livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Ասում են՝ մինի կիսաշրջազգեստի իրական հեղինակն ու առաջին կրողը եղել է մի անգլիացի կին, ով հին հագուստները դասավորելիս երկար փեշով կիսաշրջազգեստն ափսոսելով դեն նետել, կարճացնում է սիրված հագուստի փեշը: Իսկ երբ հայտնի դիզայներների նոր լուծումներով արդեն նորաձեւության հարթակ բարձրացան կարճ կիսաշրջազգեստները, իրականում լոնդոնյան փողոցներում արդեն կարելի էր հանդիպել համարձակ կանանց, որոնք հագնում էին այդ փոքրիկ «ֆանտազիաները»:

Դեռ 60-ական թվականներին, երբ նորաձեւություն ներխուժեցին «մինի» կիսաշրջազգեստները, նորաձեւության մեծ հեղափոխության հիմնադիրներ` անգլիացի մոդելավորող Մերի Կուանտինը եւ ֆրանսիացի մոդելավորող Անդրե Կուռեժը դժվար թե կարող էին կանխատեսել, որ ավանդույթներով ու բարքերին խիստ հետեւող մեր երկրում 70-ականներին ամենանորաձեւ «մինի» կիսաշրջազգեստը շատ կսիրվի գեղեցիկ սեռի կողմից: Այս հարցում չանտեսենք արական սեռի ներկայացուցիչներին, քանի որ նրանց աչքի համար հաճելի փոքրիկ «ֆանտազիան» չէր կարող անտարբերության մատնվել մեր շատ ուշադիր տղամարդկանց տեսադաշտից: Այլ հարց է՝ իրե՞նք էլ կունենան այդքան համարձակություն, որպեսզի թույլ տան իրենց կանանց կրել այդքան փոքրիկ, բայց  իր մեջ շատ երեւակայություն պարունակող կարճ կիսաշրջազգեստը: Բայց համոզված ենք, որ դրան հասնելու համար հայ կինը ցանկության դեպքում ջանքեր չէր խնայի:

Խոստովանենք, որ մեր օրերում էլ այդ կարճ «ֆանտազիան», անտարբերություն չի առաջացնում ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց կողմից: Գուշակենք, թե 70-ականներին որքան համարձակություն են  ունեցել հայ կանայք ու աղջիկները, որպեսզի իրենց գեղեցիկ, միգուցե նաեւ շատ դեպքերում էլ ոչ այդքան գեղեցիկ ոտքերի մեծամասնությունը ցուցադրեին: Ժամանակներն անցնում են, բայց 21-րդ դարում էլ հաճախ հայ կանայք ու աղջիկները կարճ կիսաշրջազգեստ կրելուց առաջ մի փոքր երկար են մտածում:  Չբացառելով բազմաթիվ այն անհարմարությունները՝ կարճ կիսաշրջազգեստներ կրելու դեպքում, սկսած երթուղային տաքսիներից մինչեւ անընդհատ հետեւող հայացքները, էլ չենք խոսում այն «բարեկիրթ» ու «զուսպ» տղամարդկանց մասին, որոնք «անտարբեր» կարող են անցնել ձեր կողքով ու «չնկատել» ձեր կարճ «ֆանտազիան» եւ չշռայլել մի քանի հաճելի խոսքեր: Երբեմն համբերությունդ չափ ու սահման չի ունենում, երբ այդ «ջերմ» խոսքերին միանում են նաեւ մեր տատիկներն իրենց թարս նայվածքով եւ բարոյախրատական հրապարակախոսություններով, գուցե մոռանալով, որ իրենք էլ ժամանակին կրել կամ էլ ցանկության դեպքում համարձակություն չեն ունեցել կրելու այդ կարճ կիսաշրջազգեստները: Ինչեւէ, չմոռանանք, որ 70-80-ական թվականներին համարձակ էին համարվում նաեւ այն կանայք, որոնք տաբատներ էին կրում: Նրանք անգամ պատկերացում չունենալով, որ ընդամենը մի քանի տասնամյակ անց գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, առանց բարդույթների ու վստահ կկրեն տաբատ, նույնիսկ որոշ ժամանակ մոռանալով կիսաշրջազգեստների գոյության մասին: Եւ միայն  ձմռան ցրտին կանանց ոտքերը ջերմացնող տաբատները գարնանը իրենց տեղը կզիջեն կիսաշրջազգեստներին, եւ որքան օրերը տաքանում են, նրանք դառնում են էլ ավելի կարճ ու հաճելի աչքի համար, բայց իհարկե եկեք չմոռանանք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Կիսաշրջազգեստների կարճությունն եւ նրանց տեսանելի հաճելիությունն էլ փորձեցինք պարզել հայտնի տղամարդկանցից:

Երգահան, նկարիչ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նկատել է, որ հայ կանայք ու աղջիկները գարնանն են ավելի հաճախ կիսաշրջազգեստ հագնում: Երգահանը խոստովանեց. «Ինձ դուր է  գալիս, երբ կինը կրում է ե՛ւ տաբատ, ե՛ւ կիսաշրջազգեստ»: Իսկ, թե արդյոք այսօրվա մեր երիտասարդ աղջիկների համար համարձակություն է հագնել կարճ կիսաշրջազգեստ, լուսանկարիչը հավելեց. «Այսօր մեր երտասարդությունն ավելի քան համարձակ է, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»:

Դերասան, ռեժիսոր ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ համաձայն է, որ 70-ականներին հայ կանայք ու աղջիկները ավելի հաճախ էին կիսաշրջազգեստներ հագնում. «Սիրում եմ այն, ինչ գեղեցիկ է, ամեն մարդ պիտի հագնի այն, ինչ իրեն սազում է: Եթե մարդ ունի համապատասխան կազմվածք՝ հատկապես ոտքեր եւ մարմին, որը թույլ է տալիս հագնել կարճ փեշեր: Բայց երբեմն էլ այդ կարճ փեշերը ճիշտ հակառակ ազդեցությունն են թողնում, եւ աշխատում ես չնայել»: Իսկ այն, որ վերջին տարիներին կանայք ավելի հաճախ հագնում են տաբատներ, դերասանը ծիծաղելով ավելացրեց, որ առանձնապես չի էլ նայում նրանց, բայց վրդովված խոստովանեց. «Ավելի լավ է՝ մինի կիսաշրջազգեստ հագնեն, քան երկու սանտիմետր «ցեպ» ունեցող ջինսերը, ու, չգիտես ինչու, միշտ պետք է վարտիքի ռեզինը երեւա: Մեզ մոտ գարնան գալուն պես չեն սկսում ավելի հաճախ հագնել կիսաշրջազգեստ, այլ դեռ ձմեռը չավարտված, չգիտես ինչու, սկսում են փորերը բացել, մանավանդ երիտասարդները: Մայրանալու եք, Ձեզ ուշադրություն դարձրեք»:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ռմբարկու ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՑ երբ  ցանկացանք պարզել՝ ինչ է մտածում կիսաշրջազգեստների մասին, ֆուտբոլիստը պատասխանեց. «Շատ հետաքրքիր հարցեր եք պատրաստել, բայց ես չեմ կարող պատասխանել»: Երեւի թե պատճառն այն է, որ մեր հպարտությունը, որը վերջին երկու տարիներին հանդես է գալիս Դոնեցկի Շախտյորում, շատ է բացակայում մեր երկրից ու այնքան քիչ ժամանակ է լինում Հայաստանում, որ ուշադրություն չի էլ դարձրել աղջիկների կիսաշրջազգեստներին: Միգուցե նաեւ այն պատճառով, որ վերջին ժամանակահատվածում մամուլն այնքան շատ հարցեր է ուղղում ֆուտբոլիստին՝ կապված իր խաղային որակի, լավ մարզավիճակի, գոլերի քանակի ու բարեգործությունների մասին, որ մարզիկը նմանօրինակ հարցերի պատասխանելու ժամանակ չունի:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ անկեղծացավ. «Շատ եմ հավանում 70-ականների կիսաշրջազգեստները, հատկապես պուտավոր կիսաշրջազգեստները: Ուրախ եմ, որ մեր հայ կանայք ու աղջիկները սկսել են հագնել կիսաշրջազգեստներ, որովհետեւ կողքից այն շատ գեղեցիկ է դիտվում: Երբ կնոջս առաջին անգամ տեսա, հագել էր գեղեցիկ կիսաշրջազգեստ, եւ այդ հանգամանքը օգնեց իրեն դառնալ իմ կինը»: Դերասանը նկատել է. «Գարունը բացվելուն պես հայ կանայք սկսում են կիսաշրջազգեստներ հագնել: Ամեն ինչ ծաղկում է, ու մեր աղջիկներն էլ սկսում են էլ ավելի գեղեցկանալ, ինչն ինձ շատ է ուրախացնում: Իսկ կարճ կիսաշրջազգեստ հագնելը ոչ թե համարձակություն եմ համարում, այլ հատկապես տղամարդկանց ուշադրություն գրավելու միջոց: Բնությունն է այդպիսին, կինը պետք է գրավի տղամարդու ուշադրությունը: Եթե գեղեցիկ ոտքեր ունեն, թող ցույց տան, քան թե տաբատ հագնեն: Անկեղծ ասած՝ չեմ սիրում, երբ աղջիկները տաբատ են հագնում»:

Հեռուստահաղորդավար ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ կարծում է, որ այն կանայք, որոնք նախընտրում են կիսաշրջազգեստ հագնել տարվա եղանակն իրենց համար կապ չունի. «Տաբատն ամենօրյա է, իսկ կիսաշրջազգեստը կնոջը դարձնում է ավելի սեքսուալ: Հայ կանայք քիչ են կիսաշրջազգես հագնում»: Հաղորդավարը սակայն 70-ականների մասին խոսելով ասաց. «Սխալ է համարել, որ 70-ականներին միայն համարձակներն են կրել կարճ կիսաշրջազգեստներ: Այդ տարիներին, համարձակության նժարի վրա շատ տարբեր քարեր էին դրված եւ սեքսուալ լինելը արտահայտվում էր այլ կերպ: Հիմա այն ավելի գռեհիկին է մոտ, չնայած երբեմն էլ կրքոտ է լինում»:

 

 

Հ.Գ. Հագեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, բայց մի մոռացեք, որ այն, ինչ հագնում եք, պետք է հաճելի լինի նաեւ դիմացինների  համար: Ու մի մոռացեք, որ շատ դեպքերում դուք եք գեղեցկացնում հագուստը, այլ ոչ թե այն Ձեզ:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում