livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

«Բոլոր հղիներին եւ նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյոք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտա՞նգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջ հետ, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից: Այս հարցին տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն: Ինչ-որ մեկը շարունակում է ինտիմ հարաբերությունները նույն հաճախականությամբ, ոմանք ընդհանրապես հրաժարվում են սեքսից: Եվ այսպես` ո՞րն է ճիշտը»,- փորձում է ճշգրտել ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ:

 

Ըստ նրա, եթե բացակայում են բժշկական այնպիսի հակացուցումներ, ինչպիսիք են` հղիության` սովորական դարձած ընդհատման եւ վաղաժամ ծննդաբերության վտանգը, հեշտոցային արյունահոսությունը, պտղաջրերի վաղաժամ արտահոսքը, պլացենտայի ցածր առաջադրությունը, բազմապտուղ հղիությունը, զուգընկերներից մեկի մոտ սեռավարակի առկայությունը, ապա կարելի է հղիության ընթացքում զբաղվել սեքսով: Ավելին, ըստ Շահրամանյանի` որոշ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ է, քանի որ սեքսից երկարատեւ զերծ մնալու դեպքում հղի կնոջ մոտ բացասական հույզեր են կուտակվում, իսկ սեքսը կանխում է դրանք` խթանելով արգանդի աշխատանքը: «Մերձեցման ժամանակ հնարավոր չէ վնասել պտղին, քանի որ բնությունը հոգացել է փոքրիկի մասին եւ նրան «թաքցրել» մի քանի պաշտպանիչ շերտով. որովայնի առաջնային պատը ծածկված է մկաններով, ճարպային շերտով, հաստ շարակցական հյուսվածքով: Արգանդը նույնպես պաշտպանված է: Այն բաղկացած է մկաններից, պտղաթաղանթից, պտղաջրերով լեցուն պտղապարկից, որը մեղմացնում է բոլոր տատանումները, եւ լորձային խցանից, որն ամուր փակում է արգանդի վզիկը: Հաճույքի հորմոնները, որոնք կինն ստանում է սեքսով զբաղվելիս, դրական ազդեցություն են թողնում պտղի վրա: Ապագա մայրիկին անհրաժեշտ են այն օգտակար նյութերը, որոնք պարունակվում են սերմնահեղուկում. դրանք են` ֆերմենտները, տղամարդու հորմոնները (պրոստագլանդինները), որոնք նպաստում են արգանդի վզիկի փափկեցմանը, իսկ դա իր հերթին ծննդաբերելու ժամանակ կօգնի վերջինիս հեշտ բացվելուն»,- պարզաբանում է բժիշկն ու տեղեկացնում նաեւ, որ մերձեցման ժամանակ արգանդի մկանները կրճատվելիս մարզվում են, իսկ դա նշանակում է, որ ծննդաբերության ժամանակ կծկումներն ավելի արդյունավետ կլինեն, ծննդաբերական գործունեությունը չի թուլանա, հորմոնների բավարար քանակի առկայությունը կնպաստի արգանդի վզիկի արագ բացվելուն, ուստի, այն ավելի փափուկ կլինի:

Հարցին` հնարավո՞ր է մերձեցումը վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնա, Վ. Շահրամանյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Եթե քիչ ժամանակ է մնացել մինչև ծննդաբերելը, օրինակ` մեկ շաբաթ կամ մի քանի օր, ընդհակառակը, օրգազմը կարող է նպաստել ծննդաբերության սկսվելուն: Այդ պատճառով սեքսոլոգները խորհուրդ են տալիս հղիության 39-40-րդ շաբաթներում զբաղվել սեքսով, որը կնպաստի ծննդաբերության մեղմ, սահուն սկզբին»:

Հետաքրքրվեցինք, թե հղի կանայք ինչպիսի ցանկություններ են սովորաբար ունենում, ինչից են գանգատվում. «Հղի կանանց սեռական ցանկությունը տարբեր է լինում: Կանանցից ոմանք գանգատվում են հղիության առաջին շաբաթներում օրգազմի ժամանակ առաջացող ցավերից, իսկ որոշ հղիներ, հատկապես` թերզարգացած սեռական օրգաններ ունեցողները, հանկարծ իրենց մեջ հայտնաբերում են բուռն կերպով արթնացող հեշտանքի զգացում: Սրանք պատկանում են այն կանանց թվին, ովքեր առաջին հղիության ժամանակ են սկսում սեռական հարաբերությունից հաճույք զգալ: Այս երեւույթի պատճառն այն է, որ հղիության ժամանակ հեշտոցի եւ արգանդի արյունալեցումը կտրուկ մեծանում է, որը նպաստում է օրգազմի հասնելու համար անհրաժեշտ` լրացուցիչ արյան հոսքի մեխանիզմի ակտիվացմանը: Արյունատար անոթներում տեղի ունեցող փոփոխությունները եւ արգանդի ինտենսիվ արյունալեցումը, այդ օրգանը վերածում են արյան յուրատեսակ «դեպոյի»` ընդհուպ մինչեւ հղիության յոթերորդ ամիսը, որը թույլ է տալիս նման կանանց առաջին անգամ լիաբուռն ըմբոշխնել սեռական կյանքի բերկրանքը, նույնիսկ մեկ հարաբերության ընթացքում մի քանի օրգազմ ապրելու հաճույքը: Լիցքաթափման փուլում հղի կնոջ սեռական օրգաններից լրացուցիչ արյան հետհոսքը հապաղում է` արգելակելով սեքսուալ լարվածության թուլացման պրոցեսը, իսկ նրա զգայական զգացողությունները ծայրաստիճան սրված են լինում:

Շատ կանայք հղիության առաջին ամիսներին գանգատվում են տրամադրության անկումից, առանց պատճառի լալկանությունից, քնկոտությունից, սրտխառնոցից, գլխապտույտից, գիտակցության ակնթարթային մթագնումից: Այս տհաճ երեւույթների պատճառով տրամադրությունն ընկնում է, նրանք դառնում են դյուրագրգիռ եւ սեռական ցանկությունը նվազում է»:

Իսկ ի՞նչ պետք է անի տղամարդը այս շրջանում, Շահրամանյանի առաջարկած տարբերակը հետեւյալն է. «Տղամարդը պարտավոր է առավելագույն նրբանկատություն եւ հոգատարություն ցուցաբերել, ինչը կօգնի ապագա մայրիկին հաղթահարելու ֆիզիկական եւ հոգեբանական դժվարությունները: Պետք է նշել, որ հղիության ժամանակ կնոջ սեքսուալ ցանկությունը կարող է նվազել կամ աճել: Դա կապված է կնոջ սեքսուալ ակտիվության եւ հղիության` տարբեր շրջաններում հորմոնների քանակի տատանումների հետ: Այսպես, երբեմն նկատվում է սեքսուալ ակտիվության աճ, ըստ որում` այն աճում է հղիության ժամկետի աճին զուգընթաց: Այս դեպքում ամուսնական զույգը հղիության շրջանը հիշում է որպես կյանքի ամենահրաշալի ժամանակահատված: Շատ կարեւոր է, որ ապագա մայրիկի մոտ չառաջանա ամոթխածության զգացում: Չպետք է վախենալ եւ հուսահատվել, ավելի լավ է օգտվել պահից, երբ սեքսուալ ակտիվությունը դեռեւս անկում չի ապրել:

Առաջնածին կանայք ծննդաբերությունից առաջ վախի զգացում են ունենում, ուստի, նրանց ամուսիններին խորհուրդ է տրվում հնարավորինս փոխել իրենց մոտեցումը եւ հարմարվել պլատոնական հարաբերություններին, սիրելի կնոջ նկատմամբ լինել առավելագույնս համբերատար, քնքուշ եւ ուշադիր: Ամեն դեպքում, հղիության ընթացքում պետք է մերձեցումների քանակը նվազեցնելու, ինչպես նաեւ` դիրքերը փոփոխելու պատրաստ լինել»:

Մեր եզրափակիչ հարցին` ծննդաբերությունից հետո «սեքսուալ դադար»-ը անհրաժե՞շտ բան է, Վ. Շահրամանյանը նշեց. «Եթե ծննդաբերությունն անվտանգ է անցել, կտրվածքներ ու հեշտոցի պատռվածքներ չկան, վիրահատական միջամտություններ չեն եղել, խորհուրդ է տրվում 6-8 շաբաթ «սեքսուալ դադար» հայտարարել, սակայն ոչ բոլոր զուգընկերներն են դիմանում այդքան երկար դադարին: Նրանց խորհուրդ է տրվում մերձեցումից զերծ մնալ, մինչեւ արյունային արտադրության ավարտը: Պետք է գիտենալ նաեւ, որ կրծքով կերակրող մայրերի մոտ սեռական գրգռվածության ժամանակ պտուկներից կարող է կաթ հոսել, ուստի դրանք ճաքերից պաշտպանելու համար պետք է քսուքներ օգտագործել»: Ի դեպ, Շահրամանյանը հավելեց նաեւ, որ հնարավոր է ծննդաբերությունից հետո առաջին ձվազատման ժամանակ կինը հղիանա: Արժե նախապես մանկաբարձ-գինեկոլոգի հետ քննարկել հետծննդաբերական շրջանում հակաբեղմնավորիչների օգտագործման հարցը: Անհրաժեշտ է նաեւ խուսափել չստուգված զուգընկերների հետ նոր կապեր ստեղծելուց, քանի որ դա լի է մորը ու պտղին վարակելու վտանգով:

Այսպիսով, սեքսը հղիության ընթացքում եւ դրանից հետո անհրաժեշտ է, եթե կատարվում է նրբորեն ու քնքշությամբ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում