livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 21, 2019

narekԱյսուհետ այս խորագրի ներքո կներկայացնենք հարցազրույցներ հայտնի ու սիրված տղամարդկանց հետ, որտեղ նրանք բացառապես կխոսեն միայն կանանց մասին: Այս անգամ «Զարուհու» հյուրասրահում երգիչ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆՆ է:

- Նարեկ Բավեյանի աչքերով` ինչպիսի՞ն է հայ կինը: Կբնորոշե՞ք հայ կնոջը:

- Ինձ մոտ հայ կնոջ կերպարն առաջին հերթին ասոցացվում է մայրության հետ: Հետեւաբար նաեւ` ընտանեկան ջերմության եւ հոգատարության հետ: Կարծում եմ, որ աշխարհում ոչ մի կին այդքան նվիրված չէ իր ընտանիքին եւ երեխաներին, ինչքան որ հայ կինը:

Իրականում հայ կնոջ ուսերի բեռը շատ ծանր է, դրա համար ես կբնորոշեմ հայ կնոջը որպես ուժեղ կին, որովհետեւ շատ դժվար է միաժամանակ լինել մայր` երեխաներիդ համար, կին` ամուսնուդ համար, հարս, եթե ընտանիքում կան մեծեր, եւ այդ ամենի հետ մեկտեղ` մնալ գեղեցիկ, լինել խնամված ու կանացի: Իսկ մեր կանանց մոտ դա ստացվում է:

- Ասում են` տղամարդիկ առանց կանանց կյանք չունեն:

- Կարծում եմ` այո: Ոչ մի տղամարդ կյանք չունի առանց կնոջը, անգամ, եթե այդ տղամարդը այդքան էլ չի սիրում կանանց: Յուրաքանչյուր տղամարդ կարիք ունի կանացի քնքշանքի եւ հոգատարության, մանավանդ մենք` հայ տղամարդիկս, այդ հարցում մի փոքր ավելի երես առած ենք: Սովոր ենք, որ մեր կանայք պետք է իդեալական հետեւեն թե՛ մեր սննդակարգին եւ թե՛ մեր կենցաղի հարմարավետությանը, անգամ մեր հագուկապին ու կոկիկությանը:

- Իսկ Նարեկ Բավեյանը կյանք ունի՞ առանց կանանց:

- Դե, իհարկե, Նարեկ Բավեյանը կյանք չունի առանց կանանց, ինչպես եւ ցանկացած նորմալ տղամարդ: Կարծում եմ, որ տղամարդու տեղը միմիայն կնոջ կողքին է: Ուրիշ տարբերակներ ինձ համար չկան:

- Ըստ Ձեզ` կանայք լինում են խորամա՞նկ, թե՞ խելացի:

- Ազնիվ կանայք լինում են խելացի: Ես ողջունում եմ այն կանանց, ովքեր այնքան խելացի են, որ կարողանում են իրենց ճիշտ մտքերով ուղղորդել իրենց ամուսիններին, օգնել ճիշտ որոշումներ կայացնել եւ այդ որոշումները օգտագործում ի նպաստ ընտանիքի ամրության եւ բարեկեցության, ի նպաստ հանուն շահի: Բայց կան նաեւ անազնիվ կանայք. դրանք խորամանկներն են: Այդպիսի կինը ամեն ինչ կանի իր ուզածին հասնելու համար: Ամեն կերպ կհամոզի իր կողքի տղամարդուն, որպեսզի նա կատարի իր անձնական քմահաճույքները` թքած ունենալով հենց այդ տղամարդու վրա: Էստեղ մնում է, որ տղամարդը լինի շատ ուժեղ եւ խելացի, որպեսզի չհայտնվի «խաբված Սամսոնի» կարգավիճակում:

- Դուք գիտե՞ք, թե ինչ է ուզում կինը:narek1

- Եթե գլոբալ մտածենք, անգամ կինը չգիտի, թե իրականում ինչ է ինքն ուզում, ինչպե՞ս կարող եմ ես իմանալ:

- Իսկ տղամարդիկ ի՞նչ են ուզում կանանցից:

- Առաջին հերթին` կանանցից ուզում են հավատարմություն, սեր եւ փոխըմբռնում: Տղամարդու համար կարեւոր է, որ կինը իրեն հասկանա: Եթե պետք է` լռի, եթե պետք է` լավ զրուցակից լինի ու միշտ գնահատի իր կողքի տղամարդուն:

- Ինչպիսի՞ն պիտի լինի Նարեկ Բավեյանի կողակիցը` կինը, եւ ի՞նչ հատկություններ պիտի ունենա:

- Այս հարցին կարճ կպատասխանեմ: Նա պիտի լավ մարդ լինի:

- Ի՞նչ պիտի անի կինը, որ դուր գա Նարեկ Բավեյանին:

- Պետք է կարողանա իրեն գեղեցիկ մատուցել: Եթե նա ուղղակի ճիշտ հայացք գցի ինձ վրա, ապա դա կարող եմ արդեն առաջին քայլը առաջին կոնտակտ համարել: Նա պետք է լինի ինչ-որ տեղ խորհրդավոր, բայց միեւնույն ժամանակ ոչ շատ անհասկանալի: Ինչ-որ տեղ կին եւ տղամարդ հարաբերությունը կարող եմ յուրօրինակ խաղ համարել, որտեղ կինը, ինչու չէ` նաեւ տղամարդը, պետք է կարողանա պահել լարվածության, թուլության, ինտրիգի, հետաքրքրության, սիրո ճիշտ «դոզան»` չափաբաժինը:

- Համամի՞տ եք այն մտքի հետ, որ սովորաբար տղամարդիկ կին ընտրելիս ցանկանում են, որ նա նման լինի իրենց մայրիկին:

- Գուցե կան այդպիսի տղամարդիկ, բայց նրանց շարքերում չեմ հաստատ: Կարծում եմ` շատ սխալ է համեմատության մեջ դնել կնոջը մորդ հետ եւ դրանով առաջնորդվելով` ընտրություն կատարել: Թե՛ մայրս, թե՛ այն  կինը, ով կլինի իմ կողքին, երկուսն էլ համեմատությունից դուրս են ինձ համար: Ամեն մեկն իմ կյանքում անփոխարինելի տեղ է զբաղեցնում եւ զբաղեցնելու:

- Իսկ այն տարբերակին ի՞նչ կասեք, որ մայրն է ընտրում հարսնացուին:

- Կասեմ, որ կտրականապես դեմ եմ: Քիչ էլ չեն դեպքերը, երբ մայրը ընտրում է նաեւ փեսացուին: Դա, իմ կարծիքով, շատ կոպիտ բռնություն է մարդու անձնական կյանքի եւ իրավունքների հանդեպ, որը, ցավոք սրտի, շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում` դժբախտացնելով բոլորին: Չնայած, լինում են դեպքեր, երբ մարդիկ համակերպվում են եւ իրենց երջանիկ են զգում, բայց դա հաստատ ինձ համար չէ:

- Գործարար կի՞ն, տնային տնտեսուհի՞, թե՞ թիթիզ-միթիզ տիկնիկ:

- Կարծում եմ` գործարար կին եւ միեւնույն ժամանակ տնային տնտեսուհի համադրությունը իդեալական տարբերակ է: Դե, իհարկե, կնոջ մեջ պետք է լինի այդ կոկետությունը, թիթիզությունը, բայց երբ թիթիզը կերպար է, արդեն լավ չէ: Թիթիզ-միթիզ, թեթեւսոլիկ կինը շուտ հոգնեցնում է:

- Ի՞նչը դուր չի գալիս Նարեկ Բավեյանին հայ աղջիկների մեջ:

- Եթե համեմատեի հայ աղջիկներին հողի, ջրի, կրակի ու օդի հետ, ապա միանշանակ կասեի, որ նրանք նման են կրակին եւ հողին, նրանք տաք են, բայց «ծանր» ու փակ: Հայ աղջիկներին պակասում է ջրի ազատ հոսքը ու թեթեւությունը, օդի թափանցիկությունն ու պարզությունը: Պետք չէ ամեն ինչին նայել շատ ծանր ու բարդ: Այ, դա ինձ դուր չի գալիս: Մեր աղջիկները, երբ ինչ-որ տղայի են հանդիպում, ու այդ տղան սկսում է իրենց դուր գալ, նրանք միանգամից սկսում են մտածել, թե ինչպես է լինելու այդ տղայի հետ իրենց կյանքը 10-20 եւ անգամ 30 տարի հետո: Ու այդ մտածմուքները դարձնում են ծանր ու դարդոտ իրենց կյանքի ամենաջահել ու գեղեցիկ օրերը: Այ, պետք չէ այդպես ապրել:

- Հիմա սերիալներում շատ տարածված է, երբ տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա, իսկ Ձեզ ի՞նչը կարող է դրդել հարվածել կնոջը:

- Լավ չէ, որ սերիալներում դա տարածված է, որովհետեւ դա կարող է նորաձեւ դառնալ: Չեմ կարող ասել, թե ինչը կարող է ինձ ստիպել հարվածել կնոջը, քանի որ կյանքում այդպիսի փորձ չունեմ, եւ տա աստված, որ չունենամ:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ հայ տղամարդիկ շուտ են տարվում օտարազգի կանանցով:

- Տղամարդն իր էությամբ որսորդ է, եւ այդ ենթագիտակցական բնազդը ազդում է նաեւ կանանց վրա: Հայ տղամարդկանց մեջ այդ որսորդի բնազդը ավելի սուր է արտահայտված: Երեւի դա գալիս է նրանից, որ մենք լեռնային գոտում ենք ապրում: Երեւի թե դրանով կբացատրեմ հայ տղամարդու ձգտումը դեպի այլազգի կանայք: Երեւի դա ինչ-որ նոր կնոջը գրավելու եւ տիրանալու հայ տղամարդու հպարտ «կապրիզն» է:

- Երբեւէ կներե՞ք կնոջ դավաճանությունը, եւ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ տղամարդն է դավաճանում իր կնոջը:

- Դավաճանությունը մնում է դավաճանություն, կապ չունի` կին, թե տղամարդ: Երեւույթը շատ-շատ տգեղ է ինձ համար եւ աններելի:

- Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը, որ սովորաբար չի ստացվում փեսա-զոքանչ հարաբերությունները:

- Իմ կարծիքով` մի պատճառ կա դրանում: Եթե զոքանչը փորձում է միջամտել իր փեսայի ներքին ընտանեկան հարցերին եւ անգամ ինչ-որ հարցեր որոշել եւ իր կարծիքը թելադրել, ուրեմն այդ փեսան չի կարող սիրել իր զոքանչին եւ չի կարող նորմալ հարաբերություններ ունենալ այդ կնոջ հետ:

narek2- Երբեւէ սիրահարվե՞լ եք Ձեր երկրպագուհիներից մեկին:

- Ոչ, այդպիսի դեպք չի եղել, բայց եթե իմ երկրպագուհիների մեջ լինի մի աղջիկ, ով ինձ կգրավի, ես հաստատ դեմ չեմ լինի հարաբերություններ ստեղծել երկրպագուհու հետ:

- Կո՞ղմ եք կին-տղամարդ հավասարությանը:

- Ինչքան էլ խոսենք, որ հավասարությունը լավ բան է, այդուհանդերձ, պետք է գիտակցենք, որ չի կարող լինել հավասարություն ոչ միայն կին-տղամարդ հարաբերություններում, այլ առհասարակ, ողջ մարդկության մեջ: Պատկերացնենք, որ մի գեղեցիկ օր սկսենք այդպես ապրել, որ բոլորը հավասար են, իմ կարծիքով` դա ուղղակի քաոս կլինի: Աշխարհը ներդաշնակ է այդ կոնտրաստների հետ: Փոքրը չի կարող հավասար լինել մեծին, զինվորը` գեներալին, գարին` ցորենին, պղինձը` ոսկուն... Կինն էլ չի կարող հավասար լինել տղամարդուն եւ տղամարդը երբեք չի կարող հավասարվել կնոջը:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում