livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

Ըստ սեքսապաթոլոգի, չբերությունը դատավճիռ չէ

 

bjishk1«Ժամանակը անցնում է, իսկ սարսափելի ախտորոշումը դեռ չի նահանջում, որը կարծես թե դատավճիռ լինի: Սովորության համաձայն, կինն այցելում է բազմաթիվ բժիշկների,  հանձնում է անալիզներ եւ փորձում է գտնել պատճառները, իսկ անհոգ ամուսինը չի էլ կռահում, որ խնդիրը հենց իր մեջ է»,- «Զարուհու» հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոլոգիայի  ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ու հավելեց, որ առանց երեխայի երիտասարդ ընտանիքը զուրկ է  ամենամեծ հաճույքից` երեխա մեծացնելու երջանկությունից:

Շահրամանյանի դիտարկմամբ, բացի դրանից, անզավակ ընտանիքը, որպես կանոն, անկայուն է, այդ ընտանիքում  ամուսինները շաղկապված չեն երեխայի հանդեպ ընդհանուր պատասխանատվությամբ եւ հոգատարությամբ, ուստի հաճախ հեշտությամբ բաժանվում են` առաջին իսկ դժվարություններին բախվելիս: Ըստ զրուցակցի, շուրջ 80 մլն մարդ աշխարհում այսօր տառապում է չբերությամբ, եւ նրանց մեծամասնությունը ապրում է զարգացող երկրներում:

Անպտղության հաճախականությունը տարբեր երկրներում ունի տարբեր ցուցանիշներ: Վիճակագրությունը փաստում է, որ կանանց եւ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է գրեթե նույն հավանականությամբ: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, եւ տարեցտարի վիճակը ավելի է բարդանում` էկոլոգիայի ազդեցությունը, սթրեսային վիճակների առատությունը, վնասակար սովորությունները եւ, իհարկե, ամենակարեւորը`անցանկալիությունը  ժամանակ հատկացնել հիվանդության կանխարգելման համար:

Անպտուղ ամուսնությունը ոչ այնքան քայքայում է երկու մտերիմ անձանց ֆիզիկական առողջությունը, որքան ժանգի պես ներսից կրծում է նրանց փոխադարձ զգացմունքները:

Հարցին, թե ինչ է անպտուղ ամուսնություն ասվածը, Շահրամանյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Անպտուղ ամուսնությունը կարեւոր հիմնախնդիր է սոցիալական եւ բժշկական առումներով: Յուրաքանչյուր չորրորդ դեպքում անպտղությունը ամուսնալուծության պատճառ է դառնում: Անպտուղ կոչվում է այն ամուսնությունը, երբ առանց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման հղիություն չի առաջանում կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում: Նախկինում սերունդ չունենալու պատճառով հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող է մեղավոր լինել թե՛ կինը, թե՛ տղամարդը»: Շահրամանյանը պնդում է, որ անպտղության կարող են հանգեցնել մի շարք հիվանդություններ կամ վիճակներ.

sexolog«Տղամարդկանց անպտղությունը լինում է առաջնային եւ երկրորդային: Առաջնային անպտղությունը, երբ առկա է բեղմնավորման անկարողունակությունը, առնչվում է սերմնահեղուկի (սպերմա) ախտաբանական փոփոխությունների հետ, պայմանավորված է սպերմատոզոիդների ոչ բավարար քանակությամբ եւ շարժունակության պակասով, երբեմն էլ դրանց լրիվ բացակայությամբ: Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, այսպես կոչված, մասնագիտական վնասակարությունները, զարգացման բնածին արատները: Տղամարդկանց անպտղության հաճախակի հանդիպող պատճառներից են կրիպտորխիզմը (գաղտնամորձություն), երբ ամորձիները մնում են որովայնի խոռոչում եւ չեն իջնում ամորձապարկ եւ սերմնատար երակների լայնացումը (վարիկոցելե), որը պայմանավորված է երիկամային երակում ճնշման բարձրացումով: Օրինակ՝ դրա նեղացման դեպքում, ինչը հանգեցնում է արյան հակառակ հոսքին ամորձաերակում եւ սերմնատար երակների լայնացման:

Երկրորդային անպտղությունը, որպես օրենք, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում), այդ թվում նաեւ պարօտիտ (խոզուկ), թոքախտ, բրուցելոզ առաջացնող վարակների, ինչպես նաեւ վնասվածքների հետեւանք է: Սակայն ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են` գոնոռեա (սուսանակ), տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ: Այս հիվանդությունները, առաջացնելով սերմնատար ուղիների, սերմնաբշտերի եւ գեղձերի բորբոքում, հաճախ առաջացնում են կպումներ եւ կոշտություններ, որոնց հետեւանքով ստեղծվում է սպերմատոզոիդների դուրս գալուն խանգարող մեխանիկական արգելք, եւ սերմը դառնում է անկենսունակ»:

Շահրամանյանի փոխանցմամբ, տարբեր են նաեւ կանանց անպտղության պատճառները, որոնք նույնպես լինում են առաջնային եւ երկրորդային.

«Առաջնայինն այն վիճակն է, երբ կինը, ունենալով մշտական չպաշտպանված սեռական հարաբերություններ, այնուամենայնիվ, չի հղիանում: Երկրորդայինն այն վիճակն է, երբ կինը անպտուղ է դարձել վիժումից կամ մի քանի հղիություններից հետո:

Առաջնային անպտղության գլխավոր պատճառները զարգացման բնածին արատներն են, ձվարանի թերֆունկցիան կամ բացակայությունը, նյարդահոգեկան եւ հորմոնային խանգարումները: Հաճախ չհղիանալու պատճառ են հանդիսանում ներքին սեռական օրգանների բորբոքային երեւույթները, այդ թվում` զանազան սեռավարակները, որոնցով էլ պայմանավորվում է երկրորդային անպտղությունը: Սովորաբար, բորբոքումը վնասում է արգանդափողերը, որոնք այլեւս չեն կրճատվում, եւ արդյունքում դժվարանում է ձվաբջիջների շարժումը ձվարանից դեպի արգանդ: Ավելին` բորբոքման հետեւանքով հաճախ առաջանում են կպումներ, փակվում է փողերի լուսանցքը, եւ սպերմատոզոիդն անկարող է հաղթահարել այդ արգելքը»:

Հետաքրքրվեցինք, թե արհեստական վիժումը կարող է անպտղության պատճառ լինել. «Անպտղության առավել տարածված պատճառներից է արհեստական վիժումը (աբորտ): Նույնիսկ եթե արհեստական վիժումը բորբոքում չի առաջացրել, նրա ազդեցությունն օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, բացասական է, քանի որ խախտվում է դաշտանային ցիկլի տեւողությունը, խանգարվում է էնդոկրին գեղձերի գործունեությունը:

Լինում են դեպքեր, երբ հղիությունն սկսվում է, բայց ավարտվում է պտղի ներարգանդային վախճանով, ինքնաբեր վիժումով: Այս դեպքում խոսում են պտուղը կրելու անկարողունակության մասին: Սա էլ անպտուղ ամուսնության պատճառներից է եւ պահանջում է տեւական ու հետեւողական բուժում»,- պարզաբանում է սեքսոպաթոլոգն ու ընդգծում, որ գոյություն ունեն նաեւ առաջին հայացքից աննշան թվացող երեւույթներ, որոնք իրենց հետ հեռուն գնացող հետեւանքներ են բերում: Օրինակ` ոչ ճիշտ ընտրված եւ  շատ կիպ հագուստը (ներքնազգեստ, անդրավարտիք), որը կարող է ամորձիների գերտաքացում առաջացնել` դրանով իսկ հետագայում հանգեցնելով տղամարդու անպտղության:

Շահրամանյանի խոսքով,  գոյություն ունեն անպտղության բուժման տարբեր եղանակներ: Բժիշկը հորդորում է. «Կարեւորը՝ չուշացնել: Պետք է ժամանակին դիմել  համապատասխան բժիշկ-մասնագետի օգնությանը եւ երբեք չկորցնել առողջանալու հույսը»:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ԸՍՏ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ


ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

bjishkՊետք է հիշել, որ առողջ սերունդ ունենալու համար պետք է տեղյակ լինել սեռական կյանքի այբուբենին, զերծ մնալ պատահական, թեթեւամիտ սեռական կենսակերպից, զանազան ճակատագրական դիետաներից:

Վտանգավոր է, երբ դեռ չձեւավորված դեռահաս աղջիկները, հետեւելով մոդայի դատարկամիտ ու անառողջ կանչերին, զբաղվում են թերսնմամբ` «վաստակելով» անպտղության հեռանկարը: Սակայն յուրաքանչյուրը պետք է հիշի, որ օտարածին քամիներից արհեստականորեն հրամցվող  յուրաքանչյուր չափորոշիչ, օրինակ` 90/60/90-ը, անիմաստ է, քանի որ յուրաքանչյուր էակի հատկանիշները ձեւավորվում են նրա գենետիկ ծրագրինհամապատասխան, եւ յուրաքանչյուրը գեղեցիկ է հենց իր յուրահատկության շնորհիվ, իսկ այդ «գործարանային շտամպը» իռացիոնալ է եւ հակաբնական:


ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Ամենօրյա սննդի մեջ ցանկալի է ներառել  շոկոլադ, նարինջ, թուրինջ եւ հատկապես դեղին քաղցր խնձոր:

Չպետք է մոռանալ նաեւ կիտրոնի մասին, քանի որ այն պարունակում է թթու, որը երկարացնում է սպերմատոզոիդների կյանքը: Նրանց ակտիվությանը նպաստում են նաեւ ցինկով հարուստ ծովամթերքներն ու անտառային հատապտուղները: Եվ, իհարկե, տղամարդը պետք է բավարար քանակությամբ սպիտակուցներ ստանա:

Հարկ է հրաժարվել նաեւ ծխելուց:  Այսօր ապացուցված է, որ ծխելը մի քանի անգամ նվազեցնում է սերմնահեղուկի որակական եւ քանակական ցուցանիշները:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում