livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

dsmeruk«Այն ինչն է, ինչը, որով կարելի է միաժամանակ կշտանալ, հագեցնել ծարավը եւ լվացվել»: Այո, այդպես էլ կա. ձմերուկը հագեցնում է ծարավը, քաղցը եւ, դեռ ավելին, այն հիանալիորեն մաքրում եւ խոնավեցնում է մաշկը:

«Որքան շատ ենք ուսումնասիրում ձմերուկը, այնքան համոզվում ենք, թե մարդու մարմինն ամրացնող որքան օգտակար նյութեր են պարունակվում այդ մրգի մեջ: Մենք գիտենք, որ այն շատ օգտակար հատկանիշներով է օժտված, սակայն յուրաքանչյուր ուսումնասիրությունից հետո այդ հատկանիշների ցանկն ավելանում է»: Տեխասի համալսարանի գիտնականներից մեկը ձմերուկի օգտակարության մասին խոսելիս այսպես է արտահայտվել: Ըստ այդմ` ձմերուկի օգտակարության բուն պատճառը ցիտրուլինի պարունակությունն է, որը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը: Բացի այդ, ցիտրուլինը վերածվում է արգինին անվամբ ամինաթթվի, որը հրաշալիորեն սնուցում է սիրտը, արյունատար համակարգը եւ բարձրացնում դիմադրողականությունը: Երկար ժամանակ ձմերուկը համարվում էր հաճելի, համեղ, բայց օրգանիզմի համար ոչ պիտանի: Այնինչ, հետագայում պարզվեց, որ այն իր տեսակի մեջ եզակի է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, որոնք մասնակցում են օրգանիզմում արյունաստեղծման գործընթացին:

Ձմերուկը հրաշալի միջոց է երիկամների, լեղապարկի համար (հատկապես քարերի դեպքում կանխարգելիչ միջոց է): Այս միրգը խորհուրդ է տրվում նաեւ ցիռոզի, արթրիտի, նեֆրիտի, աթերոսկլերոզի, փորկապության դեպքում: Ձմերուկը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, որի շնորհիվ այն պարզապես անհրաժեշտություն է անեմիայով տառապողների համար:

 Շատ օգտակար է շաքարախտով հիվանդների համար: Չմերուկը օրգանիզմից հեռացնում է խոլեստերինը: Օրվա ընթացքում նույնիսկ 150 գրամ ձմերուկի ընդունումը կարող է բավարարել օրգանիզմի մագնիումի պահանջը: Հատկապես սիրտ-անոթային հիվանդությամբ տառապողների համար լավ դեղամիջոց է:

Ի տարբերություն մյուս մրգերի, թթուներ եւ աղեր չի պարունակում: Միզատար համակարգի եւ երիկամների համար խորհուրդ է տրվում օրական 2 բաժակ ձմերուկի հյութի մեջ ավելացնել 1 թ/գ մեղր եւ խմել սոված ստամոքսին: Օգտակար է ոչ միայն ձմերուկի մրգահյութը, այլեւ կեղեւից պատրաստված լուծույթը:

Ամռանը կարող եք կանաչ կեղեւը չորացնել ջեռոցում եւ ձմռան ընթացքում օգտագործել: Չորացված կեղեւի վրա 1:10 համադրությամբ ջուր լցնել եւ եռացնել 5 րոպե: Թողնել սառչի եւ օրը 3-4 անգամ կես թեյի բաժակի չափով խմել: Չափազանց օգտակար է երիկամների, սրտի եւ այտուցների, ռեւմատիզմի համար: Ոչ միայն երիկամները մաքրում է ավազահատիկներից, այլեւ օրգանիզմում կուտակված լեղին է հեռացնում:

Ձմերուկի միզամուղ հատկությունն ավելի ուժգին է, քան ֆլորայի ցանկացած այլ ներկայացուցչինը: Ի դեպ, նման հատկությամբ օժտված է ոչ միայն ձմերուկի միջուկը, այլեւ կեղեւը: Մի զարմացեք, ձմերուկի կեղեւից կարելի է պատրաստել թուրմ, որը շատ օգտակար է երիկամային եւ սրտային հիվանդություններով տառապող մարդկանց համար: Եվ կարեւորն այն է, որ նման ձմերուկային թերապիան կարելի է իրականացնել կլոր տարվա ընթացքում, քանի որ վերջինիս կեղեւը հեշտությամբ կարելի է չորացնել ջեռոցում եւ օգտագործել շատ երկար:

Իսկ թուրմը պատրաստվում է հետեւյալ կերպ. 

dsmeruk1Ձմերուկի չոր կեղեւը ծածկել ջրով 1:10 հարաբերակցությամբ, եռացնել մոտ 5 րոպե, ապա հովացնել, քամել եւ ընդունել կես բաժակի չափով` օրական 3-4 անգամ:

Ժողովրդական բժշկության մեջ ձմերուկը օգտագործվում է կոլիտների, հաստ աղիի բուժման համար: 80-100 գրամ ձմերուկի չորացրած կեղեւի վրա լցրեք 500 գրամ եռացրած ջուր, թողեք սառչի եւ օրը 4-5 անգամ թեյի կես բաժակի չափով խմեք ուտելուց առաջ: Կարող եք ամռան ընթացքում շաբաթը 1 անգամ ձմերուկի օր հայտարարել, ուտել միայն ձմերուկ եւ մաքրել, բեռնաթափել օրգանիզմը: Խուսափեք ձմերուկի հետ աղ պարունակող որեւէ սննդամթերք օգտագործել` աղի ձուկ, աղի պանիր, եւ այլն (գոնե 2-3 ժամ հետո կերեք), քանի որ աղն, ինչպես հայտնի է, օրգանիզմում հեղուկ է կուտակում` արգելակելով դրա հեռացումը: Ձմերուկը աղի սննդամթերքի հետ խառնվելով` նոր հեղուկ կառաջացնի, որը չկարողանալով դուրս գալ օրգանիզմից` ավելորդ ծանրություն կառաջացնի, ինչը կվնասի սրտի աշխատանքին եւ այտուցներ կգոյացնի:

 Ձմերուկի մեջ պարունակվում է գլյուկոզա, բուսաշաքար, կալցիում, կալիում, հանքային աղեր, ֆոսֆոր, կարոտին, պեկտին, վիտամիններ B1, B2, C, PP, ասկորբինաթթու, ֆոլիաթթու` B9, մագնիում, նատրիում եւ այլ օգտակար նյութեր:

Երկաթի պարունակությամբ ձմերուկը զիջում է միայն սպանախին: Ձմերուկային երկաթը հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից, քանի որ օրգանական բնույթ ունի: Այս հատկության շնորհիվ այն արդյունավետ կերպով օգտագործվում է անեմիայի բուժման եւ կանխարգելման նպատակով:

 Ձմերուկի յուրօրինակությունը կայանում է նաեւ այն բանում, որ վերջինիս հյութը գրեթե չի պարունակում բնական թթուներ եւ աղեր, ինչը չի կարելի ասել բազմաթիվ այլ հատապտուղների եւ մրգերի մասին: Փոխարենը, այն պարունակում է հիմքեր, որոնք ձմերուկը դարձնում են խիստ օգտակար միզային համակարգի համար:

 Այդ է պատճառը, որ համապատասխան հիվանդություններով տառապողներին մասնագետները խորհուրդ են տալիս ուտել որքան հնարավոր է շատ ձմերուկ` օրվա մեջ մինչեւ 2 կգ: Իսկ բազմազանության համար կարելի է օգտագործել ձմերուկի հյութը` պատրաստված բնական մեղրով (2 բաժակ հյութին` 1 թեյի գդալ մեղր):

ԱՆՑՆԵՆՔ ՁՄԵՐՈՒԿԻ ԿՈՐԻԶՆԵՐԻՆ. Դրանք շատ արդյունավետ պայքարում են աղիքային ճիճուների դեմ: Օրգանիզմը պարազիտներից մաքրելու տեսակետից դրանք լիովին կարող են մրցակցել դդմի կորիզների հետ:

 Ձմերուկի չորացված կորիզները մանրացրեք մսաղացի կամ սրճաղացի օգնությամբ, 1:10 հարաբերակցությամբ խառնեք կաթի հետ, եւ բնական դեղամիջոցը պատրաստ է: Այն հարկավոր է ընդունել օրական 2 անգամ` 2 բաժակի չափով` ուտելուց առաջ:

 Չնայած այն բանին, որ ձմերուկը ձիթատու կուլտուրա չէ, այնուհանդերձ, վերջինիս կորիզներում պարունակվում են մինչեւ 25% յուղեր, որոնք ֆիզիկա-քիմիական հատկություններով շատ նման են նշի մեջ պարունակվող յուղերին: Ձմերուկի կորիզներից արտազատվող յուղն օգտագործում են երիկամների եւ միզուղիների հիվանդությունների կանխարգելման եւ բուժման նպատակով:

Ձմերուկի կորիզներից մշակվում է Ռաբիոլ կոչվող պրեպարատը, որը բժիշկները նշանակում են ցիստիտի, ուռետրիտի, քրոնիկ գլոմերուլոնեֆրիտի, պիելոնեֆրիտի, երիկամաքարային հիվանդության դեպքում: Միեւնույն ժամանակ, Ռաբիոլը մեղմացնում է որոշ հիվանդությունների ժամանակ դրսեւորվող մաշկի պաթոլոգիական փոփոխությունները:

Ձմերուկը իր հատկությունների շնորհիվ խորհուրդ է տրվում նաեւ կերակրող մայրերին եւ հղի կանանց:

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՁՄԵՐՈՒԿ

 Ձմերուկի հասունությունը կարելի է որոշել` ըստ այն ձայնի, որն առաջանում է կեղեւը կտկտացնելիս: Եթե ձայնը խուլ է, ուրեմն ձմերուկը դեռ անհաս է, իսկ չափազանց զրնգուն ձայնը վկայում է գերհասած ձմերուկի մասին: Հետեւաբար, հարկավոր է ընտրել այս երկուսի միջինը:

 Բացի այդ, հասած ձմերուկի պոչը փոքր-ինչ մգացած է, կախ ընկած, իսկ կեղեւը պինդ է, եղունգով հնարավոր չէ քերծել:

 Ի վերջո, ձմերուկի հասունության մասին վկայող ամենաբնական գործոնը սեզոնն է: Հայաստանում այս պտուղը առանց միջամտության` բնական ճանապարհով, հասունանում է հուլիսի վերջին: Իսկ դրանից առաջ վաճառքի կետերում հայտնվող ձմերուկներից ավելի լավ է հեռու մնալ:

ԱԶԱ ՂԱՍԱԲԱՅԱՆ

Մի փոքր դիտողություն

Եթե պատրաստվում եք սրտի ուզածի չափով ձմերուկ ուտել, ապա աշխատեք դրանից առաջ եւ հետո` 2-3 ժամվա ընթացքում, չգործածել աղի ուտելիքներ: Ամբողջ հարցը նրանում է, որ աղը նպաստում է օրգանիզմում հեղուկների կուտակմանը, եւ հյութալի ձմերուկը կարող է ավելորդ բեռ դառնալ հիվանդ սրտի համար:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում