Artak- Ի՛նչ են իրենցից ներկայացնում գորտնուկները

Արտակ Ղազարյան, մաշկավեներաբան.

-Գորտնուկները` վիրուսային հիվանդություններ են, որոնք փոխանցվում են սերտ շփման միջոցով: Վարակվելուն կարող են նպաստել միկրոճեղքերը, գերքրտնարտադրությունը, խոնավ միջավայրը: Տարբերում են գորտնուկների չորս ձեւ. սովորական կամ հասարակ, տափակ կամ պատանեկան, ներբանային եւ սրածայր գորտնուկներ (կոնդիլոմաներ): Յուրաքանչյուրն իր տեսքով եւ կլինիկական արտահայտությամբ տարբեր է:

 

Սովորական կամ հասարակ գորտնուկները, սովորաբար, հանդիպում են երեխաների մոտ, տեղակայվում են ձեռքերի, դաստակների, մատների վրա, ափերի մեջ: Նրանք լինում են մոխրագույն, մաշկից բարձրադիր, անհարթ մակերեսով, անցավ են: Քոր, ցավ, մրմռոց չեն առաջացնում:

Վարակվելուց հետո մարդու օրգանիզմում սկսվում են վիրուսի նկատմամբ առաջանալ հակամարմիններ: Հենց այդ պատճառով մոտ 50% դեպքերում երեխաների մոտ ինքնաբերաբար անհայտանում են գորտնուկները, առանց կողմնակի միջամտության:

Տափակ կամ պատանեկան գորտնուկները, սովորաբար, տեղակայվում են դեմքի մաշկի, ձեռքերի վրա: Գորտնուկների այս տեսակն ավելի շատ երեխաների մոտ է հանդիպում: Նրանք, սովորաբար, ունեն մաշկի գույն, մաշկից բարձրադիր են եւ անցավ:

Ներբանային գորտնուկները տեղակայվում են ներբաններին՝ առաջացնելով ցավ, հատկապես քայլելու ընթացքում: Սովորաբար, ծածկված են եղջերային հաստ շերտով, եւ երբ այդ եղջերային շերտը հեռացնում են ի հայտ է գալիս խոռոչ` արյան զեղման կետիկներով:

Սրածայր գորտնուկները (կոնդիլոմաները) հանդիպում են երիտասարդների, սեռական կյանքով ապրող անձանց մոտ: Սրածայր կոնդիլոմաների դեպքում վարակը տեղի է ունենում հարաբերության ժամանակ: Սերտ շփման միջոցով: Երեխաները կարող են վարակվել ծննդաբերության ընթացքում` մոր սեռական ուղիներով անցնելուց: Այդ ժամանակ երեխաների մոտ առաջանում են կոկորդի սրածայր կոնդիլոմաներ: Ունի տհաճ հետեւանքներ, եւ երկար բուժում է պահանջում:

Սրածայր կոնդիլոմաները սովորաբար տեղակայված են սեռական օրգանների եւ հետանցքի շրջանում: Իրենց տեսքով նրանք հիշեցնում են ծաղկակաղամբ: Հակում ունեն միանալու իրար: Այս դեպքում կարող են ախտահարել ավելի մեծ տարածքներ:

Ըստ վտանգի՝ տարբերում են թույլ, միջին եւ բարձր ուռուցքածին հատկություններ ունեցող վիրուսի տիպեր: Սովորաբար, մոտ 90% դեպքում լինում է թույլ: Բարձր ուռուցքային հատկություններ ունեցող տիպերը 16, 18-րդ տիպերն են, որոնց հայտնաբերելուց հետո պետք է զգուշանալ:  

Գորտնուկներից ձերբազատվելու համար գոյություն ունեն հետեւյալ եղանակները. քիմիական, ջերմային, լազերային կոագուլացիա: Հաճախակի կրկնումների դեպքում զուգահեռ նշանակվում են իմուն համակարգը բարձրացնող հակավիրուսային դեղամիջոցներ:

Ժողովրդական մեթոդներից, ամենատարածվածը` քացախի սպիրտով այրելն է: Եթե ճիշտ է կատարվում այրումը, ապա կարելի է տնային պայմաններում անել այդ միջամտությունը, բայց փորձը ցույց է տալիս, որ այրումը կատարում են կամ մակերեսային կամ շատ խորը, որի արդյունքում էլ որոշ ժամանակ հետո գերաճ է տալիս, գորտնուկը վերադառնում է` ավելի կատաղած, անդուր ձեւափոխվող սպիներով, կարող է վնասել ոսկորը, եղունգի աճը, եթե այդ շրջանում է:

Գրականության մեջ տվյալներ կան, համաձայն որի, գորտնուկներն անցնում են հմայությունների ընթացքում. Լիալուսնի ժամանակ գայլի նման պետք է ոռնալ... («Զարուհին» խորհուրդ չի տալիս-Վ.Մ.): Ես այդպիսի հիվանդներ չեմ ունեցել, սակայն մարդու օրգանիզմը շատ թաքնված հնարավորություններ ունի, եւ չի բացառվում, որ ինքնաներշնչումը օգտակար լինի նաեւ այս հարցում:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ