livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

ervand3Նրան հաճախ անվանում են հաճելի արտաքին ունեցող տղա՝ մաչո եւ այլն: Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան ԵՐՎԱՆԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ այս խոսուն արտահայտությունները շնորհել են ոչ ավել, ոչ պակաս, քան ԶԼՄ ներկայացուցիչները, թատերագետները:

Պատասխանելով «Զարուհու» հարցերին՝ երիտասարդ, բայց արդեն փորձառու բեմի նվիրյալը, թեպետ խուսանավել է անձնական կյանքին վերաբերող հարցերին պատասխաններ տալ, սակայն, որոշ գաղտնիքներ, այնուամենայնիվ, նրան թաքցնել չի հաջողվել...    

-Բեմում կարո՞ղ ես զիջել կին գործընկերուհուդ, թե՞...

-Իհարկե, որոշ զիջողությունների կարող եմ գնալ, եթե այդ զիջողությունը չլինի ի վնաս մասնագիտությանս, թատրոնին, ներկայացմանը:

-Այսինքն, եթե բեմում կին գործընկերուհիդ ինչ-ինչ պատճառներով թերանա, հանգիստ կթողնե՞ս տապալվի:

-Իհարկե, ոչ: Ինձ համար անընդունելի է հնուց եկած խոսքը` «եթե տեսնում ես խաղընկերդ խորտակվում է բեմում, օգնիր նրան խորտակվել...»: Նման բան անելու սովորություն չունեմ, անկախ սեռային պատկանելիությունից: Փառք Աստծո, մեր թատրոնում էլ նման բան չկա:  Ճիշտ հակառակը, բեմում դերասանը պետք է պատրաստ լինի հարկ եղած պահին փրկել իրավիճակը, անգամ այն դեպքում, եթե խաղընկերդ քո ոխերիմ թշնամին է:  

-Հաճախ տղամարդ դերասանն էլ է ծաղիկներ ստանում: Քեզ դո՞ւր է գալիս, երբ քեզ ծաղիկներ են նվիրում:

-Եթե բեմում, ապա` այո: Չէ՞ որ դա փոքրիկ շնորհակալությունն է այն ամենի համար, ինչ դու արել ես, չհաշված ծափահարությունները: Ի դեպ, բեմում ստացած ծաղիկները երբեք ինքս տուն չեմ տարել: Բեմից անմիջապես ետնաբեմ դուրս գալով՝ ծաղիկները մորս եմ նվիրում: Նա ռեժիսորի օգնականն է եւ ներկա է գրեթե բոլոր ներկայացումներին:

-Տղամարդ դերասանը, գործի բնույթից ելնելով, հաճախ ստիպված է լինում օրվա ընթացքում մի քանի անգամ իրեն հայելու մեջ նայել: Դու էլ, կարծում եմ, բացառություն չես:

-Այո, պետք է ասեմ, որ ես էլ բացառություն չեմ: Օրվա մեջ շատ հաճախ եմ նայում հայելու մեջ: Դերասան եմ եւ դրանով իսկ ամեն ինչ ասված է: Չեմ կարող տանից, սենյակից դուրս գալուց առաջ չնայել ինձ հայելում: Արտաքին տեսքը կարեւոր բան է դերասանի համար:

-Իսկ ինչ-որ միջոցների դիմում ես արտաքին տեսքդ, դեմքդ խնամելու համար:

-Յուրաքանչյուր դերասան պետք է պարտադիր խնամի իր մաշկը, դեմքը եւ այլն... Դերասանը ervand2հանրային «ֆիգուր» է: Գիտես, շատ կցանկանայի այցելել որեւէ սրահ, կատարել, ասենք, դեմքի մաշկի պրոֆեսիոնալ մաքրում, քանի որ ստիպված ենք լինում մեծ քանակությամբ շպար, դիմահարդարման միջոցներ օգտագործել, բայց, ցավոք, դրան ժամանակը չի ներում:

-Ի դեպ, որոշ հայ տղամարդիկ մատներ հարդարելը ղզիկություն են համարում, իսկ դո՞ւ:

-Ոչ, դա հիգիենա է: Նույնն է, թե ասեք մազ կտրելը` ղզիկություն է:

-Պարզ է, ասա խնդրեմ, որ տարիքում նկատեցիր, որ հակառակ սեռի ներկայացուցիչները, այսպես ասած, անտարբեր չեն քո հանդեպ:

-11-12 տարեկան հասակում նկատեցի որոշակի հետաքրքրվածություն իմ հանդեպ:

-Եվ ինչպե՞ս էր այն արտահայտվում:

-Այն արտահայտվում էր փոքրիկ ուշադրություններով, պատահել է նաեւ սիրային նամակների տեսքով: Գուցե այդ տարիքում ես այնքան էլ չէի ընկալում քո ասած հետաքրքրությունն իմ հանդեպ ասվածը: Դա ավելի ուշ հասկացա:

-Ըստ քեզ, ինչո՞վ էիր գրավում աղջիկներին:

-Թող անհամեստ չհնչի ասածս, պարզապես, մաշկիս գույնը ավելի բաց է, այլ տղաների համեմատությամբ: Եթե Մոսկվայում ապրեի` հաստատ մաշկիս գույնով չէի առանձնանա:

-Ուշադրության պակաս, փաստրեն, երբեւէ չես զգացել կանանց կողմից: Դա քեզ դուր է գալիս, չէ՞:

-Իսկ ո՞ր տղային դա դուր չի գա, որ նա աղջիկների ուշադրության կենտրոնում է: Միշտ էլ շատ հաճելի է:

-Ի դեպ, քանի՞ տարեկան ես:

-28:

-Հաճախ մամուլում քեզ պիտակել են հաճելի արտաքինով տղա՝ մաչո արտահայտությամբ: Արդյոք չի՞ վիրավորել քեզ, որ, այնուամենայնիվ, լրագրողի, թատերագետի ուշադրությունը գրավել է լոկ արտաքինդ:

-Իսկապես կար ժամանակ, երբ հանդիսատեսին փորձում էի գրավել միայն արտաքին տեսքով: 21-22 տարեկան էի եւ առանձնապես չէի մտածում այդ հարցի շուրջ: Բայց տարիներ անցան, փորձ ձեռք բերելով հասկացա, որ մեր մասնագիտության մեջ միշտ չէ, որ արտաքին տեսքը կարող է օգնել քեզ բեմում: Կգա տարիք եւ այդ հաճելի արտաքինն այլեւս չի լինի: Այսօր ինձ ավելի շատ դուր են գալիս այն դերերը, որտեղ արտաքինս, այսպես ասած, երկրոդ պլան է գնում: Օրինակ` Յ.Պոլյակովի «Համադասարանցիներում» 40 տարեկան բոմժ է հերոսս: Եվ ես ամենեւին չեմ կորցնում իմ հանդիսատեսին: Նույնը` Օստրովսկու «Խումար` ուրիշի խնջույքում» ներկայացման մեջ, որտեղ խաղում եմ մի տհաս, կակազող տղայի դեր: Ի դեպ, դերասանական հմայքը արտաքինի հետ որեւէ կապ չունի: Ինչպես Չելենտանոն՝ արտաքնապես այնքան էլ տպավորիչ տղամարդ չէ, բայց նա ունի դերասանական շլացուցիչ հմայք: Հեռու չգնանք, Ռայկինը նույնպես արտաքին տվյալներով չի փայլել, բայց ոչ ոք չի նկատել դա: Ինչ վերաբերվում է լրագրողներին, թատերագետներին, ապա վաղուց ոչ ոք չի գրել իմ արտաքին գեղեցկության մասին: Նրանք փորձում են գնահատել խաղս, գուցե ինչ-որ ցանկություններ են արտահայտում է՛լ ավելի կատարյալ լինելու համար:

-Իսկ քեզ պե՞տք են նրանց գրածները: Ընդունո՞ւմ ես դիտողությունները, թե՞ թքած ունես:

-Ընդունում եմ, բայց ոչ բոլորի գրածները: Եթե տեսնում եմ գրագետ վերլուծություն է արված, ապա` այո, անգամ ականջ եմ դնում:

-Կանանց հաճոյախոսո՞ւմ ես:

-Ոչ:

-Ինչո՞ւ:

-Հաճոյախոսել կարելի է միմիայն սիրելի կնոջը: Հաճոյախոսությանդ պետք է արժանանա միմիայն ՆԱ… Այլ դեպքում հաճոյախոսությունը կկորցնի իր արժեքը:  

ervand-Ի՞նչն է գայթկղում քեզ կնոջ մեջ:

-Դժվարանում եմ ասել… Ներքին ուժ է, չգիտեմ: Ինչ-որ բան պետք է իմ եւ նրա մեջ հրաբխի պես ժայթքի: Կնոջ մեջ ես գնահատում եմ առաջին հերթին համեստությունը, հոգու գեղեցկությունը…

-Իսկ ի՞նչն է քո համար կնոջ մեջ անհանդուրժելի:

-Փնթիությունը: Տանել չեմ կարող փնթի մարդկանց, մանավանդ կին արմատի: Անընդունելի են ինձ համար նաեւ նյութական արժեքներին կարեւորություն տվող կանայք:

-Ի՞նչ կպատմես անձնականիդ մասին:

-Ոչ մի բան: Անձնականս միայն իմ սեփականությունն է:

-Դու ամուսնացա՞ծ ես եղել:

-Այո:

-Ի՞նչն էր բաժանման պատճառը:

-Պարզապես, իրար չհասկացանք: Դա շատ վաղուց էր: Այն ժամանակ ես ընդամենը 17 տարեկան էի:

-Խաղա՞ղ բաժանվեցիք, թե՞ աղմուկով:

-Մնացինք ընկերներ:

-Նա դերասանուհի էր եւ քեզանից տարիքով մեծ: Քեզ դո՞ւր են գալիս տարիքով կանայք:

-Ինձ բոլոր տարիքի կանայք էլ դուր են գալիս:

-Ունա՞կ ես կնոջ վրա ձեռք բարձրացնել:

-Փորձում եմ դրա մասին չմտածել: Մեկ անգամ ստիպված եմ եղել համակուրսեցուս վրա ձեռք բարձրացնել: 14 տարեկան էի. նա Ռուսաստանից էր եկել: Պատճառն իմ հասցեին հնչած հայհոյանքն էր:  

-Դու ունե՞ս ընտրյալ:

-Ես հրաժարվում եմ պատասխանել քո հարցին:

-Ինչո՞ւ...

-Թող մի փոքր հանելուկ մնամ ընթերցողի համար: Անհետաքրքիր կլինի, եթե պատմեմ ամեն ինչ:

ervand1-Ինչպես կամենաս: Ասա ինձ, սերիալներում նուրբ անկողնային տեսարաններ ես խաղում: Հե՞շտ համաձայնվեցիր գնալ այդ քայլին:

-Դա պրոֆեսիոնալ աշխատանք է: Կադրից դուրս ես մոռանում եմ, որ նման բան եղել է:

-Դու կնամո՞լ ես, թե՞ կնամեծար:

-Ոչ կնամոլ եմ, ոչ էլ` կնամեծար: Ես մարդ եմ, ով սիրում է կանանց եւ վերջ:

-Ի՞նչ է ուզում կինը:

-Առաջին հերթին ուշադրություն... ուզում է, որ նրա մասին հոգ տանեն, գնահատեն: Երբեմն հենց այդ վերոնշյալի պակասի դեպքում են ծագում կին-տղամարդ վեճերը:  

-Ճակատագրական կնոջը հանդիպե՞լ ես:

-Այսինքն, կին, որ հեղաշրջե՞լ է իմ կյանքը (այստեղ զրուցակիցս վառում է ծխախոտը.-Վ.Մ.): Դժվար թե, այդպիսի կնոջ հանդիպեմ: Այդ կինը հաստատ չի կարող փոխել ինձ: Եթե նա սկսի փոխելու գործընթացը, մեր ջուրը մեկ առվով հաստատ չի հոսի: Իսկ լավ առումով ասված, ճակատագրական կնոջը, այո՛, հանդիպել եմ...

-Նման կանանցից, սովորաբար, տղամարդիկ չեն հեռանում...

-Պարտադիր չէ, որ նա լինի կողքիդ: Նրան կարելի է հիշել...

Զրույցը`ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում