livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

alt- 38 տարեկան եմ, մասնագիտությամբ` մենեջեր: Գոտկային հատվածում պարբերաբար սուր ցավեր եմ ունենում: Ասում են` ռադիկուլիտ է: Ցավն անհետանում է, երբ տաք լոգանք (վաննա) եմ ընդունում, կարելի՞ է: Խնդրում եմ նաեւ ասեք` ինչ անհրաժեշտ հետազոտություններ են պետք անցնել բուժման համար:

Հարցին պատասխանում է կինեզիթերապեւտ, ռեաբիլիտոլոգ ԱՐԱՄ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ.

- Ռադիկուլիտ (արմատաբորբ) այլ կերպ այն անվանում են նյարդարմատաբորբ, որը ողնուղեղի նյարդարմատների բորբոքումն է:
Ռադիկուլիտը կարող է առաջանալ ողնաշարի տարբեր հատվածներում. ողնաշարի պարանոցային, կրծքային եւ գոտկային հատվածներում: Վերջինս  առավել տարածված է:
Ռադիկուլիտով հիմնականում տառապում են մարդիկ, ովքեր վարում են նստակյաց կյանք, գործ են ունենում ծանրությունների հետ: Հիվանդության առաջացման պատճառները տարբեր են: Բորբոքումը կարող է տեղի ունենալ  նաեւ օստեոխոնդրոզի հետեւանքով, հաճախ ժողովուրդը սրա տակ հասկանում է աղերի կուտակումը: Իրականում սխալ պատկերացում է (օստեոխոնդրոզը ողնաշարի ողերի կամ սկավառակների դեֆորմացիան է եւ գերաճը): Ռադիկուլիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ աճառային սկավառակների ճողվածքը, սառեցնելն ու ծանրություն բարձրացնելը եւ այլն:  
Ռադիկուլիտը կարող է ընթանալ սուր, կտրող ցավերով, շարժողության խանգարումներով:  Նեստերոիդային (հակաբորբոքային) դեղամիջոցներ ընդունելուց կամ տաք պահելուց հետո չի բացառվում, որ ցավն անհետանա, սակայն… Իրականում ռադիկուլիտը պահանջում է լուրջ բուժում: Բուժման եղանակները հիմնականում կախված են բուժող բժշկի մոտեցումից եւ հիվանդության աստիճանից: Բուժման միջոցների մեջ ներառվում է դեղորայքային բուժում, կինեզիթերապիա, բուժական ֆիզկուլտուրա, ինչպես նաեւ ֆիզիոթերապիա:  
Ինչ վերաբերում է հարցին, թե կարելի± է արդյոք ցավը մեղմելու համար ընդունել տաք լոգանք (վաննա), ապա տաք լոգանքը հարցի լուծում չէ: Ավելին` որոշ դեպքերում այն հակացուցված է: Եթե տվյալ անհատն ունի երիկամների խնդիր, լեղաքարային հիվանդություն, արյան ճնշման տատանումներ կամ միզասեռական օրգանների հիվանդություններ, ապա տաք լոգանքը կարող է վնաս հասցնել:  
Ռադիկուլիտի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ: Հիվանդությունը կարելի է որոշել սկզբնական շրջանում` հիվանդի գանգատները լսելով: Հարկ եղած դեպքում` անել ռենտգենոգրաֆիա կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):


Հարցին պատասխանել է նաեւ «Քանկոր» սիրտ-անոթային ԲԿ-ի ինվազիվ սրտաբան ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ.

- Ինչպես շատ տաք լոգանքը, այնպես էլ սառը լոգանքը բերում է անոթների լայնացման, ինչպես նաեւ սպազմի, որը կարող է բերել հեմոդինամիկ խանգարումներ (արյան զարկերակային ճնշման տատանումներ, սրտի ռիթմի խանգարումներ), ինչը ցանկալի չէ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդների համար: Առողջ եղեք: 

Հարցին պատասխանել է նաեւ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգ, բ.գ.թ. ԴԱՎԻԹ ՖԱՆԱՐՋՅԱՆԸ.

- Հաշվի առնելով այն փաստը, որ միզային համակարգի հիվանդությունները կարող են ուղեկցվել բորբոքային գործընթացներով, տաք լոգանքները, ջեռակները կարող են բարդացնել հիվանդությունը: Դա հիմնականում վերաբերում է երիկամի միզաքարային հիվանդությանը, միզապարկի սուր բորբոքային գործընթացներին (ցիստիտներին), ամորձու բորբոքային գործընթացներին (օրխիտին):  Տաք ջեռակները կարող են շատ կտրուկ վատացնել հիվանդի վիճակը, սրացնել բորբոքային գործընթացը: Ուստի, խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ: Ախտանիշների առկայության դեպքում պետք է դիմել բժշկի:


ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում