livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

Pregnant-    Կարելի է արդյո՞ք հղիության ընթացքում ինքնաթիռ նստել:

ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ,

Մոր եւ մանկան առողջության պահպանման

գիտահետազոտական

կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ

(093) 43 40 76

-Իհարկե, կարելի է: Նախկինում կար մոտեցում, որ մինչեւ 33-34 շաբաթական հղիության ժամանակ կարելի է ինքնաթիռ նստել, իհարկե, եթե չկա որեւէ խնդիր, ասենք, վաղաժամ ծննդաբերության  կամ ավելի փոքր ժամկետներում վիժման սպառնալիք, անոթային որեւէ խնդիր չունի հղին: Եթե հղիությունը նորմալ է ընթանում, ապա մինչեւ 34 շաբաթականը թույլատրելի է:

Իսկ բազմապտուղ հղիության ժամանակ մինչեւ 30-31 շաբաթականն է համարվում թույլատրելի սահման: Վերջին տարիներին մոտեցումները փոքր-ինչ փոխվել են, ցուցումներն ընդլայնվել: Կարծիք կա, որ մինչեւ 36-37 շաբաթական հղիության դեպքում էլ կարելի է ինքնաթիռ նստել, եթե, իհարկե, բացակայում են նշված խնդիրներըն: Այս հարցին այլ մոտեցում ունեն այս կամ այն երկրի ավիափոխադրող ընկերությունները: Օրինակ` Լոնդոնում 30 շաբաթական հղիությունից ավելի ուշ իրավունք չունես բարձրանալ ինքնաթիռ: Իսպանիայում` մինչեւ 32-33 եւ այլն: Մեզ մոտ մինչեւ 33-34 շաբաթական է` ինքնաթիռ նստելու թույլատրելի սահմանը: Դրանից բարձր դեպքերում կարող են պահանջել հավաստագիր, որտեղ թույլտվությունը պետք է լինի պարտադիր բժշկի ստորագրությամբ: Բացի այդ, տվյալ հղին ստորագրում է համաձայնագիր, որ եթե իր հետ որեւէ խնդիր առաջանա թռիչքի ընթացքում` ավիափոխադրող ընկերությունը պատասխանատվություն չի կրում հետեւանքների համար:

Նշենք, որ թռիչքի ընթացքում տեղի են ունենում մթնոլորտային ճնշման տատանումներ` հատկապես թռիչքի եւ վայրէջքի ժամանակ, ինչը շատ վտանգավոր է հղիի համար: Այդ մթնոլորտային ճնշման տատանումների արդյունքում տեղի են ունենում անոթների կծկումներ, եւ այն հղիները, ովքեր ունեն անոթների հետ խնդիրներ, հնարավոր է ունենան բարդություններ: Ավելին` անոթների կծկումները կարող են բերել հիպոքսիկ երեւույթների (թթվածնի պակաս), ընկերքի շերտազատման, որը, հղիության փոքր ժամկետներում վիժման սպառնալիք է ներկայացնում, իսկ մեծ ժամկետներում` վաղաժամ ծննդաբերության:

Ուստի, ինքնաթիռ նստելուց առաջ հղին պետք է լինի բժշկի հսկողության տակ: Կարեւոր է, որ արգանդի տոնուսը լինի հանգիստ վիճակում: Կարելի է դեղորայքի միջոցով կարգավորել այն:

Ի դեպ, թռիչքից առաջ եւ ընթացքում վախի զգացողությունն էլ կարող է ազդել հղիի ինքնազգացողության վրա: Չի բացառվում սրտխառնոց, մինչեւ անգամ փսխում ոմանց մոտ:  

Ինքնաթիռում հարմարավետ զգալու համար խորհուրդ ենք տալիս կրել համեմատաբար ավելի ազատ հագուստ, հանգիստ կոշիկներ: Եթե թռիչքը մի քանի ժամ է տեւում` խորհուրդ ենք տալիս փոփոխել նստելու դիրքը: Հնարավորության դեպքում ցանկալի է մեկ- երկու անգամ քայլել: Ինքնաթիռի տոմս գնելիս հաշվի առեք տեղը:  Եթե ներում են հնարավորությունները, տոմս գնեք բիզնես- կլասում, քանի որ պայմաններն այնտեղ ավելի լավն են: Եթե ոչ` տեղը ցանկալի է լինի ինքնաթիռի առաջամասում` վթարային ելքերի մոտ, որտեղ համեմատաբար ազատ է տարածքը:

Խորհուրդ է տրվում ինքնաթիռ բարձրանալ գրանցման ավարտին` խուսափելով ուղեւորների հրմշտոցից ու կուտակումից, ինչը, անշուշտ ունի ճնշող ազդեցություն:

Սնունդ թռիչքից առաջ կարելի է ընդունել, իհարկե, ոչ շատ ծանր: Հստակ սահմանափակումներ չկան:

Հղին իր հետ պետք է ունենա նաեւ դեղամիջոցներ` արգանդի տոնուսը թուլացնելու համար: Բժշկի ցուցմամբ` կարելի է օգտագործել նաեւ հանգստացնող դեղահաբեր:  

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում