spidՀայաստանում տարեցտարի ավելանում են ՄԻԱՎ-ով և սեռավարակներով հիվանդների հայտնաբերման դեպքերը: Այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 305 ՄԻԱՎ վարակի դեպք: Այդ մասին հայտարարեց Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի անանուն խորհրդատվության և հետազոտման ծառայության համակարգող ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նա կարևորեց խնդիրը՝ նշելով, որ սեռավարակի առկայության անգամ մեկ դեպքը Հայաստանի համար շատ խնդրահարույց է, քանի որ այն իրենից ներկայացնում է վերարտադրողական ֆունկցիաների խանգարումներ:

«Վերջին տարիների ընթացքում Հայաստանում սեռավարակների քանակը ավելացման միտում է դրսևորում: Սեռավարակներից հատկապես ֆլամիդիոզը գրանցել է արագ զարգացում: Մյուս կողմից, խնդիրը հետազոտելուց պարզ կդառնա, որ ոչ թե ավելացել են սեռավարակների քանակը, այլ աճել է մասնագիտացված կենտրոնների թիվը, որտեղ բացահայտվում և գրանցվում են սեռավարակները»,- ասաց Հովհաննիսյանը «Սեռավարակների տարածման իրավիճակը Հայաստանում. ՄԻԱՎ-ով դեպքերի աճ 2014-ին» լրագրողների հետ կայացած թեմայով զրույցի ժամանակ:

Նրա կարծիքով Հայաստանում բավականին դժվար է ճշգրիտ գնահատել սեռավարակների տարածման աստիճանը և ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց քանակը, ինչը պայմանավորված է գոյություն ունեցող կարծրատիպերով: «Մեր երկրում դեռ առկա է կարծրատիպը, որ բժշկի դիմելն ամոթ է: Բժշկի դիմելու համար հաճախ մարդիկ, ասենք, Սպիտակից գնում են Վանաձոր, իսկ Վանաձորից՝ Սպիտակ, որպեսզի հիվանդության մասին ոչ ոք չիմանա: Այդ պատճառով սեռավարակի ճշգրիտ քանակության բացահայտումը շարունակելու է մեր երկրում խնդիր մնալ»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ այդ կերպ մարդիկ ցանկանում են խուսափել իրենց շրջապատի հնարավոր բացասական վերաբերմունքից:

Սեռավարակների տարածման ռիսկային խմբերն են, ըստ Հովհաննես Հովհանիսյանի, միգրանտները, որոնք գնում են արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն, որն ունի սեռավարակների տարածման բարձր ցուցանիշներ, և մարմնավաճառները: «Մարմնավաճառների մոտ սեռավարակ հիվանդությունների տարածվածությունը հասնում է մինչև 60%, ինչը մտահոգիչ ցուցանիշ է»,- վկայեց մասնագետը:

Ինչպես տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ Հայաստանում սիֆիլիսով հիվանդների քանակը շատ ավելի քիչ է, բայց դա չի խոսում այդ հիվանդությամբ վարակվածների քանակի կրճատման մասին: «Ուղղակի մարդիկ քիչ են դիմում բժշկի ու, ըստ այդմ, հիվանդությունը տեսանելի չէ հիմա: Բայց մեկ կամ երկու տարի հետո այն կարող է պայթունի տեսքով ի հայտ գալ», - կարծում է Հովհաննիսյանը:

Ըստ ասուլիսի բանախոս՝ Ուկրաինայում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ Ալիանսի» ԵՄ ծրագրի տարածաշրջանային տնօրեն ԼԵՍՅԱ ԽՄԵԼԻ՝ տարածաշրջանում սեռավարակների թեման մնում է խնդրահարույց: «Ըստ UNAIDS-ի համաշխարհային զեկույցի՝ մեր տարածաշրջանում արձանագրվել է սեռավարակների 5 տոկոս աճ` 110 հազար նոր դեպք: Խնդիր է ոչ միայն բուժումը, այլև կանխարգելումը, ինչը ենթադրում է հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացում խնդրո առարկայի մասին»,- նշեց Խմելը:

Նա տեղեկացրեց, որ Համաշխարհային ֆոնդը շուտով կդադարեցնի ֆինանսավորումը ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում (Ուկրաինա, Բելոռուս, Մոլդովա, Հայաստան, Վրաստան  Ադրբեջան) մասնագիտական կառույցներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակների դեմ պայքարի հարցում: «Այդ պարտականությունը իրենց վրա պետք է վերցնեն համապատասխան երկրների կառավարությունները: Ֆոնդի Ֆինանսավորումը պետք է փոխարինել պետական ֆինանսավորմամբ, որի ուղղությամբ մենք աշխատանքներ իրականացնում ենք», - ասաց Լեսյա Խմելը:

Ամփոփելով ասուլիսը՝ երկու բանախոսներն էլ սեռավարակների կանխարգելման հարցում կարևորեցին դպրոցներում սեռական դաստիարակության մասին համապատասխան գիտելիքների տրամադրումը:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ