altՍույն թվականի նոյեմբերին, տպագիր լրատվամիջոցներից մեկը իր հրապարակման մեջ անդրադարձել էր «Արմենիկում» դեղամիջոցին.

««Արմենիկում»-ը բուժիչ չի կարող լինել, աշխարհում արգելված է դրա օգտագործումը: Պարզվեց, որ յոդի քանակությունն է բարձր «Արմենիկում»-ի մեջ՝ ինչը մահացու է»,-սրանք ՄԻԱՎ-ՁԻԱՀ ՀՀ ազգային ծրագրի ղեկավարի խոսքերն են»,- ասվում էր հոդվածում:

«Զարուհին» այսօր ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանից փորձեց պարզել, արդյո՞ք այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը՝ ինչին ի պատասխան պարոն Գրիգորյանն ասաց.

« Այդ մամուլի հրապարակմանը տրվել է համապատասխան պատասխան, պատասխանն էլ է տպագրվել, պարզապես պատասխանը ավելի փոքր էր տպագրված, երևի շատերի ուշադրությունից վրիպել է: Պատասխանում հստակ նշված էր, որ «Արմենիկում» դեղը գրանցված է Հայաստանում 1999թ.-ից, անցկացվել են անհրաժեշտ նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում, այդ թվում ՌԴ-ում՝ Սանկտ Պետերբուրգի Բոդկինի կլինիկայում:

Մինչ օրս դեղը կիրառվում է բազմաթիվ վարակիչ հիվանդությունների բուժման ժամանակ, այդ թվում իմունային  համակարգի ախտահարումների և մասնավորապես ՄԻԱՎ վարակի դեպքում:

Դեղի անվտանգությունն ու արդյունավետությունը ապացուցված են: Այն գրանցված է Ռուսաստանում, Ուկրաինայում, Կոնգոյում և այժմ դեղի գրանցման համար աշխատանքներ են տարվում Վրաստանում և Ղրղզստանում: Իսկ դեղի կիրառման ժամանակաշրջանում չի գրանցվել մահվան ելքով ոչ մի դեպք և որևէ երկրում նման արգելք գոյություն չունի:

Ուղղակի պետք է ավելացնեմ, որ ՄԻԱՎ վարակի հակառետրովիրուսային բուժման ցուցումները և «Արմենիկում»-ով բուժման ցուցումները իրար հետ չեն խաչվում: Եթե հիվանդը ունի կարիք հակառետրովիրուսային բուժման, ապա նա ստանում է այդ բուժումը »:  


Մարինե Բարսեղյան