livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

 

ginekologՀարցազրույց ԳԱԳԻԿ ԱՐՏԱՇԵՍԻ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ, ԸՊ եւ ՍԱԿ տնօրեն, ԵՊԲՀ Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների  ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ ակադեմիայի իսկական գիտությունների ակադեմիկ (հայկական մասնաճյուղ):

ԶԱՐՈՒՀԻ - Ինչո՞վ է  տարբերվում Ձեր կլինիկան Երեւանյան այլ կլինիկաներից:

- Ընտանիքի Պլանավորման եւ Սեռական Առողջության Կենտրոնը Հայաստանի առաջին կլինիկան է, որը հիմնադրվել է 1920 թ.: Ունի պատմական նշանակություն, կառուցված է  Ա. Թամանյանի նախագծով:  Տարիներ շարունակ կլինիկան հանդիսանում է ԵՊԲՀ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թիվ 1ամբիոն: Ստեղծման օրվանից այստեղ են կրթվել հազարավոր ուսանողներ, կլինիկական օրդինատորներ, մասնագետ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգներ: Մեր կլինիկայում տարվում են մեծածավալ ախտորոշիչ եւ բուժական աշխատանքներ, իրականացվում են հնարավորինս բոլոր մանկաբարձական, գինեկոլոգիական, օնկոգինեկոլոգիական վիրահատությունները: Կլինիկան զբաղվում է ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության խնդիրներով:

ԶԱՐՈՒՀԻ - Ի՞նչ նոր սարքավորումներ ունեք:

- Մեր կլինիկան պարբերաբար ձեռք է բերում նորանոր սարքավորումներ, ինչպես իր, այնպես էլ նվիրատվությունների միջոցով: Այսպես`

• նորածնային բաժանմունքը հագեցված է ժամանակակից արհեստական շնչառության սարքավորումներով, բազմաֆունկցիոնալ կյուվեզներով ` նախատեսված անհաս նորածինների համար.

• վերջերս ձեռք են  բերվել նոր շարժական ռենտգեն ապարատներ.

• կլինիկայում առկա է բարոկամերա, որը ցուցված է ինչպես հղիներին, այնպես էլ գինեկոլոգիական հիվանդներին.

• անեսթեզիոլոգիական ծառայությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Ստացվել են  նոր երեք նարկոզի եւ արհեստական շնչառության ապարատներ` «Նարկոմեդ-2», մոնիտորներ` «Մուլտիպարամետր», էլեկտրոկոագուլյատորներ: Լայնորեն օգտագործվում են ծննդաբերության ցավազրկման մեթոդները` պերիդուրալ եւ սպինալ:

ԶԱՐՈՒՀԻ - Ի՞նչ գանգատներով են ավելի հաճախ Ձեզ դիմում:

- Հաճախ դիմում են ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական խնդիրներով` բորբոքային հիվանդությունների, անպտղության, արյունահոսությունների, հղիության արհեստական ընդհատման, բարորակ եւ չարորակ նորագոյացությունների բուժման մեթոդների ընտրության կապակցությամբ,  խորհրդատվության նպատակներով:

ԶԱՐՈՒՀԻ - Ինչի՞ց են վախենում հղիները:

ginekolog-centr- Հիմնականում վախը առաջանում է չիմացությունից: Եթե կինը իրազեկ է իրեն սպասվող իրադարձությունների մասին, ապա վախի զգացողության շեմը փոքր է: Հիմնականում վախը կապված է հղիության ընդհատման հետ: Վախենում են կանայք, ովքեր անամնեզում (հիվանդության պատմություն) բազմաթիվ վիժումներով: Կանանց մոտ վախեր են լինում նաեւ՝ վիրահատական միջամտությունների եւ հետծննդյան բարդությունների հետ կապված:

ԶԱՐՈՒՀԻ - Ծննդաբերության ակտը մեղմելու համար այսօր օգտագործվում է ծննդաբերություն ջրում, կիրառվո՞ւմ է այս մեթոդը Ձեզ մոտ:

- Ծննդաբերությունը ջրում ունի շատ վաղեմի պատմություն, առաջին անգամ այն կիրառվել է Ռուսաստանում, որից հետո պարբերաբար անդրադարձել են այդ եղանակով ծննդալուծմանը եվրոպական տարբեր երկրներում: Սակայն այսօրվա դրությամբ դա մեծ կիրառում չունի, որովհետեւ բարդությունների առաջացման դեպքում բուժական միջոցառումները դժվարանում են անհարմարավետության պատճառով:

ԶԱՐՈՒՀԻ - Հոգեբանական ծառայություն գործո՞ւմ է Ձեզ մոտ: Հա՞րկ է ծննդաբերողներին հոգեբանորեն նախապատրաստել:

- Մեր կենտրոնում արդեն երկար տարիներ է ինչ գործում է հոգեբանական ծառայությունը, որն իր ուրույն դերն ունի բժշկության մեջ: Դրա անհրաժեշտությունը հատկապես զգացվում է մանկաբարձական պրակտիկայում, հղիներին ծննդաբերությանը նախապատրաստման գործում, մանկական գինեկոլոգիայում, անպտղությամբ տառապող զույգերի բուժման ընթացքում: Հոգեբանական ծառայությանը կից գործում է մայրության դպրոց, որոնց զուգակցված աշխատանքը աչքի է ընկնում մեծ արդյունավետությամբ:

ԶԱՐՈՒՀԻ - Հայրը պետք է մասնակցի ծննդաբերության պրոցեսին, դե՞մ եք, թե կողմ:

- Ծննդաբերությունը բարդ ֆիզիոլոգիական պրոցես է, որի ընթացքում հարազատ որեւէ մեկի առկայությունը կարող է հոգեհուզական լարվածություն առաջացնել ` նպաստելով կամ խանգարելով ծննդաբերական ակտին: Գտնում եմ, որ ծննդաբերության առաջին շրջանում, եթե ծննդաբերողը եւ ամուսինը ցանկանում եւ պնդում են ներկա գտնվելու փաստը, ապա թույլ ենք տալիս, իսկ ծննդաբերության երկրորդ շրջանում` ոչ, չնայած, որ հազվադեպ է  ամուսինը նման խնդրանքով հանդես գալիս:

ԶԱՐՈՒՀԻ - Չբերության հիմնական պատճառները:

- Անպտղությունը դա հղիության բացակայությունն է վերարտադրողական տարիքում գտնվող ամուսնական զույգերի մոտ, որոնք ապրում են սեռական կյանքով կանոնավոր, առանց հակաբեղմնավորիչների կիրառմամբ 12 ամիս եւ ավել: Տարբերում են՝ կանացի եւ արական, առաջնային եւ երկրորդային, բացարձակ եւ հարաբերական, բնածին եւ ձեռքբերովի,  էնդոկրին, փողային եւ որովայնամիզային, բազմաթիվ գինեկոլոգիական հիվանդություններով պայմանավորված, իմունոլոգիական, հոգեբանական, ինչպես նաեւ անհայտ ծագման անպտղություն:

ԶԱՐՈՒՀԻ - Ձեզ մոտ բուժո՞ւմ են: Ով է հաճախ մեղավոր` կինը՞, թե տղամարդը:

- Այո՛, իհարկե, մեր կլինիկան զբաղվում է ինչպես անպտղության, այնպես էլ ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության ապահովման, պահպանման խնդիրներով: Պատճառների տոկոսային հարաբերությունը տղամարդկանց եւ կանանց մոտ՝ ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության, կազմում է համապատասխանաբար 40 եւ 60%: Չնայած այդ ցուցանիշները համեմատաբար կնվազեն այն դեպքում, երբ մինչ ամուսնությունը զույգերը հետազոտվեն:

ԶԱՐՈՒՀԻ - ԷԿՈ-ն արդյունավե՞տ միջոց է:

- Արտամարմնային բեղմնավորումը նորագույն մեթոդ է` ուղղված աջակցելու ամուսնական զույգին: Բեղմնավորման այլընտրանքային եղանակ է, երբ  կիրառված բոլոր միջոցառումները անարդյունավետ են: Հիմնականում արտամարմնային բեղմնավորումը կիրառվում է փողային անպտղության դեպքում:

ԶԱՐՈՒՀԻ - Գինեկոլոգին դիմելը ամո՞թ է: Որքա՞ն հաճախ պետք է կինը դիմի:

- Յուրաքանչյուր մարդ իր առողջության տերն է: Հիվանդությունը ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Գինեկոլոգին դիմելը, իհարկե, ամոթ չէ, այլ պարտադիր է՝ ճիշտ խորհրդատվություն եւ բուժօգնություն ստանալու համար:

Նորմայում յուրաքանչյուր կին պետք է 6 ամիսը մեկ հետազոտվի` կանխարգելելու մի շարք հիվանդություններ՝ ինչպես կրծքագեղձերի, այնպես էլ արգանդի, արգանդի պարանոցի, հավելումների բորբոքային, նախաքաղցկեղային, քաղցկեղային հիվանդությունները, այդ թվում՝ էնդոկրին խանգարումների ժամանակ: Հետազոտությունը ուղղված է նաեւ՝ ախտորոշելու, հայտնաբերելու մի շարք ուղեկցող արտասեռական ախտաբանություններ: Անհրաժեշտության դեպքում կինը ուղեգրվում է այլ պրոֆիլի նեղ մասնագետի մոտ` թերապեւտ, վիրաբույժ, ակնաբույժ, մաշկավեներաբան:


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում