livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

altԱյսօր մեր բնակչության զգալի մասը հիմնականում սնվում է ոչ ճիշտ եւ անկանոն, որը ավելի է բարդացնում հատկապես քրոնիկական հիվանդությունների ընթացքը: Այդ մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց թերապեւտ ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆՆ`առանձնացնելով մի քանի օրգան-համակարգերի հիվանդություններ, որոնց ժամանակ ցանկալի է հետեւել սննդակարգին:

Բժշկուհին առաջնային է համարում ՍԻՐՏԱՆՈԹԱՅԻՆ համակարգի հիվանդությունները, հատկապես զարկերակային գերճնշումը, որը այսօրվա դրությամբ համարվում է դարի հիվանդություն : «Այս հիվանդության ժամանակ պետք է սահմանափակել աղի եւ հեղուկի քանակը, օգտագործել բանջարեղեն, մրգեր (բանան, ցիտրուսներ), սահմանափակել խաղողը, մսի եւ ձկան ոչ յուղալի տեսակները, սերուցքային կարագը փոխարինել բուսական յուղով: Այս ամենի հետ զուգահեռ վարել առողջ ապրելակերպ`լինել հաճախակի մաքուր օդում, զբաղվել սպորտով, չծխել, քիչ օգտագործել ալկոհոլ, սուրճ, հեռու մնալ սթրեսային իրավիճակներից»,- զգուշացրեց բժշկուհին:

ՍՏԱՄՈՔՍԱՂԻՔԱՅԻՆ համակարգի հիվանդությունների ժամանակ, ըստ Ք. Հունանյանի, պետք է սնունդն ընդունել փոքր չափաբաժնով, բայց հաճախակի: «Սնունդը պետք է լինի լիարժեք, սպիտակուցի, ճարպերի եւ թարմ բանջարեղենի բավարար, իսկ կարագի եւ բուսական յուղի քանակությունը`սահմանափակ: Միսը, ձուկը օգտագործեք եփած կամ շոգեխաշած վիճակում: Խորհուրդ չի տրվում ուտել սոխ, սպանախ, կծու եւ գրգռիչ սնունդ: Ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքման ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել ընդեղեն եւ սպիտակագլուխ կաղամբ, քանի որ դրանք առաջացնում են խմորում եւ ուժեղ գազեր: Կարելի է օգտագործել տարբեր շիլաներ, կաթնաշոռ: Կտրականապես հակացուցվածե ճարպոտ`մսի, ձկան, սնկի արգանակներ, ոչխարի, խոզի միս, պահածոներ, հատկապես մարինացված մթերք, հրուշակեղեն, շոկոլադ: Չարժե խմել գազավորված ըմպելիքներ եւ սուրճ»,- ընդգծում է Ք. Հունանյանը:

ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ համակարգի հիվանդություններից թերապեւտը առանձնացնում է ցիստիտը, որը լայն տարածում ունի բնակչության մեջ: «Ցիստիտի ժամանակ խորհուրդ է տրվում բացառել կծու, թթու, աղի եւ յուղային սննդի օգտագործումը, ինչպես նաեւ թունդ սուրճը եւ ալկոհոլը: Այս ամենի անհրաժեշտությունը ցիստիտի ժամանակ բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր գրգռիչ սնունդ ազդում է միզապարկի լորձաթաղանթի վրա, բերելով հիվանդության սրացմանը: Հիվանդներին խորհուրդ է տրվում կաթնամթերք, բանջարեղեն, մրգեր եւ շատ հեղուկներ»:

Զրույցի վերջում էլ Ք. Հունանյանը խորհուրդ տվեց վերը նշված հիվանդությունների ժամանակ օգտագործել խոտաբույսերով թեյեր, որոնք, ըստ բժշկուհու, մաքրում են օրգանիզմը, հանգստացնում նյարդային համակարգը` հանելով լարվածությունը, կարգավորում ներքին օրգանների աշխատանքը: «Այդ խոտաբույսերի շարքին են պատկանում` երիցուկի, անանուխի, ալոճենու, հաղարջի հիմքով պատրաստված թեյերը, ինչպես նաեւ կանաչ թեյը», - եզրափակեց բժշկուհին:

 


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում