livemarks sitemap
Ուրբաթ, Փետրվարի 21, 2020

alt- Ինչպես խուսափել սեզոնային ալերգիկ ռինիտից: Այն վարակիչ է. սարսափում եմ, երբ ամուսինս փռշտում է: Հալվեի մզվածքը կարող է օգնել:

Հարցին պատասխանում է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. ԱՐՍԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ:

-Ռինիտը` քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է, որին բնորոշ է մեկ կամ ավելի ախտանիշներ. քթի խցանում, քթահոսություն, փռշտոց, քոր քթի մեջ: Հաճախ ալերգիկ ռինիտը զուգորդվում է նաեւ աչքի շաղկապենաբորբով:

Ռինիտները կարող են լինել ալերգիկ, ինֆեկցիոն եւ այլ բնույթի: Տարածված են ալերգիկ ռինիտները, որոնք իրենց հերթին լինում են` սեզոնային եւ ամբողջ տարվա:

Սեզոնային ռինիտի պատճառ կարող են լինել ծաղկափոշին` ե′ւ մոլախոտերի, ե′ւ ծառերի, ինչի հետ կապված հիվանդության սրացումը կարող է լինել տարբեր ամիսների: Ամբողջ տարվա ալերգիկ ռինիտի պատճառ կարող են հանդիսանալ այն ալերգենները, որոնց հետ մարդը կարող է շփվել ամբողջ տարվա ընթացքում: Օրինակ` տան փոշու տիզը, բորբոսասնկերը, խավարասերները, տնային կենդանիներից ալերգենները (շուն, կատու, մուկ, առնետ), պրոֆեսիոնալ գործունեության հետ կապված ալերգենները:
Ալերգիկ ռինիտը դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնք ոչ թե կյանքին են վտանգ սպառնում, այլ խիստ գցում են կյանքի որակը: Բացի այդ, վտանգ կա, որ ալերգիկ ռինիտը կարող է զարգանալ բրոնխային ասթմայի: Այդ իսկ պատճառով կարեւոր է ալերգիկ ռինիտը բուժել եւ վերահսկողության տակ պահել: Բուժումը պետք է կատարվի մասնագետի կողմից, այլ ոչ ինքնաբուժման տարբեր ժողովրդական մեթոդներով, օրինակ` հալվեի մզվածք եւ այլն, որոնք կարող են ոչ միայն սրել առկա հիվանդությունը, այլեւ բերել լուրջ բարդությունների:
Պրոֆիլակտիկայի եւ բուժման համար կարեւոր է նաեւ պարզել պատճառը` ալերգիկ թեստերի միջոցով:
Վերջում կցանկանայի կրկին հորդորել, որ ալերգիկ ռինիտին, որն արտահայտվում է հաճախակի փռշտոցներով, պետք չէ անլուրջ վերաբերվել` առաջնորդվելով «սաբրը խեր է» հայտնի արտահայտությամբ: Այլ պետք է դիմել բժիշկ-մասնագետի` հիվանդության հետագա զարգացումն եւ բարդությունները կանխելու նպատակով:        

Հարցին պատասխանել է նաեւ  թիվ 2 բուժմիավորման ԼՕՌ բաժանմունքի վարիչ ՀԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ.

-Սեզոնային եւ կլոր տարվա ռինիտները կլինիկայում իրարից չեն տարբերվում. մարդն սկսում է փռշտալ, առաջանում է քթահոսություն, քթի փակվածության զգացողություն:

Սեզոնային ալերգիկ ռինիտներից խուսափելու համար խորհուրդ է տրվում պրոֆիլակտիկ միջոցառումներ անցկացնել բնակարանում, ավտոմեքենայում` օդամղիչ սարքերի, օթորակիչների միջոցով:

Սեզոնային ալերգիկ ռինիտից խուսափելու համար կարելի է տեղափոխվել կլիմատիկ այլ գոտի, որտեղ ծառերի ծաղկման շրջանն ավարտվել է կամ դեռ չի սկսվել:   

Կենցաղային պարզունակ միջոցները բուժման համար արդյունավետ չեն: Կարեւոր է` բացառել ալերգենի հանդիպումը օրգանիզմի հետ: Եթե ալերգենը, օրինակ` փոշու տիզն է, ապա այն տեղակայվում է փոշոտ տեղերում. փափուկ կահույք, անկողին` հիմնականում բնական բրդի մեջ, գորգեր, փափուկ խաղալիքներ:

Խորհուրդ է տրվում բնակարանում պարտադիր խոնավ մաքրություն անել, հաճախակի օդափոխել սենյակները, մանավանդ` երեխաների սենյակը, քանի որ ալերգիկ ռինիտները մանկական հասակից են սկսում ձեւավորվել: Ի դեպ, փափուկ կահույք տեղադրել երեխաների սենյակում, ցանկալի չէ: Պետք է հաճախակի մաքրել պահարանների վերեւի հատվածը: Այստեղ նույնպես կարող է տեղակայվել փոշու տիզը:

Ռինիտի առաջացման դեպքում պետք է դիմել բժշկի: Ռինիտը բուժում են քիթ-կոկորդ-ականջաբանները` ալերգաբանների հետ համատեղ:

Եթե հնարավոր է լինում հայտնաբերել ալերգենը, որի հանդեպ կա ալերգիա` ավելի հեշտ է ընթանում բուժումը: Եթե ոչ` ընդհանուր միջոցառումներ են կիրառվում. կա լայն սպեկտորի դեղորայք, որի միջոցով կարելի է բավականին լավ արդյունքի հասնել: Վերջնական բուժման ալերգիան չի ենթարկվում, բայց կարելի է երկարատեւ ռեմիսիաների (հիվանդության կլինիկական ախտանիշների բացակայության) հասնել:

Հիշե′ք, որ ալերգիան իր տհաճ հետեւանքն է թողնում օրգանիզմի վրա: Բացի ալերգիկ ռինիտից, այն կարող է բերել ասթմայի, քթի խոռոչում պոլիպներ առաջացնել, որը պահանջում է վիրաբուժական միջամտություն, ինչպես նաեւ շարունակ դիսկոմֆորտի զգացողության:

Հարգելի նամակագիր, ալերգիկ ռինիտը վարակիչ չէ: Նույնիսկ սերտ շփման դեպքում այն որեւէ խնդիր չի կարող առաջացնել:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում