altՀայաստանում շատերը, հատկապես 40-ն անց կանայք պայքարում են ավելորդ քաշի դեմ: Մի քանի կիլոգրամ նիհարելու համար նրանք գնում են տարբեր զոհողությունների` տարբեր տեսակի դիետաներ եւ սննդակարգ, եւ չդիմելով մասնագետին` պարզապես խանութից գնում են սնունդ, որի վրա կա "դիետիկ" մակնշումը: 

Եվ ոչ միայն նիհարել ցանկացողները. դիետիկ սնունդը կենսական նշանակություն ունի նաեւ տարբեր հիվանդություններով տառապողների համար: Բայց երբ խանութից գնում ենք որեւէ ապրանք, որի վրա կա "դիետիկ", իրականում էլ դա այդպիսի՞ն է: Ինչքանո՞վ են պահպանվում "դիետիկին" համապատասխանող նորմերը, կա՞ որեւէ վերահսկողություն: Թե՞, ինչպես որ քիչ չի հանդիպում, որ արտադրողի մտքին ինչ անցնի, կգրեն, եւ "դիետիկ" սնունդ փնտրողն արդյունքում կարող է ձեռք բերել միանգամայն հակառակ էֆեկտն առաջացնող ապրանք:

Մեր այդ վատագույն մտավախությունները հաստատեց "Իրազեկ եւ պաշտպանված սպառող" հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը` պնդելով, թե Հայաստանում վաճառվող ոչ մի դիետիկ սնունդ գրանցված չէ ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Նրա խոսքով` մարդիկ օգտագործում են սնունդ, սակայն չգիտեն դրա պարունակությունը, այդ պատճառով էլ ոչ մեկը չի երաշխավորում, որ խանութից գնված "դիետիկ" սնունդը իրականում "դիետիկ" է, մանավանդ այն դեպքում, երբ տվյալ սննդի պիտակի վրա ոչ թե մասնագետներն են նշումներ կատարում, այլ արտադրողը: Սա հերթական դեպքերից է, երբ սպառողը վճարում է ու խաբվում:

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի բնորոշմամբ` այն սնունդը, որն օգտագործվում է բուժման կամ որեւէ հիվանդություն կանխարգելելու համար եւ ունի համապատասխան որակավորում, ապա այդ մասին տվյալ սննդի վրա պետք է պարտադիր նշվի: Համենայնդեպս` այս պայմանը ամրագրված է նաեւ օրենքով. "Օրինակ` մենք ունենք յոդացված աղ, որը համարվում է դիետիկ սնունդ: Եթե որեւէ սնունդ օգտագործում են հիվանդության կանխարգելման համար, ապա դրա բաղադրությունն ամբողջությամբ պետք է ապացուցված լինի: Որպես մասնագետ` այսօր ես շուկայում չեմ տեսնում դիետիկ սնունդ, որն ինձ գոհացնի: Արտադրողներն այսօր շատ ազատ են եւ կարող են պարզապես պիտակի վրա գրել "դիետիկ սնունդ" եւ վաճառել",- նշեց Վ. Պետրոսյանը եւ ավելացրեց, որ հիմնականում չի էլ բացատրվում, թե այս կամ այն սննդատեսակը ինչով է դիետիկ:

Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանն էլ իր հերթին անդրադառնալով խնդրին` փաստեց, որ "դիետիկ" սննդի վերաբերյալ դեռեւս ուսումնասիրություններ չեն կատարել, նման ուսումնասիրություններ կկատարեն հաջորդ շաբաթ. "Սովորաբար այդ ամենը կարգավորվում է ՀՀ առողջապահության նախարարության հրահանգներով եւ սերտեֆիկատներով",- շեշտեց Ռ. Հայթյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ