livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 12, 2020

Mashakayin- Ինչպե՞ս խնամել մաշկը ցուրտ եղանակին

Վարդան Ներսիսյան, մաշկավեներաբան.

- Մաշկը, ունենալով մոտավորապես 2 քմ մակերես եւ կազմելով մարմնի զանգվածի 20%-ը համարվում է մարդու օրգանիզմի ամենախոշոր օրգաններից մեկը: Այն կարծես հանդես է գալիս որպես պատնեշ` պաշտպանելով մեզ արտաքին միջավայրի անբարենպաստ գործոններից: Բացի պաշտպանական ֆունկցիայից, մաշկը մի շարք կարեւորագույն ֆունկցիաներ է կատարում, այդ թվում ջերմակարգավորիչ, իմուն, շնչառական, էնդոկրին, կոսմետիկ, մասնակցում է նյութափոխանակությանը եւ այլն:

Ընդ որում, մաշկի նորմալ վիճակի պահպանումը անհրաժեշտ է ոչ միայն մեր օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար, այլ նաեւ մեծ նշանակություն ունի անհատի հոգեբանական նորմալ վիճակի համար:

Առավել ուշադիր խնամքի կարիք ունի մաշկը ձմռանը` ելնելով մի շարք անբարենպաստ գործոնների առկայությունից` ցուրտ, քամի, տներում առկա չոր օդ, որոնք վնասում են մաշկի պաշտպանիչ շերտը: Առաջին հերթին խոսքը դեմքի եւ ձեռքերի մաշկի մասին է: Ձմռանը առավել հաճախ հանդիպող խնդիրներից է մաշկի գրգռվածությունը, որն ուղեկցվում է կարմրությամբ եւ թեփոտմամբ: Այդ երեւույթների պատճառ են դառնում սառը, խոնավ օդը, ինչպես նաեւ ջերմաստիճանի կտրուկ տատանումները, երբ մարդ դրսից հայտնվում է ջեռուցման սարքերի աշխատանքի հետեւանքով չորացած օդով տներում կամ հաստատություններում: Արդյունքում առաջանում է մաշկի ջրազրկում, որը մի շարք խնդիրներ է առաջացնում: Ցրտի ազդեցությամբ հաստանում է մաշկի մակերեսային շերտը` էպիդերմիսը, սառը, խոնավ օդը, քամին ջրազրկում են մաշկը, իջնում է ճարպագեղձերի աշխատանքը, որի հետեւանքով մաշկը չորանում եւ կոպտանում է: Այս գործոնները բերում են նաեւ մաշկի վաղաժամ ծերացման:

Սակայն ճիշտ խնամքի դեպքում հնարավոր է խուսափել նշված անցանկալի երեւույթներից: Խնամքը պետք է ուղղված լինի մաշկի ջրաճարպային պաշտպանիչ շերտը պահպանելուն:

mashkՁմռանը լվացվելուց խորհուրդ չի տրվում օգտագործել ծորակի ջուր եւ օճառ: Կոշտ ջուրը պարունակում է մագնեզիումի եւ կալցիումի աղեր, որոնք մաշկի վրա անլուծելի շերտ են առաջացնում: Ճարպոտ մաշկի դեպքում այն առաջացնում է բորբոքում, իսկ չորի դեպքում` թեփոտում: Խորհուրդ է տրվում օգտագործել մաքրող կաթիկներ եւ տոնիկներ, որոնք չեն պարունակում սպիրտ: Տանից դուրս գալիս պետք է օգտագործել «ձմեռային» նրբաքսուքներ (կրեմներ), որոնց հատուկ բաղադրամասերը պաշտպանում են մաշկը, իսկ տուն վերադառնալիս օգտագործել խոնավացնող քսուքներ: Հատուկ խնամքի կարիք ունի ձեռքերի մաշկը: Քանի որ այս հատվածում ճարպագեղձերը քիչ են, ապա պարզ է, որ ջրաճարպային պաշտպանիչ շերտն այստեղ թույլ է արտահայտված, հետեւաբար այս հատվածի մաշկը ավելի խոցելի  է ձմռան անբարենպաստ գործոնների առաջ: Ձեռքերը լվալ խոնավացնող օճառով, օգտագործել խոնավացնող քսուքներ եւ անպայման հագնել բամբակյա ձեռնոցներ: Ուշադրության եւ խնամքի կարիք ունի ոտքերի մաշկը: Խորհուրդ է տրվում շաբաթը մեկ-երկու անգամ կաղնու կեղեւով կամ այլ հակասեպտիկներով պատրաստված վաննաներ ընդունել:

Մազերը գլխարկի տակ իրենց այդքան էլ հարմարավետ չեն զգում: Դրա համար մազերի լվալը, անհրաժեշտության դեպքում` ամենօրյա, պարտադիր է: Մազերի չորացած ծայրերին կարելի քսել բալզամներ:

Եվ իհարկե, շրթունքների խնամքի համար պետք է օգտագործել խոնավացնող հիգիենիկ շրթներկեր:

Կցանկանայի հատուկ նշել, քանի որ ձմռանը` մաշկի համար անբարենպաստ գործոնները բերում են նրա հավելյալ չորացման, ապա մեծանում է այս շրջանում ատոպիկ դերմատիտով հիվանդների մոտ հիվանդության սրացումների հավանականությունը: Նրանք պետք է օգտագործեն էմոլենտներ (խոնավացնող միջոցներ) եւ թույլ չտան տան օդի հավելյալ չորացում:

Այս միջոցառումների ճիշտ կազմակերպումը թույլ կտա մեզ վայելել ձմռան բոլոր հաճույքները:  

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում