livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

bjishk1Աշխարհում գնալով շատանում է սնկային հիվանդություններով վարակվածությունը, իսկ դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավելի շատ են գնում սպորտդահլիճներ, լողավազաններ, մատնահարդարների մոտ են շատ այցելում»,- «Զարուհու» հետ զրույցում ասաց թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆՆ ու հավելեց, որ այս հիվանդությունների աճը ավելի շատ նկատվում է քաղաքաբնակների մոտ: Մասնագետը շեշտում է, որ այն երկրները, որտեղ կյանքի որակն ավելի բարձր է, այնտեղ սնկային հիվանդությունների տարածվածությունն ավելի բարձր է…

Ըստ Ա.Ղազարյանի, սնկային հիվանդությունների զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում հատկապես տարվա տաք եղանակին` գարնանը եւ ամռանը.

«Նպաստող պայմանները մի քանիսն են: Շոգ եղանակին` գերքրտնարտադրությունն է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում սնկերի բազմացման համար, թեպետ գոյություն ունեն սնկերի տեսակներ, որոնց համար եղանակային պայմանները նշանակություն չունեն: Այսինքն` խոսելով, որ ամռան ամիսներին շատանում են սնկային ախտահարումները, պետք է վերագրել աճուկային մասում զարգացող սնկերին, մեծ կոնքերի շրջանի սնկերին, կանդիդոզին, ոտնաթաթի սնկերին, որոնց առաջացման պատճառներից հիմնականը` բարձր ջերմաստիճանն ու խոնավ պայմաններն են»: Մաշկավեներաբանն ընդգծեց, որ սնկերի բազմացման համար վերոնշյալ պայմանները համարվում են իդեալական:

Ա. Ղազարյանի փոխանցմամբ, սնկային ախտահարում ձեռքբերելու երեք հիմնական տեսակ են տարբերում. անտրոպոնոզ, զոոանտրոպոնոզ եւ գեոֆիլ.

«nogi3Անտրոպոնոզը փոխանցվում է մարդուց մարդուն, այսինքն` հիվանդ մարդու հետ սերտ շփումից: Զոոանտրոպոնոզի ժամանակ մարդը վարակվում է կենդանիներից. շուն, կատու, խոշոր եւ մանր եղջրավոր անասուններ: Գեոֆիլ տեսակի սունկ մարդը կարող է ձեռքբերել հողից: Սովորաբար, այս տեսակի սնկային ախտահարումով  մաշկայինին դիմում են այգեգործները կամ հողի հետ սերտ շփվող մարդիկ»,- պարզաբանում է Ղազարյանն ու շարունակում, որ սնկային ախտահարումներն իրենց կլինիկական ընթացքով շատ տարբեր են լինում.

«Գոյություն ունեն սնկերի տեսակներ, որոնք ախտահարում են մաշկի եղջերային շերտը: Մաշկի վրա ի հայտ են գալիս շագանակագույն բծեր: Աճուկային, ոտնաթաթի սնկերի ժամանակ մարդու մաշկը կարմրում է, առաջանում է քորի, այրոցի զգացողություն, կարող է ընթանալ թեփոտումով (սպիտակավուն մանր թեփուկներ են առաջանում)»,- բացատրում է բժիշկն ու նշում սնկային ախտահարումներից պայքարելու տարբերակներ:

«Տարբերում ենք երկու հիմնական եղանակ սնկային ախտահարումներից պայքարելու. անհատական եւ հասարակական: Առաջինի դեպքում` յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական օգտագործման պարագաները` սանր, գլխարկ, գլխաշոր, սրբիչ, լաթիկներ, կոշիկներ: Հասարակականի դեպքում` ռիսկային գոտիներում, որտեղ սնկով վարակվելու հավանականությունը մեծ է պետք է պարբերաբար կատարվեն ստուգումներ: Օրինակ` լողավազան, սպորտդահլիճ հաճախող բոլոր մարդիկ պետք է պարտադիր ենթարկվեն բժշկական հետազոտության: Հարկ է նաեւ պարբերաբար այցելություններ կատարվեն մանկապարտեզ, դպրոց, վարսավիրանոց, մատնահարդարների մոտ:

Լողավազաններում պետք է լինեն ջրային գորգեր հասկացողությունը: Այսինքն` լողավազան մտնելուց առաջ յուրաքանչյուրը պետք է իր ոտքերը թաթախի հականեխիչ լուծույթի մեջ»,- խորհուրդ է տալիս մաշկավեներաբանն ու զգուշացնում, որ վարակի աղբյուր կարող են հանդիսանալ նաեւ սպիտակեղենը (բարձի երես, սավան…): Ըստ բժշկի, սնկային թեփուկներով ախտոտված յուրաքանչյուր սպիտակեղեն, հագուստ, ոտնաման վարակի պոտենցիալ աղբյուր է:

Ղազարյանը պնդում է, որ սնկային թեփուկները իրենց կենսունակությունը կորցնում են միմիայն բարձր ջերմաստիճանի տակ:

Հարցրեցինք նաեւ, թե արդյոք սնկային ախտահարման պատճառ կարո՞ղ են լինել նաեւ դեղամիջոցների սխալ կիրառումը, Ա. Ղազարյանի պատասխանը հետեւյալն էր. «Այո, երբեմն հակաբիոտիկների ոչ ռացիոնալ, երկարատեւ օգտագործումը նույնպես կարող են հանդիսանալ սնկային ախտահարման պատճառ: Հակաբիոտիկներից զատ, պատճառ կարող են լինել  կորտիկոստերոիդները (հորմոնալ դեղամիջոցներ), ցիտոստատիկները (հակաուռուցքային  դեղամիջոցներ), ինչպես նաեւ օրգանիզմի դիմադրողականության  անկումը»:

Ղազարյանը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ: Ցանկացած քորի, մազերի թեփոտման, մազաթափության,  եղունգների գույնի փոփոխության դեպքում հարկ է դիմել մասնագետի: «Սնկային ախտահարումները ախտորոշելու համար երբեմն բավական է լինում արտաքին զննումն, ինչպես նաեւ լաբորատոր քննությունը. ախտահարված հատվածից վերցվում է քերուկ: Ցանկացած դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելը` սխալ է: Չի բացառվում սրել հիվանդության ընթացքն ու ձեռքբերել երկրորդական վարակ: Սնկերը բերում են մաշկի տվյալ հատվածի բորբոքմանը, միկրոճեղքերի առաջացմանը, մաշկի պաշտպանական ֆունկցիաների անկմանը, որի ֆոնի վրա կարող են առաջանալ թարախային ախտահարումներ, որոնց երկարատեւ չբուժումը կարող է բերել էկզեմայի զարգամցմանը: Իսկ կանդիդա շարքի սնկերով ախտահարման ժամանակ (կանդիդա սունկը պայմանական ախտածին սունկ է, որը համապատասխան պայմաններում ձեռք է բերում ախտածին հատկություններ), այսինքն` կանդիդոզի` կարող են ախտահարվել ներքին օրգանները. շնչափողը, բրոնխները, կերակրափողը...»,- ասում է Արտակ Ղազարյանը:

Ի դեպ, կանդիդա սունկը համարվում է նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակ: Ըստ բժշկի, այն կարող է ախտահարել  հեշտոցը եւ արգանդի վզիկը, ինչպես նաեւ միզուկն ու երիկամները. «Կանդիդոզով  վարակված մարդը պետք է մաշկաբանի մշտական հսկողության տակ լինի եւ կանխարգելիչ միջոցառումներ կիրառի: Ոտնաթաթի կամ աճուկային սնկերը կարող են վերջնական բուժում ստանալ, եթե չլինի կրկնակի վարակում նրանք այլեւս չեն կրկնվի»,- հայտնում է Ղազարյանն ու եզրափակում, որ սնկերի բուժումը երկարատեւ է: Բուժման համար գոյություն ունեն տարբեր եղանակներ. դեղահաբերով,  ներերակային ներարկումներ, քսուկներ եւ այլն:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ԸՍՏ ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ

nogi1. Շոգ եղանակին, հարկ է հրաժարվել սինթետիկ հագուստից: Ցանկացած սինթետիկ հագուստ կարող է նպաստել սնկի զարգացմանը:

2. Եթե կոշիկները արհեստական կաշվից են պատրաստված, առաջացնում են տվյալ մարդու մոտ քրտնարտադրություն, այսինքն` ոտքերը միշտ քրտնած վիճակում են լինում, հետեւաբար, բարենպաստ պայման է սնկի համար:

3. Լողավազանից դուրս գալուց հետո պարտադիր օճառով պետք է լվանալ ոտքերը եւ ունենալ անհատական փոքրիկ սրբիչ` նախատեսված միայն ոտքերի համար: Հատկապես պետք է լավ չորացնել միջմատնային ծալքերը:

4. Սնկային ախտահարում ունեցող հիվանդը պետք է լիովին բուժվի: Բուժումը հարկ է կատարել մինչեւ վերջին առողջացումը, այլ ոչ թե նշանների վերացումը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում