livemarks sitemap
Կիրակի, Հունվարի 19, 2020

altՄեջքի ցավերն ամենահաճախակի առիթն են օրթոպեդ բժշկի դիմելու համար։ Առանձնակի հաճախ դրանք տանջում են կանանց, որոնք ստիպված են ե՛ւ ծանր պայուսակներ քարշ տալ, ե՛ւ գրկել փոքրիկ երեխաներին, ե՛ւ քայլել բարձրակրունկ կոշիկներով։ Ցավի ամենատարածված տեսակը մկանայինն է։ Մենք փորձեցինք պարզել մասնագետներից, թե ինչպես պաշտպանել մեջքի, պարանոցի, ուսերի եւ դաստակների մկանները գերլարումից։

ԳԼԽԱՎՈՐԸ՝ ԳՏՆԵԼ ՊԱՏՃԱՌԸ

Մասնագետների հավաստմամբ, մկանային ցավը (կամ՝ միալգիան) ցավի 9 տեսակներից ամենատարածվածն է։ Ըստ վիճակագրության, դրան բախվում է եվրոպացիների ավելի քան 75%-ը։

Միալգիա առաջանում է ֆիզիկական եւ պաթոլոգիկ ծանրաբեռնումների, սխալ մարզումների հետեւանքով։

«Մկաններում ցավն առաջանում է դրանց մեջ կաթնաթթվի կուտակման հետեւանքով։ Դա սովորական վիճակ է ֆիզիկական ծանրաբեռնումներից հետո, բայց երբեմն մկանները կարելի է գերձգել եւ նույնիսկ վնասել։

Սակայն պատահում է, որ ցավն առաջանում է լիովին առողջության խորապատկերին, առանց ակներեւ պատճառի։ Եվ այստեղ մտորելու առիթ կա։ Չէ՞ որ դրա հիմքում կարող են լինել նյարդաբանական հիվանդությունները, հենաշարժողական համակարգի հիվանդությունները, անոթային պաթոլոգիաները (օրինակ, երակների վարիկոզային լայնացումը), ինֆեկցիաները (այդ թվում՝ գրիպը), էնդոկրին հիվանդությունները, D վիտամինի պակասը, միզամուղ դեղորայքի տեւական ընդունումը եւ այլն։

Այստեղ գլխավորը հերոսություն չանելն ու բժշկի դիմելն է. նյարդաբանի, թերապեւտի, վնասվածքաբանի կամ օրթոպեդի»,- պատմեցին մեզ մասնագետները։

Դիտարկենք մի քանի իրավիճակներ, որոնց դեպքում մեր մեջքը ենթարկվում է վտանգի։

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մկանային ցավերը ֆիզիկական նոր վարժություններից հետո սովորական երեւույթ են։ Այսօր մեզանում մոդայիկ է դարձել հաճախել ֆիթնեսի, եւ շատերը նախընտրում են մարզվել առանց մարզիչի, ինչը երբեմն ոչ թե օգուտ է բերում, այլ վնաս։

Հայտնի է, որ մկանները հարմարվում են ծանրաբեռնումներին, ուստի եթե ուզում եք խուսափել մկանային ցավերից, ապա պետք է մարզվել շաբաթական երեք անգամից ոչ պակաս, իսկ ավելի լավ է՝ ամեն օր։ Սակայն եթե ցավն առաջացել է առաջին անգամ, ապա մարզադահլիճ չի կարելի գնալ առնվազն երկու օր։ Ձգել մկանները ցավային սաստիկ սինդրոմի դեպքում խորհուրդ չի տրվում։

ԾԱՆՐ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ

Երբ մենք պայուսակ ենք բարձրացնում, ծանրության կենտրոնը տեղափոխվում է ողնաշար։ Այդպիսի ամենօրյա ծանրաբեռնումները ճնշում են միջողնային սկավառակներին, աստիճանաբար դեֆորմացնելով դրանք։

Պայուսակի առավելագույն քաշը, որ կարելի է կրել ուսին, իդեալական դեպքում պետք է լինի 2-3 կգ-ից ոչ ավելի։ Եթե այնուամենայնիվ պետք է ծանր բեռ տանեք, ապա ավելի լավ է բաշխել դա մի քանի փաթեթների եւ բռնել երկու ձեռքով, ըստ որում՝ մեկ եւ մյուս կողմերում քաշը պիտի մոտավորապես հավասար լինի։

Եթե ծանրությունը բաշխելու հնարավորություն չկա, ապա պայուսակը կարեւոր է ճիշտ բռնել։ Սեղմելով պայուսակի բռնակը պահող բռունցքը, պետք է շրջել արտաքին մասը դեպի առաջ, ըստ որում՝ ծալված մատները պետք է «նայեն» հետ։ Ձեռքերը անհրաժեշտ է պահել մարմնից որոշակի հեռավորության վրա. այդպես ավելի անվտանգ կլինի մեջքի համար։

Այդպես շրջելու դեպքում գործընթացին մասնակցում են ոչ միայն ձեռքերը, այլեւ ողջ իրանի մկանները։ Արժե նաեւ փոխել ծանրությունը տանող ձեռքը մի քանի րոպեն մեկ։

Ծանր առարկա բարձրացնելիս ոչ մի դեպքում մի կռացեք. ավելի լավ է թեթեւակի կքանստել, մեջքն ըստ որում պետք է ուղիղ մնա։ Այդ դեպքում կլարվեն կոնքն ու ոտքերը։

Բարձրացնելով բեռը, պետք է խուսափել իրանի պտույտներից, հատկապես վերին մասի, քանի որ դա մեջքի ցավի ամենատարածված պատճառներից է, ինչպես նաեւ՝ անթույլատրելի է կտրուկ թեքվել առաջ կամ ուղղվել հետ։

ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ՑԱՎԻ ԴԵՄ

Եթե, չնայած բոլոր ջանքերին, մեջքի ցավ այնուամենայնիվ առաջացավ, ապա պետք է անհապաղ բեռնաթափել ողնաշարն ու մկանները։ Դրա համար անհրաժեշտ է պառկել կոշտ մակերեսի վրա եւ մի քիչ մնալ այդպես։

Բայց սաստիկ ցավի դեպքում առանց լրացուցիչ միջոցների չի կարելի։ Նման խնդրի դեմ պայքարելու սովորական միջոցը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքի օգտագործումն է (ասպիրին, անալգին, իբուպրոֆեն եւ այլն), կամ քսուկների, որոնց բաղադրության մեջ կան այդ դեղամիջոցները։ Եվ այդուհանդերձ չարաշահել պետք չէ. դրանք ունեն բազմաթիվ կողմնակի հետեւանքներ, ազդում են առաջին հերթին աղեստամոքային ուղիների վերին հատվածների վրա։

Ցավի դեմ պայքարի մեկ այլ միջոցը մերսումն է։ Բայց այն պետք է լինի թուլացնող, ինչը մերսողները շատ հաճախ մոռանում են, իսկ դա հանգեցնում է միայն ցավի ուժգնացման։

Սուր ցավի առաջացման դեպքում որպես հիմնական միջոց մասնագետները խորհուրդ են տալիս տեղային սառեցումը (օրինակ, կտորի մեջ փաթաթած սառույցի տեսքով)։ Այնուհետ պետք է ամրակապ դնել։

«Ցավի առաջացումից 24 ժամ անց շատ արդյունավետ կլինի անցկացնել ջերմաբուժում։ Տաքացնել ցավող տեղը այդ ժամկետից շուտ չի կարելի. դա կարող է հանգեցնել այտուցման»,- նախազգուշացնում են բժիշկները։

Յոդի ցանց գծել խորհուրդ չեն տալիս. դրանից կարող է այրվածք առաջանալ։

Արժե ավելացնել, որ մեջքի ցավը ծանրակշիռ առիթ է բժշկի դիմելու համար։ Չէ՞ որ պետք է վերացնել ոչ միայն ախտանշանները, այլեւ բուժել հիվանդության հիմնական պատճառը, որը կարող է լինել միջողնային սկավառակների եւ ողնաշարի հոդերի մաշվածքը։

armworld.am

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում