livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

Երբեմն կրքի ալիքը ճակատագրական է լինում: Չզսպված զգացմունքները, օրինակ` ջերմ համբույրի տեսքով, հնարավոր է` պարզապես ընկերական, հաճախ` անմեղ, կարող են առողջությանը լուրջ վնաս հասցնել: Չարաբաստիկ հիվանդություններից մեկի` հերպեսի մասին, որի պատճառ, ի դեպ, հաճախ դառնում է հենց համբույրը, «Զարուհու» հետ զրույցում մանրամասներ հաղորդեց մաշկավեներաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

 

Բժիշկը նշում է. «Հերպեսը (տենդաբշտիկ) աշխարհի ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է: Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը»:

Մեր ճշտմանը` արդյո՞ք հերպեսը կարիեսից հետո երկրորդ լայն տարածում ունեցող հիվանդությո՞ւնը չէ, Ա. Ղազարյանը բացասական պատասխան տվեց.

«Ամենատարածվածը ստաֆիլակոկային ինֆեկցիաներն են:

Գոյություն չունի մի մարդ, որ չունենա թարախային բժշտիկներ: Տարածվածության աստիճանով երկրորդ տեղում են սնկային հիվանդությունները: Ինչպես նշեցինք, հերպես հիվանդությունը առկա է բնակչության  90 տոկոսի մոտ, բայց բոլորի մոտ չէ այն արտահայտվում: Ուստի ասել, որ հերպեսը ամենատարածված հիվանդությունն է, սխալ է»:

Խոսելով այս հիվանդության տեսակների մասին` մաշկավեներաբանը նկատեց, որ հասարակ հերպեսը երկու տիպի են լինում` հերպես 1 եւ 2: Նախկինում գտնում էին,  որ հերպեսի երկրորդ տեսակը ախտահարում է սեռական օրգանները, իսկ առաջինը` շրթունքները: Սակայն տարիների ընթացքում լաբորատոր անալիզները ցույց տվեցին, որ հստակ սահմանազատում այսօր գոյություն չունի, քանի որ սիրախաղի եւ համբույրի սահմաններն են տարածվել:

Վարակվելու համար, ըստ Ա. Ղազարյանի, պետք է սերտ շփում լինի ախտահարված հատվածի հետ կամ արտադրության հետ: Հերպեսը հնարավոր է փոխանցել, օրինակ, թքի հետ սերտ շփվելիս: Սա այն դեպքում, եթե բերանի խոռոչում կա հերպետիկ ցանավորում: Սեռական հարաբերության ժամանակ էլ հերպեսը կարող է փոխանցվել սեռական արտազատուկի միջոցով:

Ա. Ղազարյանին հարցրեցինք, թե ինչպես է իր մասին զգացնել տալիս հերպեսը: «Հերպեսի ժամանակ առաջանում է վերքային մակերես` մանր բժշտիկներով, որոնք վերածվում են մանր վերքերի եւ արագ լավանում են: Հասարակ հերպեսը տեւում է 7-10 օր»:

Ի դեպ, միշտ չէ, որ հերպեսը ունենում է կլինիկա (արտահայտման ձեւ): Հնարավոր է, որ մարդ ունենա վիրուս եւ իր ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ չիմանա դրա առկայության մասին:

Զրուցակիցս նաեւ հավելեց, որ վիրուսը կարող է ակտիվանալ բարձր ջերմություն ունեցող տենդային հիվանդությունների, վիրահատությունների, նեյրովիրաբուժական միջամտությունների ժամանակ, ինչպես նաեւ ընդհանուր հյուծվածության եւ վիտամինային բալանսի խախտման դեպքերում, երբ թուլանում է օրգանիզմի իմունային համակարգը:

«Եթե օրգանիզմն առողջ է, հերպեսը կարող է արտահայտվել տեղային երեւույթներով` քոր, ցավ, ծակծկոցի, դիսկամֆորտի զգացողությունով»,- պարզաբանում է մաշկավեներաբանն ու հավելում, որ եթե հիվանդի մոտ չի ավելանում ստաֆիլակոկային ինֆեկցիան, ապա նա շուտափույթ կարող է ապաքինվել:

Հետաքրքրվեցինք, թե ինչ վտանգ կարող է հասցնել հերպեսը հղի կանանց: «Նախ անհրաժեշտ է պարզել, թե հղին երբ է վարակվել հերպեսով, երբ է եղել հիվանդության առաջին էպիզոդը: Եթե առաջին էպիզոդը եղել է հղիությունից առաջ, այն պտղին ոչ մի վնաս չի կարող տալ: Իսկ եթե առաջին էպիզոդը հղիության ընթացքում է արձանագրվել` սեռական օրգանների շրջանում, ապա ցանկալի է, որ կատարեն  կեսարյան հատում: Ծննդաբերական ուղիները կարող են վարակել երեխային: Արգանդի վզիկին տեղակայված հերպեսը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության, վիժման»,- ասաց Ա. Ղազարյանը:

Բժիշկը խորհուրդ է տալիս զերծ մնալ համբույրներից, որոնք այս դեպքում կարող են լինել անչափ վտանգավոր եւ ճակատագրական. «Եթե շրթունքի վրա կա հերպեսի ցանավորում, դա արդեն ահազանգ է»: Ամսվա մեջ մի քանի անգամ հերպեսը կրկնվելու դեպքում մաշկավեներաբանը խորհուրդ է տալիս ստանալ հակավիրուսային բուժում, օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ: Տարվա մեջ մեկ-երկու անգամ հերպեսի կրկնվելու դեպքում անհանգստանալու որեւէ կարիք չկա: Կարելի է օգտվել արտաքին օգտագործման հակավիրուսային քսուքներից:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հ.Գ. Հիշեցնենք, որ յուրաքանչյուր հիվանդության ժամանակ անհրաժեշտ է այցելել բժշկի եւ չառաջնորդվել այն անհեթեթ կարծիքով, թե ամեն ինչ ինքնիրեն էլ կանցնի... Սխալ է ինքնաբուժությունը: Հերպեսի դեպքում անհրաժեշտ է ստանալ մաշկավեներաբանի խորհրդատվություն:  Հղի կանանց խորհուրդ է տրվում  անալիզ հանձնել եւ պարզել հերպեսի առկայությունը, ինչպես նաեւ պահպանել տարրական հիգիենայի կանոնները:

Առողջ եղե՛ք:

 

# meri 2016-02-14 16:04
BAREV DZEZ ETE HXINERI MOT BELOK@ 00,99n -e, normayi sahmanum e? norman inchqan piti lini?? NAXAPES SHNORHAKALUTYUN
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում