altԱնգամ ձեռքով բարեւելիս կարելի է վարակվել քոս հիվանդությամբ: «Զարուհու» հետ զրույցում ասաց մաշկավեներաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ`հավելելով, որ քոսն իրենից ներկայացնում է մաշկի վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը քոսի տիզն Է: Բժշկի խոսքով` շատ հաճախ քոսի տիզը բնակություն է հաստատում ձեռքերի միջմատային ծալքերում: Աչքի համար այն անտեսանելի է: Իր մասին քոսը «հիշեցնում» է վարակվելուց 2-7 օր անց: Հիվանդը գանգատվում է քորի զգացողությունից:

«Այս տհաճ զգացողությունը հիմնականում սաստկանում է տաք պայմաններում, հատկապես անհանգստացնում է հիվանդին գիշերային ժամերին, երբ մարդն անկողին է մտնում: Երկար քորելուց հետո մաշկի վրա կարող են առաջանալ բծեր, մանր ցանավորում»,- պարզաբանում է Ս. Խաչատրյանն ու հավելում, որ այս պարագայում հարկ է անհապաղ դիմել մասնագետի, որպեսզի ճիշտ ախտորոշում դրվի. կան որոշակի մաշկային հիվանդություններ, որոնք կարող են հիշեցնել քոս, սակայն քոս չեն: Մաշկաբանը փատում է, որ եթե ընտանիքի անդամներից մեկը վարակված է լինում քոսով, ապա տան մնացած անդամները վտանգի տակ են: Բժշկի խոսքով` վարակված մարդու անկողինը, շորերը, սրբիչը, նույնիսկ փափուկ կահույքը կարող են վարակի աղբյուր հանդիսանալ: Այդ իսկ պատճառով պրոֆիլակտիկ բուժում է նշանակվում նաեւ ընտանիքի այլ անդամների համար: «Բուժման համար հիմնականում կիրառում են քսուքներ, այսօր գոյություն ունեն նաեւ դեղամիջոցներ` ցողացիրի (սփրեյ) տեսքով»,- բացատրում է բժիշկն ու ընդգծում, որ հիվանդության դեպքում խորհուրդ չի տրվում բուժումը կազմակերպել ժողովրդական մեթոդներով, քանի որ դա հղի է լուրջ հետեւանքներով: Երկարատեւ քորելուց հնարավոր է վնասել մաշկն ու երկրորդական վարակ ներմուծել:

Կանխարգելման համար Ս. Խաչատրյանը ասում է, որ հիվանդի շորերը, անկողինը պետք է լվանալ բարձր ջերմաստիճանի տակ, կահույքը մշակել հատուկ ախտահանիչ միջոցներով:

Հարցին, թե ինչպե՞ս են ախտորոշում քոսը, Ս.Խաչատրյանի պատասխանը հետեւյալն էր. «Քոսը ախտորոշելու համար երբեմն տեսողական զննությունն էլ բավական է լինում, իսկ վիճելի դեպքերում լաբորատոր հետազոտությունը պարտադիր է. վերցվում է մաշկի քերուկ, որն անցնում է մանրադիտակային զննում»,- նշում է մասնագետը:

Վարակից խուսափելու համար մաշկավեներաբանը հորդորում է պահպանել անձնական հիգիենայի կանոնները. չքնել ուրիշի անկողնում, չհագնել ուրիշի շոր, չօգտագործել ուրիշի սրբիչ: Ի դեպ, ոչ բոլոր լվացող հեղուկներն են ոչնչացնում վարակը: Այն ոչնչանում է միայն բարձր ջերմաստիճանի տակ:

Զրույցի վերջում բժիշկը ուրախությամբ փաստեց, որ Հայաստանում այս հիվանդությամբ տառապող հիվանդների քանակը զգալի նվազել է 90-ականների համեմատ: «Դա, ըստ իս, պայմանավորված է մարդկանց բարենպաստ սոցիալական պայմաններով, գիտակցմամբ. սեփական առողջության հանդեպ մարդկանց հետեւողականությամբ. ժամանակին են դիմում բժշկի, արդյունավետ են նաեւ դեղամիջոցները»:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ