bjiskՍառն ըմպելիքը, ուտեստը, պաղպաղակը կարող են հիվանդության սրացման պատճառ դառնալ, եթե խնդիրներ կան քմային նշիկների (գլանդների) հետ, հատկապես, երբ բժշկական քննության արդյունքում Ձեզ տոնզիլիտ են ախտորոշել:

Քիթ-կոկորդ-ականջաբան ՀԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՛Զարուհու՛ հետ զրույցում նշեց,  որ բժշկական գրականության մեջ, ի դեպ, չկա ՛գլանդներ՛ անվամբ հասկացողություն, այն ժողովուրդն է հորինել:

Հարցին, թե ի՞նչ դեր ունեն քմային նշիկները մեր օրգանիզմում, բժիշկ Պողոսյանը պատասխանեց. ՛Քմային նշիկները իրենցից ավշային հյուսվածք են ներկայացնում եւ պատասխանատու են օրգանիզմի դիմադրողականության համար: Ավշային հյուսվածքներ օրգանիզմում շատ կան` կոկորդում, աղիներում, մարմնի բոլոր մասերում: Քմային նշիկները ապահովում են հակամարմինների, իմունային բջիջների արտադրությունն օրգանիզմում, որոնք պայքարում են վարակի դեմ: Ուստի, կարելի է ասել, որ նրանք ունեն պաշտպանիչ դեր»:

Ըստ Հ. Պողոսյանի` քմային նշիկների քրոնիկական բորբոքումը կոչվում է տոնզիլիտ: Այն երկու ձեւի ընթացք կարող է ունենալ` քրոնիկական եւ սուր:

՛՛Քրոնիկական տոնզիլիտը` քմային նշիկների քրոնիկ բորբոքումն է, որը կարող է նաեւ ընթանալ տոքսիկ-ալերգիկ բաղադրիչով»,- ընդգծեց մասնագետն ու թվարկեց հիվանդության առաջացման բուն պատճառները: Հ. Պողոսյանը պնդեց, որ հիմնական պատճառը օրգանիզմի սառեցումն է, հաճախակի սառը հեղուկների օգտագործելը, ընդհանուր օրգանիզմի դիմադրողականության թուլացումը: Ի դեպ, բժիշկը օրգանիզմի դիմադրողականության թուլացումը տարբեր պատճառների հետ է կապում. հաճախակի հիվանդացությունների, մրսածության, կենցաղային անբարենպաստ պայմանների` խոնավություն, ինֆեկցիաների ու վիրուսների...

Բժիշկը փաստեց, որ քրոնիկական տոնզիլիտի սրացման մասին կհուշի այն փաստը, եթե դուք տարեկան մի քանի անգամ հիվանդանում եք անգինայով, որն ուղեկցվում է բարձր ջերմաստիճանով, կոկորդի ցավով, նշիկների վրա թարախաբշտիկների առաջացմամբ:

haik pogosyanՀ. Պողոսյանն զգուշացնում է. ՛՛Երկար ժամանակ չբուժված տոնզիլիտը կարող է բերել ռեւմատիզմի,  հոդաբորբերի, երիկամների ախտահարման, որոնք օրգանիզմի համար վտանգավոր բարդություններ են»:

Հարցին, թե ե՞րբ է հիվանդին ցուցվում հեռացնել քմային նշիկները, բժիշկն ասաց. ՛՛Վիրահատությունը սովորաբար ցուցված է լինում կատարել այն ժամանակ, երբ հիվանդը 2-3 անգամ նախկինում կոնսերվատիվ բուժում է ստացել. hակաբիոտիկներ է ընդունել, տեղային միջոցառումներ են անցկացվել, բայց շարունակում է հիվանդանալ անգինայով, կա թուլություն, քրտնարտադրություն, ջերմում է, ինքնազգացողությունը վատ վիճակում է, ապա, այո, ցուցված է վիրահատություն՛՛:

Բժիշկը, ի դեպ, նշեց, որ քմային նշիկների հեռացումը տեւում է 10-20 րոպե:  Վիրահատությունն անցկացվում է տեղային կամ ընդհանուր անզգայացման եղանակով` ըստ հիվանդի ցանկության: ՛՛Փոքրիկներին խորհուրդ ենք տալիս վիրահատությունն անցկացնել միայն ընդհանուր անզգայացման եղանակով, ինչը փոքրիկին զերծ կպահի հետագա հոգեբանական անցանկալի խնդիրներից՛՛,- եզրափակեց բժիշկը:


 

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ԸՍՏ ՀԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ

1. Խորհուրդ է տրվում փոքր հասակից կոփել օրգանիզմը: Ջրային միջոցառումներ անցկացնել. կոնտրաստային ցնցուղ` տաքից սառը:

2. Հաճախակի զբոսնել մաքուր օդում:

3. Խուսափել մրսածությունից:

4. Օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ:


Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ