livemarks sitemap
Երեքշաբթի, Հուլիսի 14, 2020

aroxj3Առիթմիան կամ սրտի ռիթմի խանգարումը սրտի նորմալ էլեկտրական համակարգի աշխատանքի խափանումն է, որի հետեւանքով սիրտը աշխատում է ոչ նորմալ ռիթմով կամ անկանոն: Յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ առիթմիա, նույնիսկ եթե նախկինում սրտի որեւէ խնդիր չի ունեցել: Տարիքի հետ առիթմիաների հանդիպելիությունը ավելանում է, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ունեն սրտային կամ այլ օրգան-համակարգերի հիվանդություններ:  «Զարուհու» հարցերին պատասխանում է սրտաբան-առիթմոլոգ ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ:

Առիթմիաների ի՞նչ տեսակներ կան:

• Սրտի չափից ավելի դանդաղ աշխատանք կամ բժշկական լեզվով ասած` բրադիկարդիա

• Սրտի չափից ավելի արագ աշխատանք կամ բժշկական լեզվով ասած` տախիկարդիա

• Սրտի արտահերթ կծկում կամ էքստրասիստոլա

• Սրտի ընդհատումներով աշխատանք

• Ոչ նորմալ օջախից ծագած սրտի կծկումներ:

- Ինչպիսի՞  նախանշաններ են լինում առիթմիաների ժամանակ:

• Թուլություն

• Գլխապտույտ

• Սրտխփոց

• Սրտազարկի արտանկում

• Հոգնածություն

• Շնչարգելություն

• Հետկրծոսկրային ցավեր

• Սրտի անկանոն աշխատանք

Որոշ առիթմիաներ էլ կարող են չպատճառել գանգատներ կամ նախանշաններ:

- Ովքե ՞ր են գտնվում ռիսկի խմբում:

- Առիթմիաների շատ տեսակներ առավել հազվադեպ են հանդիպում երիտասարդների մոտ: Դրանց հանդիպելիությունը աճում է տարիքի հետ: Մեծահասակ մարդիկ հաճախ ունենում են շողացող առիթմիաներ: Որպես փաստ, այն ունի 3-5% հանդիպելիություն 65 տարեկան մարդկանց շրջանում: Սակայն վերփորոքային տախիկարդիան այն առիթմիաներից է, որն առաջանում է երիտասարդ տարիքում, եւ նրանց որոշ տեսակներ ավելի հաճախ հանդիպում են երիտասարդ կանանց շրջանում: Հաճախ առիթմիաները հանդիպում են անբացատրելի պատճառներով կամ ունեն ժառանգական պայմանավորվածություն: Բայց հաճախ նրանք զարգացում են ապրում սրտային այլ հիվանդությունների շնորհիվ:

- Որքա ՞ն վտանգավոր են առիթմիաները:

- Դժվար է պատասխանել, որովհետեւ առիթմիաները շատ տարբեր են: Որպես օրինակ վերփորոքային տախիկարդիան կյանքին վտանգ սպառնացող չէ, բայց կարող է առաջացնել ախտանիշներ, որոնք կփոխեն մարդու կյանքի որակը: Իսկ այլ նախասրտերի առիթմիաներից, ինչպիսին է օրինակ` նախասրտերի շողացումը, կարող է պատճառ լինել թրոմբոէմբոլիկ բարդությունների, որոնցից է օրինակ` ուղեղի իշեմիկ ինսուլտը: Առավել վտանգավոր են փորոքային առիթմիաները եւ պահանջում են անհապաղ բուժում: Սովորաբար սրտի կծկողական ֆունկցիայի խանգարման հետ փորոքային առիթմիաների հավանականությունը բարձրանում է, հատկապես այն պացիենտների մոտ, ովքեր տարել են սրտամկանի ինֆարկտ: Այս իրավիճակները շատ լուրջ են, պահանջում են հատուկ դինամիկ հսկողություն,  բուժում եւ որոշ դեպքերում բարձրացնում են սրտային հանկարծամահության ռիսկերը:  Սակայն ներկայումս կան  բուժման վիրաբուժական տարբերակներ` սրտային հանկարծամահության ռիսկերը իջեցնելու նպատակով, որոնք շատ արդյունավետ են:

- Հնարավո՞ր է դեղորայքով վերահսկել առիթմիան:

- Հակաառիթմիկ դեղորայքը հաճախ համարվում է որպես հիմնական բուժման մեթոդ: Շատ հիվանդներ արդյունավետ բուժվում են դեղորայքով եւ առանց որեւէ կողմնակի ազդեցությունների: Բայց որոշ դեպքերում հակաառիթմիկ դեղորայքը կարող է արդյունավետ չլինել կամ ունենալ կողմնակի ազդեցություն: Հակաառիթմիկ դեղորայքը պետք է ընդունել զգուշությամբ, միայն բժշկի խորհրդով եւ հսկողությամբ:

- Իսկ բուժման ուրիշ ի՞նչ մեթոդներ կան:

- Առիթմիաների բուժման մեթոդները տարբեր են` կախված առիթմիայի տեսակից: Որոշ առիթմիաների դեպքում բուժումը կարող է լինել արմատական, հատկապես վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիաների դեպքում: Խոսքը ռադիոհաճախականային աբլյացիայի մասին է, որը այսօր լայնորեն կիրառվում է մեր պրակտիկայում եւ ունի բարձր արդյունավետություն: Աբլյացիան միջամտական գործողություն է, որի ժամանակ նուրբ կաթետրների օգնությամբ ներսրտային ճանապարհով հնարավոր է լինում գտնել առիթմիայի օջախը եւ վնասել այն բարձր ջերմաստիճանի օգնությամբ:

Կյանքին վտանգ սպառնացող փորոքային առիթմիաները հաճախ պահանջում են կարդիովերտեր դեֆիբրիլյատորի իմպլանտացիա: Դրանք փոքր էլեկտրոնիկ սարքեր են, որոնք իմպլանտացվում են մարդու մարմնի մեջ, կարողանում են ճանաչել եւ ընդհատել առիթմիաները:

Երբեմն էլ բժիշկը կարող է առաջարկել պացիենտին ներսրտային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն` առիթմիայի տեսակը ավելի լավ հասկանալու եւ բուժման տարբերակները քննարկելու համար:

- Ինչպե ՞ս է իրականացվում էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը:

- Տեղային անզգայացմամբ կաթետրը երակների միջով թափանցում են սիրտ եւ տեղակայում սրտի տարբեր հատվածներում:  Դա սովորաբար արվում է մեկ կամ երկու ազդրային կամ ենթաանրակային երակների մեջ թափանցելու միջոցով: Գործողությունը անցավ է եւ իրականացվում է ռենտգեն հսկողության տակ: Ախտորոշումը ճշտելուց  հետո իրականացվում է աբլյացիան, որը, ինչպես նշեցինք, կարող է լինել առիթմիայի հիմնական եւ արմատական բուժման մեթոդ:

- Որքա ՞ն անհարմարավետ է էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունը:

- Այդ ժամանակ մեծամասամբ հիվանդները քիչ անհարմարավետություն են զգում: Միջամտության ընթացքում հետազոտվողը հիմնականում լինում է արթուն, կարող է զրուցել բժշկի հետ եւ հետեւել միջամտության ընթացքին եւ կարող է ունենալ սրտի արագ եւ անկանոն աշխատանքների զգացումներ:

- Ի՞նչ ռիսկեր ունի ռադիոհաճախականային աբլյացիան:

- Ռադիոհաճախականային աբլյացիան կրում է որոշակի ռիսկեր, ինչպես բոլոր բժշկական արարողակարգերը: Բարդությունները միջինում կազմում են 2-3%:  Բժիշկը պետք է կանխատեսի կոնկրետ հիվանդի ռիսկերը նախքան աբլյացիան իրականացնելը եւ այդ մասին զրուցի նրա եւ հարազատների հետ:

- Իսկ ի՞նչ անել սրտի դանդաղ աշխատանքի դեպքում:

- Սա, կարելի է ասել, առիթմոլոգիայի մյուս ճյուղն է, որտեղ իրավիճակը բարդանում է նրանով, որ դանդաղասրտությունների դեպքում դեղորայքային բուժում չկա կամ այն արդյունավետ չէ: Իսկ սրտի շրջափակմամբ (բլոկադայով) պայմանավորված դանդաղասրտությունը վտանգավոր է, կարող է բերել սրտի կանգի եւ ուշագնացության: Նման դեպքերում հարկավոր է շտապ կարգով փոխպատվաստել (իմպլանտացնել) սրտի ռիթմը վարող սարք (կարդիոստիմուլյատոր):

Եթե ընդհանրացնեմ, պետք է ասեմ, որ ցանկացած հիվանդության եւ հատկապես առիթմիաների բուժման մեջ շատ կարեւոր է ճիշտ ախտորոշումը, հետագա բուժման տակտիկայի ճիշտ մշակումը եւ իրականացումը: Մի բան կարող եմ ասել, որ բժշկության մեջ շատ քիչ կան հիվանդություններ, որոնք կարելի է արմատապես բուժել: Առիթմոլոգիայում դա հնարավոր է:

Զրույցը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում