altՕտիտ (ականջաբորբ)` հունարենից թարգմանաբար նշանակում է ականջի բորբոքում: Այն լայն հասկացություն է: Դրանք, կարող են լինել միջին եւ արտաքին ականջի բորբոքումներ: Մեզ հետ զրույցում ասել է քիթ-կոկորդ-ականջաբան ՀԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ: «Արտաքին ականջի բորբոքումը արտաքին ականջի եւ արտաքին լսողական անցուղու մաշկի բորբոքումն է: Ցանկացած հիվանդություններ, որոնք կարող են լինել մաշկի վրա` ֆուրունկուլներ, էկզեմաներ կարող են լինել նաեւ ականջում:

Ավելի կարեւոր նշանակություն ունի միջին ականջի` թմբկաթաղանթից ներս ընկած հատվածի բորբոքումը: Այս հիվանդությունը հիմնականում հանդիպում է երեխաների մոտ: Կան հետազոտություններ` համաձայն որոնց, մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ 90%-ը կյանքում մեկ կամ մի քանի անգամ հիվանդանում են օտիտով»,- նշել է բժիշկն ու հավելել, որ երեխաների մոտ անկատար է իմուն համակարգը: Այն գտնվում է զարգացման փուլում: Արդյունքում ցանկացած վարակ կարող է հեշտությամբ ներթափանցել:

Հ. Պողոսյանի փոխանցմամբ`պատճառներից մյուսը` եվստախյան փողն է, որը միացնում է ականջի խոռոչը քթի խոռոչին: «Եվստախյան փողը երեխայի մոտ ավելի լայն եւ ուղիղ է: Ուստի քթի խոռոչից, այս դեպքում, վարակն ավելի արագ է ներթափանցում ականջի խոռոչ: Իսկ օտիտների հիմնական զարգացման պատճառը քթում առկա վարակներն են. ժողովրդի լեզվով ասած` գրիպի հետեւանքով առաջացած բարդությունները: Դա որոշ չափով ճիշտ է: Սուր շնչառական հիվանդությունների ժամանակ, որպես բարդություն, լինում է օտիտի զարգացում: Նորածինների մոտ օտիտ կարող է զարգանալ պառկած դիրքից. երեխաները ավելի շատ պառկած դիրքում են գտնվում, կերակրելուց, մանավանդ, եթե կերակրելը կատարվում է արհեստական ճանապարհով: Յուրացվող սննդի մնացորդները կարող են անցնել վերին շնչուղիներ, այնուհետեւ եվստախյան փող եւ առաջացնել օտիտ»,- ասել է բժիշկը:

Ըստ մասնագետի`տարբերում են հիվանդության փուլեր. «Կատարալ բորբոքում, որի ժամանակ ուղղակի բորբոքում է տեղի ունենում, կան ցավային զգացողություններ: Եթե չբուժվեց, կարող է վերածվել թարախային օտիտի: Եթե վիրուսն է առաջացրել օտիտը` կարող է ականջից արյան արտահոսք լինել: Դա հուշում է այն մասին, որ ականջի թաղանթը վնասված է: Եթե այդ վնասված մասը լինում է փոքր ծավալի (վնասված մասը կոչվում է պերֆորացիա)` մեծամասամբ լավացումը տեղի է ունենում ինքնըստինքյան»:

Բժիշկ Պողոսյանի խոսքերով`եթե շատ ուժեղ չէ բորբոքումը, ժամանակին է բուժական միջոցներ ձեռնարկվել ու չկա բարձիթողի վիճակ, ապա հիմնականում հիվանդությունը հետեւանք չի թողնում: Բարձիթողի վիճակը, պարբերաբար արտադրության առկայությունը կարող են աստիճանաբար առաջացնել լսողության անկում: «Օտիտի հիմնական բուժումը դեղորայքային է` հակամանրէային միջոցներ, ականջի կաթիլներ, սուր շնչառական վարակների կանխարգելում»,- նշել է քիթ-կոկորդ-ականջաբանը:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ