livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019
vot1Ի՞նչ է հարթաթաթությունը, որո՞նք են առաջացման պատճառները, ի՞նչ անել, եթե այն արդեն առաջացել է: Այդ մասին «Զարուհին» զրուցեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, վնասվածքաբան ԲԱԳՐԱՏ ԲԱՎԵՅԱՆԻ հետ:

- Բժիշկ Բավեյան, ի՞նչ է հարթաթաթությունը:

- Մարդու ոտնաթաթը յուրահատուկ կառուցվածք ունի: Միայն մարդուն է բնորոշ երկու ոտքի վրա ուղիղ կանգնել եւ քայլելը: Կենդանական աշխարհի ոչ մի ներկայացուցիչ չունի նման կառուցվածքի ոտնաթաթ: Նույն կենգուրուն էլ երկու ոտքի վրա է կանգնում, սակայն ոչ թե քայլում է, այլ ցատկում է: Ոտնաթաթերի վրա է տեղափոխվում մարմնի ամբողջ ծանրությունը:  

vot3Եթե ուսումնասիրենք ոտնաթաթի կառուցվածքը` կտեսնենք, որ  ներբանային հատվածն ունի երկու կամար` երկայնական եւ լայնական: Ոտնաթաթի կամարները ունեն ամորտիզացիոն հատկություն եւ մեղմում են քայլելու եւ վազելու ժամանակ հարվածային ուժերը: Կամարների հարթեցման ժամանակ տուժում է վերոնշյալ հատկությունը, որի արդյունքում հարվածային ուժերը փոխանցվում են սրունք-թաթային, ծնկան, կոնք-ազդրային հոդերին եւ ողնաշարին, սակայն վերջիններս ունակ չեն մեղմելու հարվածային ուժերը: Արդյունքում առաջանում են ցավեր հոդերում եւ ողնաշարում: Ծանր դեպքերում կարող է զարգանալ երակների վարիկոզ լայնացում:

- Քանի՞ տեսակի հարթաթաթություն գոյություն ունի:

- Ինչպես նշեցի, մենք ունենք երկու կամար` երկայնակի եւ լայնակի, հետեւաբար, տարբերում ենք` երկայնական եւ լայնական հարթաթաթություններ, կախված այն հանգամանքից, թե որ կամարն է ավելի հարթված: Տարբերում են նաեւ հարթաթաթության կոմբինացված ձեւը, որն այլ կերպ անվանում են լայնական-երկայնական հարթաթաթություն: Այստեղ ունենք երկու կամարների հարթեցում:

Եթե դասակարգենք հարթաթաթությունների տեսակները, ապա պետք է ասենք, որ հարթաթաթությունը լինում է բնածին եւ ձեռքբերովի: Բնածին հարթաթաթությունների ժամանակ ավելի շատ հանդիպում է լայնական հարթաթաթությունը: Այն առաջանում է ներարգանդային զարգացման շրջանում` ոտնաթաթի ոսկրերի, մկանա-կապանային համակարգի ոչ ճիշտ ձեւավորման պատճառով:

Ձեռքբերովի հարթաթաթությունը բաժանվում է մի քանի խմբի: Տարբերում են` հետվնասվածքային, պարալիտիկ, հետռախիտիկ, ստատիկ հարթաթաթություններ:

- Կլինիկայում ո՞ր ձեւն է ավելի հաճախ հանդիպում:

- Մոտ 80% դեպքերում հանդիպում է ստատիկ հարթաթաթությունը: Վերջինս պայմանավորված է մկանա-կապանային ապարատի թուլությամբ: Հարթաթաթությունը կարող է զարգանալ ինչպես գերծանրաբեռնվածության, այնպես էլ թերծանրաբեռնվածության ժամանակ:

- Էլ ի՞նչը կարող է նպաստել հարթաթաթության առաջացմանը:

- Հարթաթաթության առաջացմանը նպաստում են նաեւ ավելորդ քաշը, կոշիկի ոչ ճիշտ ընտրությունը` բարձր կրունկներ, նեղ կոշիկ:

Ըստ ոտնաթաթի ձեւախախտման` տարբերում ենք երեք աստիճանի հարթաթաթություն:  

Կամարների հարթման արդյունքում մեծանում է ոտքի չափսը եւ անհատը ստիպված է լինում մեկ կամ կես համար ավելի մեծ չափսի կոշիկ հագնել: Հետագայում նկատվում է հոգնածություն քայլելու ընթացքում, նույնիսկ թեթեւ ծանրաբեռնվածությունների ժամանակ առաջանում է ցավ սրունքների, ինչպես նաեւ ծնկների, գոտկատեղի հատվածում: Ներբանային մասում առաջանում են հարուկներ:

- Ցավը մեղմելու համար խորհուրդ են տալիս ծովի աղով վաննաներ, մերսումներ անել: Ճի՞շտ է:

vot- Ծովի աղը, այո, խորհուրդ է տրվում` ցավերը մեղմելու, հանգստացնելու, արյան շրջանառությունը լավացնելու համար, մերսումները` նույնպես:

Սակայն առաջնահերթ, եթե առկա է հարթաթաթություն, պետք է կոշիկի ճիշտ ընտրություն կատարել. կոշիկը չպետք է լինի սեղմող, հատկապես մատների շրջանում, կրունկը չպետք է լինի շատ բարձր: Կրունկի օպտիմալ բարձրությունը պետք է լինի 3-5 սմ: Բարձրակրունկ կոշիկներ կրել շաբաթական 7 ժամից ավելի` խորհուրդ չի տրվում: Ցանկալի չէ նաեւ կրել տափակ կոշիկներ:

Խորհուրդ է տրվում նաեւ հատուկ ներդիրներ (սուպինատորներ) օգտագործել: Այդ ներդիրները արհեստականորեն ձեւավորում են կամար եւ կրունկից ինչ-որ չափով հանում  ծանրաբեռնվածությունը: Ի դեպ,  ներկայումս ոտնաթաթի սկանոգրամմայի միջոցով կարելի է ձեռքբերել անհատական ներդիրներ:

Զրույցը`

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ԸՍՏ ԲԱԳՐԱՏ ԲԱՎԵՅԱՆԻ

1. Օգտակար է քայլել առանց կոշիկների` խոտի եւ ավազի, բայց ոչ հարթ մակերեսների վրա:

2. Հարթաթաթության կանխարգելման եւ բուժման համար ցուցված է վարժությունների շարք:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում