livemarks sitemap
Շաբաթ, Փետրվարի 22, 2020

bjk1-Ի՞նչ է իրենից ներկայացնում փսորիազ մաշկային հիվանդությունը: Վարակի՞չ է փսորիազով հիվանդը:

ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ, մաշկաբան.

- Մի՛ վախեցեք, հարգարժան նամակագիր: Ցանկության դեպքում էլ անգամ, եթե շատ ուզենա` չի  կարող վարակել:

Փսորիազը (թեփատու որքին) քրոնիկական մաշկային հիվանդություն է, բայց ոչ վարակիչ:

Ի դեպ, քրոնիկական հիվանդությունների մեջ` ամենահաճախ տարածվածը: Աշխարհի բնակչության 4-5%-ը հիվանդ է փսորիազով: Փսորիազով հիվանդանում են ցանկացած տարիքում:

Առաջացման պատճառն անհայտ է: Գտնում են, որ փսորիազն ունի գենետիկ նախատրամադրվածություն, կարող է հանդես գալ որպես աուտոիմուն հիվանդություն: Շրջանառության մեջ դրվում է վիրուսային էթիոլոգիան: Փսորիազը կարող է զարգանալ նաեւ նյարդային եւ նեյրոհումորալ խանգարումների ֆոնի վրա եւ այլն:

Սկզբնական շրջանում մաշկի վրա առաջանում են հարթ, տափակ հանգույցներ` ծածկված թեփուկներով, որոնք աստիճանաբար սկսում են մեծանալ: Փսորիազի ամենահաճախ հանդիպող տեսակը` վուլգար փսորիազն է: Այն սկսում է մանր, գնդասեղի գլխիկի մեծության ցանավորմամբ, որն աստիճանաբար սկսում է մեծանալ` հասնելով մինչեւ 20 դրամանոց մանրադրամի մեծության: Մեծանալու ընթացքում հանգույցները կարող են ձուլվել իրար` վերածվելով փսորիատիկ բլթակների եւ առաջացնել ափի մեծությամբ եւ ավելի տարածքով ախտահարված մակերեսներ:

Իր սիրած տեղակայումը`վերին եւ ստորին վերջույթների տարածիչ մակերեսներն են` հատկապես արմունկային, ծնկային հոդերը, գլխի մազածածկ մասը, գոտկային հատվածը:

Ըստ զարգացման փուլերի տարբերում են փսորիազի պրոգրեսիվ (առաջընթացային), ստաբիլ  (կայունացման) եւ ռեգրեսիվ (հետզարգացման) շրջաններ:

Պրոգրեսիվ շրջանում մաշկի ախտահարված մակերեսը ծածկվում է վառ կարմիր հանգույցներով, որոնք կենտրոնական հատվածում ծածկվում են արծաթասպիտակավուն թեփուկներով: Փսորիազի հանգույցները խիստ սահմանագծված են շրջակա առողջ մաշկից: Պրոգրեսիվ շրջանում կարող է նկատվել նույնիսկ քորի զգացողություն, թեփի առատ արտադրություն:

Ստաբիլ շրջանում աճը դադարում է, այսինքն` նոր տարրեր այլեւս ի հայտ չեն գալիս: Ամբողջ մակերեսը սկսում է ծածկվել արծաթասպիտակավուն թեփուկներով:

Ռեգրեսիվ շրջանում քչանում է թեփուկների առաջացումը, սկսվում է ներծծման փուլը` հակապես կենտրոնական շրջանում: Մեծամասամբ, նույնիսկ ռեգրեսիվ շրջանից հետո մաշկի վրա մնում են հերթապահ հանգույցներ արմունկների, վզի, մազածածկ մասում:

bjkԲացի վուլգար փսորիազից տարբերում են նաեւ էքսուդատիվ փսորիազ, սեբոռեային փսորիազ, գորտնուկանման փսորիազ, եղունգների փսորիազ եւ փսորիազային էրիթրոդերմիա (կարմրամաշկություն), հոդախտային փսորիազ:

Ի դեպ, վերջինի ժամանակ ախտահարվում են հոդերը: Սա փսորիազի ամենածանր ձեւն է: Այն ընթանում է հոդացավերով, հոդային մակերեսները սկսում են քայքայվել: Կարող է ախտահարել մինչեւ ողնաշարն ու բերել հաշմանդամության: Հոդերից բացի այն ախտահարում է նաեւ ներքին օրգանները: Հենց դրա համար փսորիազը դիտվում է որպես համակարգային հիվանդություն, բայց գերազանցապես մաշկային արտահայտությամբ:

Տարբերում են փսորիազի ձմեռային, ամառային, խառը ձեւեր: Ամենատարածվածը` ձմեռայինն է: Բայց, վերջին շրջանում  հաճախ հանդիպում են նաեւ խառը ձեւերը:

Փսորիազն ախտորոշելու համար բավարար է արտաքին տեսքը, ախտորոշմանն օգնում է փսորիատիկ տրիադան (երբ սկսում ենք քերել փսորիատիկ բլթակները, առաջանում է առատ թեփոտում: Շարունակելով քերելը, շերտազատվում է ամբողջ բլթակը ծածկող թափանցիկ  թաղանթը, որի տակ ի հայտ են գալիս արյունային ցողի կաթիլներ):  Վերջնական ախտորոշման համար սովորաբար վերցվում է հիստոլոգիական (հյուսվածքաբանական) քննություն:

Փսորիազի ժամանակ հիվանդը պետք է ստանա համալիր բուժում: Բացի արտաքին դեղորայք օգտագործելուց նաեւ խմելու դեղեր են նշանակվում, կարգավորում են սննդային ռեժիմը: Ի դեպ, խորհուրդ է տրվում կազմակերպել հանգիստ առողջարաններում:  

Փսորիազով հիվանդ մարդիկ վերցվում են դիսպանսեր հսկողության տակ: Նրանք տարին երկու անգամ պետք է պարտադիր այցելեն բժշկի` մաշկաբանի, որպեսզի ճշտվի վիճակն ու նշանակվի բուժում:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում