` կարեւորել: Նույնն էլ նա է անում ինձ հետ: Եթե կամաց-կամաց սկսում ենք ամուսիններին դասել կահույքի մի մաս` որ բազմոցն է, դաշնամուրն է, հետո` կնիկս է, ու պահարանը, այդտեղ սկսվում է ամենասարսափելին: Ի վերջո, դա ոչ միայն կին է, որն ինձ զավակ է պարգեւել, ծանր եւ ուրախ օրերին միշտ կողքիս է եղել, մենք իրարով ենք ընտանիք: Հաճախ օջախ ասվածն արժեզրկվում է, ընտանիքը հզոր բան է, հասարակության հիմքը:

- Տղամարդիկ ասում են` առանց կանանց էլ գլուխ կհանենք, «յոլա» կգնանք:

- Չգիտեմ, թե ովքեր են այդ տղամարդիկ, եթե գլուխ գովելու համար են ասում, առանձնապես գլուխ գովելու բան չէ առանց կանանց «յոլա» գնալը: Կինը նախ եւ առաջ մայրը, աղջիկը, կինն է, որի հետ կազմել ես այդ մեծատառով խոսքը` ընտանիք, օջախ: Երբ դա չի կառուցվում` ամեն ինչ սկսվում է փլուզվել: Նորից գալիս է պատճառ խոսքը, եւ դու քո տղամարդկային ուրախությունները փնտրում ես դրսում, ինչն այսօր խնդիր չէ:

- Ինչ-որ բանաձեւ կառաջարկե՞ք երիտասարդներին, ինչպես գայթակղեն կնոջը ու հասցնեն այն ընտանիքի տեսակին, ինչը Դուք առաջարկում եք:

- Բանաձեւեր չեմ սիրում, որովհետեւ սերն ինքնին բանաձեւի չի ենթարկվում: Եթե դուք հարցնեք, թե ի՞նչ է ծխախոտը, աթոռը կամ հեռախոսը` ես կարող եմ բանաձեւով բացատրել: Եթե հարցնեք` սիրո բանաձեւը ո՞րն է, որեւէ մեկը չի կարող ասել: Պարզապես, մի երեւույթ, մի զգացում, որը հարվածում է քեզ եւ դու  հասկանում ես, որ եթե այդ մարդը, որին սիրում ես, կողքիդ չէ, շունչդ կտրվում է, քո օդը պակասում է, արեւը մթագնում եւ այլն եւ այլն: Տարիների ընթացքում զգացումը փոխվում է, որովհետեւ պարզ է` 20 տարեկանը եւ 50 տարեկանը վստահաբար իրար նման չեն, բայց զգացմունքային աշխարհը, որ առաջ պատրաստ էիր այդ աղջկա համար չգիտեմ ինչ սխրանքներ գործել, այսօր 50 տարեկանում էլ մտածում ես նրան պահպանելու, հոգս չպատճառելու, իր կին լինելը գնահատելու, ընտանիքդ բարձր պահելու մասին: Այսինքն` յուրաքանչյուր տարիք բերում է իր վերաբերմունքը: Այնպես որ, սերը մաթեմատիկա չէ, բայց եթե այդ մարդը քեզ համար կարեւոր է, մի կորցրու այդ կարեւորությունը քո մեջ, իսկ դրդապատճառը` կարողացիր անել այնպես, որ նա էլ քեզ նույնպես կարեւորի:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում