livemarks sitemap
Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2019

Շուրթերն ավելի գրավիչ դարձնելու համար կանայք օգտագործում են շրթներկ, որն ընդգծում է կնոջ յուրօրինակությունը, ինչու ոչ՝ նաեւ թաքցնում որոշ թերություններ: Իսկ ամենակարեւորը այն նաեւ  տղամարդկանց ուշադրությունը գրավելու միջոց է: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շրթներկն ամենատարածված կոսմետիկ միջոցներից է: Ամեն օր միլիոնավոր կանայք օգտագործում են այն: Ժամանակին կինը պետք է ունենար ե՛ւ համարձակություն, ե՛ւ միջոցներ շրթներկ օգտագործելու համար: Գուցե զարմանալի թվա ու համարձակություն չնկատեք դրանում (բացառությամբ ալ կարմիր շրթներկի):

Միջոցներն էլ չեն կարող արգելք հանդիսանալ շրթներկ օգտագործելու հարցում, քանի որ այսօր այն կարելի է գնել՝ սկսած 250
դրամից: Բայց երբ շրթներկը առաջին անգամ վաճառքի հանվեց, այն բավականին թանկ արժեր եւ միայն ալ կարմիր էր: Հետագայում այն ավելի մատչելի էր եւ գույնզգույն եւ հասանեալի դարձավ բոլոր կանաց համար: Իսկ բարձրաշխարհիկ կանայք, որոնք հնարավորություն ունեին օգտագործել շրթներկ, վախենում էին` «վուլգար» տեսք ունենալ: Հիմնականում հանրաճանաչ կանանցից ալ կարմիր շրթներկ օգտագործում էին 20-30-ականներին Marlen Ditrix-ը, Greta Garbo-ն: Ու չնայած մի քանի դար արդեն անցել է այդ ժամանակներից, բայց այսօր էլ ալ կարմիր շրթներկ օգտագործելը համարվում է համարձակություն: 1983թ. ֆրանսիացիները, երբ այդ կարմիր «հրաշք»-ը դարձրեցին հարմարավետ եւ հասանելի շատերին, չէին էլ պատկերացնում, որ այն այդքան լայն տարածում ու հաջողություն կունենա ու անգամ կհասնի Հայաստան: Շրթներկը հայտնաբերել են հին եգիպտացիները: Ասում են՝ շրթներկի հեղինակային իրավունքը պատկանում է GUERLAIN-ին:

Հայուհիները ժամանակին շրթներկին «պոմադա» են անվանել: Իսկ «Շրթներկ համար 4» կարճամետրաժ կինոֆիլմի շնորհիվ «պոմադան» փոխարինվեց շրթներկ հայերեն անվամբ: Ավելին, ֆիլմում շրթներկի հետքն ու դրա հետեւանքները ավելի շատ են տպավորվել ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանաց մոտ:

Մի քանի տարի առաջ, երբ չկային SMS-ներ, ինտերնետ, մարդիկ միմյանց նամակներ էին գրում եւ ուղարկում փոստի միջոցով: Կանայք եւ աղջիկները, սովորաբար, սիրային նամակների վերջում՝ որպես գրված ջերմ խոսքերի իրեղեն ապացույց, որպես կանոն, թողնում էին կարմիր «կնիք»` շրթներկով համբույրի հետք: Նոր սերնդի համար այս ամենը զարմանալի է: Ժամանակակից տեխնոլոգիան անմասն չի մնացել նաեւ այս դեպքում: Շրթներկի հետքը փոխարինվել է «սմայլիկով»:

Չգիտես ինչու, արական սեռի ներկայացուցիչները ավելի հաճախ են օգտվում «kiss» «սմայլիկից», բայց դա արդեն ուրիշ պատմություն է: Չնայած շրթներկը նաեւ դավաճանության միակ անհերքելի ապացույցն է, ոչ, խոսքը «սմայլիկի» մասին չէ,  այլ իրական շրթներկի թողած հետքի: Հետքը երբեմն լեգենդներ հյուսելու,  հեքիաթներ պատմելու առիթ է տալիս արական սեռին: Թե որքանով են այդ լեգենդներին ու հեքիաթներին հավատում կանայք՝ դժվար է պատասխանել: Ըստ իս, դա կապված է տղամարդու փորձից ու դերասանական վարպետությունից: Ճիշտ է, դյուրին գործ չէ նման դեպքերում արդարացումներ հորինելը, բայց եթե այդ «կնիքը» հայտնվել է տղամարդու այտին, ապա կարելի է ասել, որ այն իր մեջ այդքան էլ մեծ վտանգ չի պարունակում, եթե թաշկինակին, ապա հետեւանքներից խուսափելու համար ճիշտ ժամանակին են վերացրել «փաստերը», իսկ վերնաշապիկին հայտնված «կնիքը»  կարելի է ասել, ամենավտանգավորն է:

«Զարուհի» ամսագրի ընթերցողին արդեն հայտնի է, որ այս խորագրի ներքո մենք կարեւորում ենք նաեւ հայտնի տղամարդկանց խոսքը: Եվ այսպես, անկեղծանում են տղամարդիկ…

Լուսանկարիչ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ խոստովանում է, որ իր աչքից չեն վրիպում շրթներկով կանայք. «Ես բոլորին մասնագետի աչքով եմ նայում: Ինձ համար շատ կարեւոր է կնոջ արտաքին տեսքը, որտեղ, իմ կարծիքով, մեծ դեր է խաղում նաեւ շրթներկի առկայությունը: Չեմ սիրում, որ այն շատ մուգ գույնի է լինում: Հատկապես համբուրվելիս հաճելի է, երբ շուրթերի համար նախատեսված հատուկ փայլ են օգտագործում: Նրանք շուրթերը միշտ թաց են ցույց տալիս»: Լուսանկարչի օբյեկտիվը թեեւ չի ֆիքսել կնոջը շրթներկ քսելիս, բայց չի սիրում, երբ վերելակում, փողոցում  կամ տրանսպորտում հայ կանայք շրթներկ են քսում. «Ծանոթ տաքսու վարորդներիցս մեկը պատմել է, որ մի անգամ, երբ մի հասուն կին տաքսու ետեւի նստարանին նստած փորձել է շրթներկ քսել նայելով առջեւի դիմապակուն, վարորդը, հանկարծակիի գալով, մեքենան կտրուկ արգելակել է: Անսպասելի դադարից կինը շրթներկը կուլ է տվել: Հուսով եմ՝ այդ կինն էլ կյանքում նման բան չի անի»: Ըստ լուսանկարչի, լուսանկարվելիս պարտադիր չէ, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները անպայման լինեն շրթներկով, որպեսզի գեղեցիկ նկար ստացվի: «Ամեն ինչ ներդաշնակ պետք է լինի: Կարող է լինել առանց շպարի ու շրթներկի եւ շատ գեղեցիկ լինի: Կան աղջիկներ, որոնք շրթներկ ընդհանրապես չեն օգտագործում: Իսկ կան երգիչներ, որոնց ոճի անբաժան մասն է կազմում մուգ կարմիր շրթներկը: Օրինակ` Քրիստինա Ագիլերան»: Ի դեպ, Արթուրը շրթներկի  հետքից չի բարդույթավորվում ու խորհուրդ է տալիս տղամարդկանց՝ կանանց «խարդավանքներից» ձերբազատվելու համար հագուստի վրայից շրթներկի հետքերը հնարավոր է անցկացնել սառույցի միջոցով:

«Բանակում» հեռուստասերիալի դերասան ԳԵՎՈՐԳ ՉՈՒԼՅԱՆԻՆ դուր են գալիս շրթներկով կանայք, բայց. «Չեմ սիրում, որ մուգ գույնի շրթներկ են քսում: Կինս էլ մուգ շրթներկեր չի օգտագործում»: Հեռուստասերիալի օրինակելի զինծառայողը նաեւ ասում է, որ «Եվրատեսիլում» Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը շատ մուգ շրթներկ էին օգտագործել. «Այդ ելույթից հետո տպավորվել էր հատկապես նրանց մուգ շրթներկը, որը ինձ դուր չէր եկել»: Ի դեպ, Գեւորգը այտին հայտնված շրթներկի հետքի առկայության դեպքում կնոջն անմիջապես ասում է, թե ով է եղել համբույրի հեղինակը. «Նման դեպքեր հաճախ չեն լինում: Թեպետ, եթե անգամ լինեն, վատ չեմ զգա, սակայն ցանկալի չէ, տգեղ բան է»:

Երգահան ՄԱՐՏԻՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ խոսելով կարմիր շրթներկի մասին՝ կարծում է. «Այն պահանջում է համարձակություն»: Երգահանը երբ փողոցում շրթներկ քսող կին կամ աղջիկ է տեսնում, նորմալ է վերաբերվում, սակայն. «Գեղեցիկ  երեւույթ չէ, երբ գեղեցիկ սեռը իր ներքին խոհանոցը հանրամատչելի է դարձնում: Շրթներկի հետքի հետ կապված դեպքեր գրեթե չեն պատահում,- անկեղծանում է Մարտին Ահարոնյանն ու ավելացնում:- Երբ ընկնում եմ նման իրավիճակի մեջ, կարողանում եմ հեշտությամբ տակից դուրս գալ կամ էլ պատմում եմ ճշմարտությունը»: Իսկ հայտնի գեղեցկուհիներից երգահանը առանձնացրեց Մերլին Մոնրոյին, ով իր ժամանակի հայտնի համարձակ շիկահերն է եղել եւ մշտապես եղել վառ կարմիր շրթներկով:

«Միլեն» շոու-բալետի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ԵՂՈՅԱՆԸ անկեղծանում է. «Իմ մասնագիտությունից ելնելով՝ շրթներկի հետ կապված շատ բան գիտեմ, քանի որ պարողների համար հագուստ ընտրելիս պետք է նաեւ հաշվի առնել շրթներկի գույնը: Իմ կարծիքով, շրթներկը թաքցնում է կնոջ շուրթերի որոշ թերություններ:
Հայ կանայք սկսել են արտահայտիչ գույներ օգտագործել, չհասկանալով, որ շատ անգամ շրթներկի գույնը չի համապատասխանում հագուստի գույնին: Լինում են նաեւ թույլ շրթներկեր, որոնք ընդգծում են կանացիությունը: Իսկ կան կանայք, որոնք ուղղակի նայելով հայելու մեջ՝ հասկանում են, որ իրենց շուրթերն առանց շրթներկի էլ շատ գեղեցիկ են»
: Ի դեպ, Արթուրի կինը` Քրիստինեն, շատ հաճախ է օգտագործում ալ կարմիր շրթներկ. «Ալ կարմիր շրթներկ օգտագործելու համար համարձակություն է պետք»: Արթուրը նաեւ խոստովանեց, որ ամեն դեպքում գեղեցիկ բան չէ, երբ փողոցում կամ երթուղայինում կինը կամ աղջիկը շրթներկ է քսում. «Արդյոք հաճելի կլինի՞ տեսնել, թե ինչպես են տղամարդիկ սափրվում, ասենք, տրանսպորտում: Կինը դա պետք է թաքցնի»:  Գեղեցիկ ու արտահայտիչ շուրթերով կանանց մտաբերելիս նախ Անջելինա Ջոլիին, ապա երգչուհի Արմինկային է հիշում, ով ըստ Արթուրի՝ գեղեցիկ է ընդգծում իր շուրթերը: Շրթներկի հետքի մասին էլ խոսելով՝ մեր զրուցակիցը ասաց հետեւյալը. «Այդպիսի «թերություններ» չեմ թողնում վրաս: Դրանք ծիծաղելի հայկական խանդեր են, որոնց հանդեպ անտարբեր եմ»:

Հ.Գ. Ֆրանսիացի գիտնականները ապացուցել են, որ տղամարդիկ կյանքի ընթացքում ուտում են մոտ 6 կգ շրթներկ: Պատկերացնո՞ւմ եք, թե կանայք որքան են ուտում: Ասում են՝ բնական ճարպից պատրաստված այդ փոքրիկ «հրաշքը» բացարձակ անվնաս է առողջության համար:

 

ՊԱՏՐԱՍՏԵՑ
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում