livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

altԱնգլիական հայտնի ասացվածքն ասում է. «Օրական մի խնձորը բավական է երբեւէ բժշկի երես չտեսնելու համար»:

Մեր երկնագույն մոլորակի վրա խնձորն ամենածեր բնակիչներից է: Այն հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը: Այսօր տարածված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Իսկ աճեցման համար օգտագործվող տարածությունների (շուրջ 5 մլն հեկտար) ու բերքահավաքի չափերով գրավում է պատվավոր առաջին տեղը: նձորը միաժամանակ ե՛ւ միրգ է, ե՛ւ դեղ: Այն օգտակար է ե՛ւ հիվանդների, ե՛ւ առողջների համար: Այնուամենայնիվ, խնձորի իրական օգտակարությունը գնահատել կարող են միայն նրանք, ում սեղանին այս միրգը հայտնվում է կանոնավոր կերպով:

Խնձորի մեջ պարունակվող կենսաբանորեն ակտիվ նյութերի թվից բացի, ասկորբինաթթվից պատկանում են նաեւ տիամինը (վիտամին B1), ռիբոֆլավինը (վիտամին B2), պիրիդօքսինը (վիտամին B6), նիկոտինաթթուն (վիտամին PP): Միկրոտարրերից` խնձորը հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով:

Օրգանիզմի վրա խնձորի ազդեցությունը արտահայտվում է մի քանի ուղղություններով.

- այն նպաստում է արյան մեջ խոլեստերինի քանակի նվազմանը,

- կարգավորում է մարսողությունը,

- կրճատում է բազում հիվանդությունների, մասնավորապես` ինֆարկտի եւ այլ սրտանոթային հիվանդությունների, շագանակագեղձի քաղցկեղի եւ այլ քաղցկեղային ուռուցքների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ասթմայի առաջացման հավանականությունը:

Խնձորն ու խնձորի հյութը կանխարգելում են անոթներում խոլեստերինի առաջացումը: Բանն այն է, որ խնձորի բաղադրության մեջ պարունակվող բջջաթելերի չլուծվող մոլեկուլները կպչում են խոլեստերինին եւ նպաստում օրգանիզմից նրա արտամղմանը` այդպիսով կրճատելով անոթների խցանման, սրտային նոպաների առաջացման հավանականությունը: Խնձորի մեջ կան նաեւ լուծվող բջջաթելեր, որոնք կոչվում են պեկտիններ: Ահա այս պեկտիններն էլ նպաստում են երիկամից խոլեստերինի արտամղմանը: Խնձորով բեռնաթափման օրերը (1.5-2 կգ թարմ կամ եփած խնձոր` 1 օրվա ընթացքում) օգնում են պայքարել սրտային եւ երիկամային այտուցների դեմ:

Հետազոտությունները վկայում են, որ օրական 2 խնձոր օգտագործելու դեպքում խոլեստերինի մակարդակը նվազում է 16%-ով, իսկ այդ նույն 2 խնձորը մեկ միջին չափի գլուխ սոխի եւ 4 բաժակ կանաչ թեյի հետ զուգորդելու դեպքում 32%-ով կրճատվում է սրտային նոպայի առաջացման հավանականությունը:

 Խնձորը նպաստում է մարսողության կարգավորմանը եւ վերոհիշյալ բջջաթելերի շնորհիվ, որոնք օրգանիզմից դուրս են մղում վնասակար նյութերը, կանխարգելում է փորկապությունը: Թարմ քերած խնձորը լուծի դեմ պայքարի լավագույն միջոցն է:

Կալիումական աղերի շնորհիվ այն հանդիսանում է թեթեւ միզամուղ եւ շատ արդյունավետ ազդեցություն է ունենում երիկամային հիվանդությունների ժամանակ: Խնձորը խորհուրդ է տրվում պոդագրայով, միզաքարային հիվանդությամբ տառապող անձանց:

Խնձորը շատ օգտակար է տարեցների համար, որոնց մոտ ստամոքսահյութի թթվայնությունը հաճախ նորմայից ցածր է լինում: Խնձորի օգնությամբ նրանց մոտ կարգավորվում է նաեւ աղիների աշխատանքը:

Վերջին 4 տարիների ընթացքում տարբեր կլինիկաներում անցկացված հետազոտությունները գիտնականներին հիմք են տվել եզրակացնելու, որ թարմ խնձորի պարբերաբար օգտագործումը զգալիորեն նպաստում է քաղցկեղային հիվանդների վիճակի բարելավմանը հիվանդության զարգացման տարբեր փուլերում:

Միեւնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից իրականացված գիտափորձերը վկայում են, որ խնձորը բարենպաստ է ազդում թոքերի վիճակի վրա: Օրինակ, ՈՒելսի գիտնականները պնդում են, որ շաբաթական գոնե 5 խնձոր ուտող մարդու շնչառական

համակարգը գործում է շատ ավելի լավ, քան նրանցը, ովքեր բոլորովին խնձոր չեն ուտում: Հենց այդ նույն շաբաթական 5 խնձորը, ըստ Նոթինգհեմի համալսարանի հետազոտողների, զգալիորեն կրճատում են շնչուղիների սուր հիվանդությունների առաջացման հավանականությունը: Ավելին, Քրոնինգենի համալսարանի գիտնականները հավաստում են, որ խնձորը միակ միրգն է, որը կարող է օգնել ծխողներին` կրճատելով քրոնիկ թոքային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Ֆինն գիտնականների խմբի կողմից իրականացված գիտափորձային հետազոտությունների արդյունքները, որոնք հրապարակվել են 1994-ին, ակնհայտորեն ցույց են տալիս, որ այն մարդիկ, ում սննդակարգը պարունակում է մեծ քանակությամբ ֆլավոնիդ, մյուսներից ավելի քիչ են ենթակա սրտանոթային համակարգի հիվանդությունների: Մի քանի այլ գիտափորձերի հիման վրա նույնիսկ առաջ է քաշվել վարկած, որ ֆլավոնիդը օգնում է խուսափել ինֆարկտից:

Խնձորի դիետան շատ արդյունավետ է հիպերտոնիայի ժամանակ: Երկաթի բավականաչափ պարունակության շնորհիվ այն կարող է կանխարգելել սակավարյունությունը, եւ հենց նույն հատկության համար այն կիրառվում է` որպես աղջիկների «անեմիկ» գունատության բուժման միջոց: Եթե խնձորը կտրելուց հետո այն արագ մգանում է, դա նշանակում է, որ այն շատ օգտակար է արյունատար անոթների փխրունությամբ տառապող մարդկանց համար:

Ի վերջո, խնձորը շատ լավ միջոց է նրանց համար, ովքեր որոշել են ազատվել ավելորդ քաշից: Այս միրգը բջջանյութի (ցելյուլոզա) անսպառ աղբյուր է, եւ հենց դրա շնորհիվ էլ նպաստում է մարսողական համակարգի աշխատանքին եւ ավելորդ քաշից ազատվելուն: Ընդ որում, խնձորը գրեթե չի պարունակում ճարպեր եւ խոլեստերին, այնպես որ կարող եք հանգիստ վայելել այս համեղ միրգը եւ, միաժամանակ, դառնալ ավելի բարետես:

Հիշեք, որ խնձորն ավելի լավ է օգտագործել թարմ եւ չեփած վիճակում, սակայն թեթեւակի ջերմամշակումից հետո էլ այն դեռեւս պահպանում է իր օգտակարությունը: Աշխատեք խնձորն ուտել կեղեւով, քանի որ հենց կեղեւի մեջ է խտացած պեկտինի եւ մյուս բջջաթելերի

հիմնական մասը:

ԽՆՁՈՐԸ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱՅՈՒՄ

altՔերած խնձորի դիմակը հրաշալի խոնավեցնում է ամենաչոր մաշկը, միայն թե այն օգտագործելուց առաջ հարկավոր է նախապես մաշկին ցանկացած ձեթ քսել: Նորմալ մաշկի համար խնձորը քերիչով անցկացրեք, դրան խառնեք 1 թեյի գդալ թթվասեր կամ ձիթապտղի ձեթ եւ 1 թեյի գդալ օսլա: Քսեք դեմքին ու պարանոցին եւ պահեք 20 րոպե, այնուհետեւ լվացեք տաք ջրով:

Յուղոտ մաշկի համար խնձորը կտրատեք եւ քիչ կաթով խաշեք: 2 ճաշի գդալ քերած խնձորը խառնեք ձվի սպիտակուցի հետ: Ստացված շիլան քսեք մաշկին եւ թողեք 20 րոպե, ապա լվացեք:

Չոր մաշկի համար խառնեք մանր քերիչով անցկացրած խնձորը, 1 թեյի գդալ մեղր ու 1 ճաշի գդալ սրճաղացով մանրացրած վարսակի թեփուկներ: Քսեք դեմքին ու պարանոցին եւ թողեք 20 րոպե, ապա լվացեք:

Եթե ձեզ անհանգստացնում են պեպենները, հավասար քանակությամբ քերիչով անցկացրեք ծովաբողկն ու խնձորը: Քսեք դեմքին, թողեք 15 րոպե, լվացեք: Պեպեններն ու պիգմենտային բծերը կգունատվեն:

Ձեռքի կոշտացած մաշկը եռանդագին 2-3 րոպե շարունակ մերսեք մաքրած խնձորի կտորով: Ձեռքերը լվացեք ու քսուք քսեք:

Եթե շրթունքները ճաքում են, քերիչով անցկացրած խնձորը խառնեք 1 թեյի գդալ կարագի հետ եւ խառնուրդը քսեք շուրթերին

Ցանկացած խնձորի 2 կտոր դրեք մաշկի պրոբլեմային հատվածների վրա (հատկապես` աչքերի շուրջ) ու թողեք մոտ 15-20 րոպե: Խնձորի մեջ պարունակվող ֆերմենտներն ու պեկտինները արագ կվերացնեն այտուցվածությունը եւ կսպիտակեցնեն մաշկը:

Խնձորն անցկացրեք մանր քերիչով, ստացված խյուսը քսեք դեմքի մաշկին, թողեք մոտ 20 րոպե, որից հետո լվացեք նախ տաք, ապա սառը ջրով: Եթե Ձեր մաշկը չոր է, խյուսի մեջ կարող եք ավելացնել թթվասեր, բուսական յուղ, մեղր կամ ձվի դեղնուց: Իսկ եթե Ձեր մաշկը յուղոտ է, ապա խյուսի մեջ ավելացվում է ձվի սպիտակուց կամ կիտրոնի հյութ: Նման դիմակը հիանալի կերպով թարմացնում եւ սպիտակեցնում է մաշկը:

Եթե ուզում եք թարմացնել եւ երիտասարդացնել Ձեր մաշկը, ապա պատրաստեք հետեւյալ դիմակը. մաքրեք խնձորի կեղեւն ու կորիզները, եփեք քիչ քանակությամբ կաթի մեջ եւ պատրաստեք խյուս: Այն տաք վիճակում քսեք դեմքի եւ պարանոցի մաշկին, թողեք 20 րոպե եւ լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով:

Նույն ձեւով պատրաստված խյուսը (խնձորը կաթով) շատ օգտակար է նաեւ շրթունքների ճաքճքվածության դեպքում: Այն հաստ շերտով քսում են ճեղքվածքի վրա, ծածկում անձեռոցիկով եւ թողնում մոտ 20 րոպե: Այս գործընթացը պետք է իրականացնել ամեն օր, մինչեւ ցանկալի արդյունքի հասնելը:

ՊԱՏՐԱՍՏԵՑ` Ազա Ղասաբյանը

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում