altԳյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի պատասխանատու Արմինե Սուքիասյանը ՙԶարուհու՚ հետ զրույցում փաստեց` քանի որ պաղպաղակը համարվում է բարձր ռիսկային սննդատեսակ, ապա տարին մեկ անգամ նախատեսված են պլանային ստուգումներ արտադրող ընկերություններում: Ստուգումների արդյունքում, եթե հայտնաբերվում են խախտումներ, ապա մեր զրուցակցի խոսքով` տվյալ արտադրանքի վրա դրվում է արգելանք: Նշենք, որ այդպիսի ստուգումների արդյունքում վերջերս արգելանք դրվեց պաղպաղակ արտադրող ՙԹամարա՚ ընկերության մի քանի ապրանքատեսակների վրա:


Ա. Սուքիասյանը նաեւ հավելեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում  չեն արձանագրվել պաղպաղակից թունավորման դեպքեր:

Իսկ ահա ՙԻրազեկ սպառող՚ հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը սպառողական շուկայում առկա պաղպաղակի որակի վերաբերյալ ունի այլ կարծիք` այստեղ արդեն հանդիպել են ակնառու խնդիրների: Իսկ թե ինչպիսի խնդիրների, հայտնի կդառնա մի քանի օրից, երբ ոչ թե առանձին խանութներում, այլ ամբողջ շուկայում իրականացվի մեծածավալ ուսումնասիրություններ, որն էլ կապահովի նախկինում կատարված աշխատանքների շարունակականությունը: ՙՃիշտ է, պաղպաղակից թունավորվելու դեպքեր չենք ստացել, սակայն սա չի նշանակում, որ չեն եղել նման դեպքեր: Այնպես չէ, որ քաղաքացիներն ակտիվ համագործակցում են մեզ հետ եւ նման դեպքերում դիմում են մեզ՚,- մեկնաբանեց Բաբկեն Պիպոյանը եւ խոստացավ առաջիկա օրերին հանրայնացնել այն պատկերը, որը տիրում է պաղպաղակի շուկայում:

Ինչ վերաբերում է գունավոր պաղպաղակներին, ապա դրանք ըստ Բ. Պիպոյանի`  պետք է ենթարկվեն փորձաքննության, թե տվյալ պաղպաղակի մեջ ինչ գունանյութեր են օգտագործվում:
Անդրադառնալով ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության տարածած հայտարարությանը ՙԹամարա՚ ընկերության որոշ արտադրատեսակնեի հետ կապված պրն. Պիպոյանը նկատեց, որ այդ հայտարարության մեջ չկան նշված, թե այն պաղպաղակները, որոնցում հայտնաբերվել է վտանգ, եւ թե կոնկրետ որ օրվա խմբաքանակում է եղել: Սա կարեւոր հանգամանք է, քանի որ շրջայցերի ընթացքում պարզ կլինի` արդյոք այդ պաղպաղակներից այժմ վաճառվում է շուկայում թե` ոչ: Այնտեղ անդրադարձ չկա նաեւ որակին, անդրադարձը միայն վերաբերում է անվտանգությանը: ՙԵթե այդ տեղեկատվությանը չտիրապետենք շրջայցերի ընթացքում, ապա հստակ վերլուծություններ անելը դժվար կլինի՚,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը:
Մնում է հուսալ, որ մինչ վաճառվող պաղպաղակի որակի վերաբերյալ նյութերի հրապարակումը` չեն լինի արտառոց դեպքեր, մանավանդ որ դրանից ամենաշատն օգտվում են մանուկները:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ