grigorԹեպետ տղամարդիկ հաճախ են գլուխ գովում, որ լավ էլ կարող են ապրել առանց կանանց, միեւնույն է, կանայք միշտ էլ գլխավոր հորիզոնականներ են զբաղեցրել տղամարդկանց կյանքում: Երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆՆ էլ այն տղամարդկանցից է, որ իր կյանքը չի պատկերացնում առանց կանանց, հատկապես` հայուհիների:

 

- - Գրիգոր Կյոկչյանի աչքերով ինչպիսի՞ն է հայ կինը: Կբնորոշե՞ք հայ կնոջը:

- Առհասարակ, հայ կնոջ մասին կարելի է խոսել շատ երկար, բայց, եթե փորձեմ հակիրճ լինել` կասեմ, որ իմ պատկերացրած հայ կնոջ ամենաբնութագրող հատկանիշը նվիրվածությունն է` իր ընտանիքին, թե՛ որպես մայր եւ թե՛ որպես կին: Ինձ համար շատ կարեւոր է կնոջ կանացի, խելացի, զուսպ ու կիրթ լինելը: Դե իսկ նվիրված, կարծում եմ արդեն կլինի, քանի որ հայուհի է:

- Ասում են` տղամարդիկ առանց կանանց կյանք չունեն:

- Դե իհարկե, համաձայն եմ, տղամարդիկ առանց կանանց իսկապես թերի են ու ոչ լիարժեք: Իմ կյանքի բոլոր փուլերում կանայք ունեցել են կարեւոր ու լուրջ դերակատարություն: Կին ասելով հասկանում ենք մայր, քույր, սիրած աղջիկ եւ երեքի դերակատարությունն էլ ցանկացած տղամարդու կյանքում կարեւոր է:

- Իսկ Գրիգոր Կյոկչյանը կյանք ունի՞ առանց կանանց:

- Իհարկե` ոչ: Իմ կողքին որպես ընկեր միշտ ունեցել եմ ինձ նվիրված ու իսկապես օգնող կանանց, լինի դա դպրոցում, բուհում սովորելիս եւ թե հիմա:  Հուրախություն ինձ, միշտ կողքիս կան կանայք, ովքեր ինձ համար լավ ընկերներ են ու առանց նրանց արդեն իսկ դժվար կլինի ինձ կողմնորոշվել ու որոշումներ կայացնել: Շնորհակալ եմ նրանցից: Դե իհարկե, ցանկացած տղամարդ իրեն զգում է խոցելի ու ոչ լիարժեք եթե դեռ չունի իրեն սիրող սիրած աղջիկ:

- Սրանից ենթադրություն, որ Գրիգոր Կյոկչյանը դեռ չունի՞ սիրած աղջիկ:

- Դժվար է պատասխանել այս հարցին:

- Ըստ Ձեզ, կանայք լինում են խորամա՞նկ, թե խելացի:

- Կանայք ե՛ւ խորամանկ են, ե՛ւ խելացի: Առհասարակ, կինը չի կարող լինել խելացի, եթե վերջինս խորամանկ չէ: Բայց պետք չէ բացասական դրսեւորում տալ խորամանկ հատկանիշին, քանի որ լինել խորամանկ, դեռ չի նշանակում վնասել ուրիշներին: Ինձ համար խորամանկը այն մարդն է, ով թույլ չի տալիս իրեն խաբեն կամ հիմարեցնեն: Խորամանկ կանանց վատ չեմ վերաբերվում:

grigor1- Դուք գիտե՞ք, թե ինչ է ուզում կինը:

- Մեկ բառով եթե ասեմ, ապա` իմ կարծիքով կինն ուզում է լինել գնահատված:

- Իսկ տղամարդի՞կ ինչ են ուզում կանանցից:

- Ուզում եմ, որ իմ կողքի կինը լինի երջանիկ, իսկ դրա համար կփորձեմ անել հնարավորինս, իսկ փոխարենը կպահանջեմ, որ նա էլ ձգտի, ես  էլ ինձ զգամ երջանիկ: Կարծում եմ` կստացվի, ու երկուսս էլ գոհ կմնանաք:

- Ինչպիսի՞ն պիտի լինի Գրիգոր Կյոկչյանի կողակիցը` կինը, եւ ի՞նչ հատկություններ պիտի ունենա:

- Մի բան վստահ կարող եմ ասել. իմ կողքին կինը պիտի լինի անպայման կիրթ, զարգացած, ինձ համար լավ ընկեր եւ հասկանա, թե ինչքան կարեւոր է ինքն ինձ համար:

- Ի՞նչ պիտի անի կինը, որ դուր գա Գրիգոր Կյոկչյանին:

- Ինձ դուր գալու համար առանձնապես պետք չէ ձգտել, ուղղակի պետք է աղջիկը լինի պարզ ու հասարակ: Այնպիսին, ինչպիսին ինքը կա: Չեմ սիրում, երբ փորձում են ձեւանալ ավելին, քան լինում են:

- Համամի՞տ եք այն մտքի հետ, որ սովորաբար տղամարդիկ կին ընտրելիս ցանկանում են, որ նա նման լինի իրենց մայրիկին:

- Չեմ կարծում, որ ինչ-որ կին տղամարդու համար կարող է նմանվել իր մայրիկին: Հետեւաբար չեմ կիսում այդ կարծիքը: Բայց հասկանում եմ, թե այդ միտքն ասողը ինչ է նկատի ունեցել:

- Իսկ այն տարբերակին ի՞նչ կասեք, որ մայրն է ընտրում հարսնացուին:

- Չկա ավելի ծիծաղելի ու զավեշտալի երեւույթ, քան այն, երբ մայրն է կամ առավելեւս բարեկամները փորձում են տղայի համար ընտրել հարմար հարսնացու: Դա բնորոշ է հայերիս ու հետամնաց գաղափար է ինձ համար: Իհարկե, մայրը կարող է խորհուրդ տալ տղային այդ հարցում, բայց երբեք չփորձի համոզել կամ պարտադրել: Դրա վերջը լավ չի լինի:

- Գործարար կի՞ն, տնային տնտեսուհի՞, թե թիթիզ-միթիզ տիկնիկ:

- Ոչ երբեք թիթիզ-միթիզ տիկնիկին... Գործարար կինը լավ է ասված, տանը նույն գործածար կինը հոգատար մայր է ու սիրող կին: Տնային տնտեսուհիների համար ցավում եմ, կինն արժանի է այս կյանքը վայելել: Իհարկե, տնային հարցերում կնոջ դերը պիտի նշանակալի լինի, բայց երբեք չպիտի կինը դառնա աղախին:

- Ի՞նչը դուր չի գալիս Գրիգոր Կյոկչյանին հայ աղջիկների մեջ:

- Չեմ կարող միանշանակ ասել, ինչը չեմ սիրում հայ աղջիկների ու կանանց մեջ: Նայած կին ու նայած աղջիկ, բայց գլոբալ առումով կուզեի, որ հայ կանայք լինեին խնամված, իսկ հայ աղջիկներն ավելի պարզ ու հասարակ: Հայուհիները փորձում են թվալ ավելի գեղեցիկ ու ավելի լավը, չհասկանալով, որ իրենք գեղեցիկ են եւ բնական են եւ ոչ շինծու: Կուզենայի, որ հայուհիները լինեին ավելի նրբաճաշակ:

- Սերիալներում տարածված է, որ տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա, իսկ ձե՞զ ինչը կարող է դրդել հարվածել կնոջը:

- Չեմ պատկերացնում, թե ինչը կարող է ինձ ստիպել, որ հարվածեմ կնոջը: Իսկ եթե անգամ հասնի այդ պահը, ապա` կմեղադրեմ ինքս ինձ, ուրեմն ես եմ նախապես թույլ տվել սխալը:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ հայ տղամարդիկ շուտ են տարվում օտարազգի կանանցով:

- Օտարազգի կանացով տարվել` շատ հարաբերական է ասված: Առհասարակ, տղամարդուն հետաքրքիր են օտարազգի կանայք: Օրինակ` ինձ ֆիլիպինցի աղջիկները դուր են գալիս, կամ ասենք` վենեսուելացի կանայք: Բայց, կարծում եմ, դա էկզոտիկ ցանկություն է, արտասովոր գեղեցկություն, որը տղամարդու աչքը շոյում է: Ինչեւէ, հուսամ, որ սիրածս հայուհուն չեմ փոխի երբեք օտար կանանց հետ, անգամ` մտքում:

- Երբեւէ կներե՞ք կնոջ դավաճանությունը, եւ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ տղամարդն է դավաճանում իր կնոջը:

- Եթե կինս ինձ դավաճանի, ուրեմն` ես եմ ունեցել բացթողում, կա՛մ սխալ ընտրության, կա՛մ այլ որեւէ հարցում: Համենայնդեպս, այն պահից, երբ կինս ինձ կդավաճանի, նա այլեւս իմ կինը չէ: Բայց, մեղքն իմը կլինի, իհարկե: Տղամարդը դավաճանում է կնոջը, մեր ազգի համար անգամ նորմալ է, բայց, չգիտեմ, ուրեմն կինն ինչ-որ հարցում իրեն չի բավարարում: Կնոջ մեղքը կա դրանում: Բայց, դե հայ տղամարդիկ էլ մեկ-մեկ այդ քայլով փորձում են ինքնահաստատվել, ինչը բնորոշ է դեռահասներին: Շատ ծիծաղելի է, երբ նման վարքագիծ դրսեւորում են հասուն տղամարդիկ:

grigor2- Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ սովորաբար չի ստացվում փեսա-զոքանչ հարաբերությունները:

- Փեսա-զոքանչ հարաբերությունների ձախողումը գալիս է նրանից, որ հարսնացուն մոր հետ կիսվում է իր եւ ամուսնու անձնական, նեղընտանեկան  հարաբերություններով: Կինը կարող է նեղվել ամուսնուց ինչ-որ հարցում, դա նորմալ է ու բնական, ժամանակավոր է ու կմոռացվի: Բայց երբ այդ մասին իմանում է զոքանչը, ցավոք, նրա համար դա չի մոռացվում:

- Կո՞ղմ եք կին-տղամարդ հավասարությանը:

- Կին-տղամարդ հավասարությանը կողմ եմ այնքանով, որ երկուսն էլ մարդ են ու հավասար իրավունքներ ունեն այս կյանքում: Բայց չեմ սիրում այդ արտահայտությունը` կին-տղամարդ հավասարություն: Կինն ունի իր առաքելությունները, տղամարդը` իր, ու երկուսը պիտի լինեն ներդաշնակ, այլ ոչ թե մրցակցության մեջ: Պետք չէ ապացուցել, որ դու առավելություն ունես կնոջդ հանդեպ:

- Ո՞վ է Ձեր երազանքի կինը` կնոջ իդեալը:

- Երազանքի կնոջ իդեալ, որպես այդպիսին, չունեմ: Երեւի վերջինս կլինի հենց իմ կինը ու կդառնա իդեալ ինձ համար: Հուսամ շուտ կգտնեմ նրան:

- Ի՞նչ է ընտանիքը Ձեզ համար:

- Շատ կարեւոր գաղափար է, ընտանիքում ամեն ինչ պետք է ներդաշնակ լինի: Որպես տղամարդ` կփորձեմ անել առավելագույնը դրա համար ու եթե կինս էլ անի, ապա` ամեն ինչ լավ կստացվի:

- Կյանքում եղե՞լ են պահեր, կամ ի՞նչ պիտի լինի, որ բացականչեք ա՜խ, կանայք, կանայք:

- Երբ կինն ուզում է ստել ու իր աչքերից ակնհայտ երեւում է, որ ինքն իրեն չի հավատում, դա ինձ համար հումոր է ու ես նման դեպքերում ծիծաղելով ասում եմ. ա՜խ, կանայք, կանայք:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ