livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

vrach-   Հնարավո՞ր է եղանակային փոփոխություններն արյան զարկերակային ճնշման բարձրացման պատճառ դառնան: Երբեմն չի օգնում անգամ ճնշում իջեցնող դեղորայքը:  Ի՞նչ անել: Խորհուրդ են տվել քչացնել աղը: Կօգնի՞:

ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆ,

ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան,գաստրոէնտերոլոգ.

Ճնշման մշտական տատանումները մարդուն կարող են հուսահատության գիրկը գցել: Դրանց հետ մեկտեղ սկսվում է տատանվել մարդու առօրյա կյանքը, տրամադրությունը եւ հարազատների հետ հարաբերությունները:

Արյան բարձր ճնշման վտանգների մասին երեւի թե գիտի ամեն հիպերտոնիկ հիվանդ, բայց այ, թե սննդի միջոցով որքան հեշտությամբ կարելի է հարթել այս խնդիրը, կարծում եմ, քչերն են տեղյակ, կամ էլ տեղեկությունը լիարժեք չէ:

1. Առաջին հերթին անհրաժեշտ է կանոնակարգել սնունդը: Կանոնակարգված սնունդը ենթադրում է սննդի փոքր բաժիններ, կարճ ընդմիջումներով եւ սննդի ընդունման համար հաստատված կայուն ժամեր: Այսինքն, ավելի լավ է ուտել ավելի հաճախ եւ փոքր բաժիններով, քան ուշ-ուշ եւ շատ: Օրվա սնունդը բաժանեք 4-5 ընդունման ժամերի: Այսպիսով կլավանա նաեւ Ձեր նյութափոխանակությունը, որը նույնպես նպաստավոր է ճնշման կարգավորման գործում:

2. Սննդակարգից բացառեք աղը կամ գոնե քչացրեք այն: Խուսափեք աղ պարունակող բոլոր մթերքներից (ապխտած մսամթերք կամ ձկնեղեն, սոուսներ, թթուներ եւ այլն): Աղի փոխարեն նախապատվությունը տվեք թարմ կամ չորացրած կանաչիներին եւ համեմունքներին:

3. Քաշի ավելացումը կարող է բերել ճնշման խանգարումների: Այդ պատճառով անհրաժեշտ է խուսափել հագեցած ճարպերից, ընտրեք անյուղ մսամթերք, մի չարաշահեք քաղցրը եւ առաջինax կարգի ալյուրից պատրաստված սնունդը: Ճարպն իհարկե անհրաժեշտ է մեր ուղեղի աշխատանքի համար եւ չի կարելի այն ընդհանրապես բացառել: Դրա համար նախապատվությունը տվեք ոչ-հագեցած ճարպերին` ձիթապտղի, կտավատի բուսայուղ, ընդեղեն եւ այլն:

4. Օգտագործեք թարմ բանջարեղեն ու միրգ, ճիշտ է, սրանք հարուստ են ածխաջրերով, բայց դրանք բնական են ու լի են շատ ու շատ հանքային նյութերով, բջջանյութով ու վիտամիններով: Շատ պետք է օգտագործել նաեւ ամբողջական հացահատիկներով սնունդ: Սրանց մեջ առկա բջջանյութն օգնում է հագեցնել քաղցը` քիչ ուտելով, ցածր է կալորիականությամբ եւ օգնում է պահել ստաբիլ քաշ, որը նույնպես շատ կարեւոր է ճնշման հարցում:

5. Կալիումով հարուստ սնունդը էական դեր է խաղում: Այն կարգավորում է սրտի աշխատանքն ու արյան ճնշումը: Կալիումի մեծ պաշար կարելի է գտնել բրոկոլիի, բանանի, սալորաչրի մեջ:

6. Սպիտակուցներն իհարկե անչափ անհրաժեշտ են մեր օրգանիզմին, բայց սպիտակուցների աղբյուր դարձնել միայն կարմիր միսը, սխալ ու վտանգավոր է: Կարմիր մսի մեջ առկա կարնիտինը խթանում է օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսները, կարող է բարձրացնել արյան զարկերակային ճնշումը եւ առաջացնել անոթային խցանումներ: Հագեցած ճարպերը բարձրացնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ, որը նույնպես առողջության շահերից չի խոսում: Կարմիր մսից բացի` կարելի է սպիտակուցներ գտնել ինչպես ձվի սպիտակուցի եւ անյուղ, կաշին հանած թռչնամսի մեջ, այնպես էլ լոբազգիների ու ընդեղենի մեջ:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում