livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

 

beremennostԻ՞նչ է կեսարյան հատումը, ինչո՞ւ են կանայք նախընտրում ծննդալուծման այս եղանակը. վա՞խ, թե… Ո՞ր դեպքերում է ցուցված կատարել կեսարյան հատում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Զարուհին» զրուցել է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

 

«ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄԸ ԾՆՆԴԱԼՈՒԾՄԱՆ ԵՂԱՆԱԿ Է»

- Ի՞նչ է կեսարյան հատումը:

- Կեսարյան հատումը ծննդալուծման եղանակ է, որի ժամանակ պտղի դուրսբերումը կատարվում է որովայնի պատի եւ արգանդի կտրվածքի միջոցով: Այս վիրահատությունն ի հայտ է եկել Հուլիոս Կեսարի ժամանակ: Համաձայն վարկածի` նպատակը եղել է փրկել մահացող կամ մահացած մոր փոխարեն գոնե պտուղը:

- Ո՞ր դեպքերում են կատարում կեսարյան հատում:

- Կեսարյան հատումը կատարում են միայն հատուկ ցուցումների դեպքում: Տարբերում են բացարձակ եւ հարաբերական ցուցումներ: Տարբերում են նաեւ ցուցումներ մոր կողմից (որոշակի սոմատիկ հիվանդություններ` բարձր աստիճանի կարճատեսությունների ժամանակ, կամ եթե կա անոթային փոփոխություններ ակնհատակում, պրեկլամսիա կոչված հիվանդության ժամանակ (ծանր ձեւ). երբ հղիի մոտ արյան զարկերակային ճնշումը բարձր թվերի է` 160 մմ ս.ս. եւ ավելի բարձր, մեզում սպիտակուցի առկայության դեպքում, երբ հայտնվել են այտուցներ, եթե կինը ունի նեղ կոնք`անատոմիական եւ կլինիկական, ծննդաբերական ուղիների ուռուցքների ժամանակ, կոնքի ոսկրերի դեֆորմացիայի ժամանակ եւ ցուցումներ պտղի կողմից (պտղի միջաձիգ դրությունների ժամանակ. այն համարվում է բացարձակ ցուցում, հետույքային առաջադրության ժամանակ. այն համարվում է հարաբերական ցուցում, պտղի սուր կամ քրոնիկ հիպոքսիայի (թթվածնի քաղց) ժամանակ եւս ցուցված է կեսարյան հատումը): Բժիշկը պետք է առաջնորդվի այդ ցուցումներով: Վերջին տարիներին կա տենդենց, որ որեւէ ցուցում չունեցող կանայք ցանկանում են ծննդալուծության այս եղանակն ընտրել: Հատկապես կրկնածինները:

- Իսկ բարձր տարիքի կանանց եւս կեսարյան հատումը ցուցվա՞ծ է:

- 30-ից բարձր տարիքը համարում ենք տարիքավոր առաջնածին: Վերջին տարիներին այն համարվում է ոչ բացարձակ, հարաբերական ցուցում է:

 

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԾՆՆԴԱԼՈՒԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԻՐ ՄԵՋ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ է ՆԵՐԱՌՈՒՄ»

- Բժիշկը ենթարկվում է հղիի ցանկությանը, թե՞…

- Բժիշկը փորձում է բացատրել կնոջը, որ ինքը չունի որեւէ ցուցում, եւ ցանկալի չէ այս դեպքում կատարել կեսարյան հատում, քանի որ վիրահատությունն էլ իր բարդությունները կարող է ունենալ: Թեպետ կանայք ի սկզբանե տեղյակ են լինում, որ յուրաքանչյուր ծննդալուծման գործընթաց իր մեջ բարդություններ ներառում է:

- Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը, որ կանայք ցանկանում են կեսարյան հատում կատարել: Վա՞ խ, թե մոդայիկ տենդենց:

- Պատճառը, կարծում եմ, ավելի շատ վախն է: Առաջնածին կանայք, որոնք դեռ չգիտեն, թե ինչ է ծննդաբերությունը, հարեւաններից, բարեկամներից տարբեր պատմություններ են լսում` դժվար ծննդաբերությունների, պատռվածքների մասին… Ու ի սկզբանե ներքին վախով գալիս: Չնայած, մենք ամբողջ հղիության ընթացքում փորձում ենք բացատրել, եթե մեկի մոտ առկա է եղել նման խնդիր, մյուսի մոտ անպայման չէ, որ պետք է լինի: Ի վերջո, ամեն ինչ կախված է հղիության եւ ծննդաբերության ճիշտ վարումից:

 

«ՀՂԻ ԿՆՈՋԸ ԲՆՈՐՈՇ Է ՎԱԽԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

- Հղի կնոջը բնորո՞շ է վախի զգացողությունը:

- Բնականաբար: Հղի կնոջը բնորոշ է վախի զգացողությունը: Ի վերջո, այսպես ասեմ, ժողովրդական մի խոսք կա` ազատվել (ծննդաբերել): Դա, իսկապես այդպես է. կինը ազատվում է, իսկ դա լուրջ խնդիր է: Ծննդալուծման ժամանակ միշտ էլ կա վտանգ:

- Չե՞ք գտնում, որ հղիների հետ պետք նաեւ հոգեբանները աշխատեն:

- Միանշանակ: Թեպետ, մանկաբարձ-գինեկոլոգները` շփվելով կանանց հետ` հասկանում են իրենց հոգեբանությունը: Բնականաբար, հոգեբանը շատ ավելի կոմպետենտ կլինի այս հարցում:

 

«3-ԻՑ ՀԵՏՈ ՑԱՆԿԱԼԻ ՉԷ ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ»

- Քանի անգամ կարելի կատարել կեսարյան հատում:

- Որեւէ չափորոշիչ, քանակություն` որպես այդպիսին չկա: Ամեն դեպքում, դա վիրահատություն է: Եվ վիրահատությանը բնորոշ` կարող են տարբեր բարդություններ լինել: Օրինակ` արգանդի սպին կարող ոչ լիարժեք լինել: Եղել են կանայք, ովքեր 3-4 վիրահատություն են տարել, նույնիսկ 5 վիրահատության դեպքեր են եղել: Կարծում եմ` 3-ից հետո ցանկալի չէ:

- Ո՞ր վիրահատությունից հետո է կատարվում փողերի կապումը (ամլացում):

- Չկա նման հասկացություն, թե երբ պետք է կատարվի ամլացում: Այն կատարվում է, երբ կինը ինքնակամ ցանկանա, ամուսնու համաձայնությունից հետո: Հնարավոր է` հենց առաջին հղիությունից հետո էլ զույգը պնդի` կատարել ամլացում: Բժիշկը իրավունք չունի այդ գործընթացը կատարել ինքնակամ, եթե չկա զույգի համաձայնությունը:

- Բա՞րդ գործընթաց է ամլացումը:

- Եթե վերցնենք բուն գործընթացը` ոչ: Այն կատարվում է կեսարյան հատման ժամանակ: 5-10 րոպեով կարող է երկարացնել վիրահատության տեւողությունը:

 


«ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆ ԿՅԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԸՆՏԵԼԱՆՈՒՄ»

- Ի՞նչ բարդություններ կարող են լինել կեսարյան հատումից հետո:

- Կեսարյան հատումից հետո կարող են առաջանալ արյունահոսություններ, արգանդի ատոնիա (երբ արգանդը կորցնում է կծկվելու հատկությունը), վարակներ եւ այլն:

- Կարծիք կա, որ կեսարյան հատումով ծնված երեխան տարբերվում է իր մտային կարողություններով:

- Տարբերություն, իսկապես կա. երբ պտուղը ինքնուրույն է ծնվում, բնական ճանապարհով, ծննդաբերական ուղիներով անցնելիս` նա տարբեր կոնֆիգուրացիաներ է ստանում, նկատի ունեմ գլուխը: Ինքնուրույն ծնված երեխան կյանքի պայմաններին ավելի լավ է ընտելանում, քան կեսարյան հատումով դուրսբերված երեխան: Իսկ ինչ վերաբերում է մտային կարողություններին` որեւէ տարբերություն չկա: Դրանք խոսակցություններ են:

 

«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է` ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ 38 ՇԱԲԱԹԱԿԱՆ»

- Ինչպե՞ս են հղիին նախապատրաստում կեսարյան հատմանը:

- Եթե չկա շտապ կարգով կատարվող կեսարյան հատման ցուցում, որոնց մասին խոսեցինք վերեւում, ապա անհրաժեշտ է` հղիությունը լինի 38 շաբաթական, պտուղը պետք է հասուն լինի, ոչ միայն քաշը, այլ նաեւ` թոքերի զարգացվածության աստիճանը: Կինը ընդունվում է ծննդատուն: Կատարվում են սանիտարապրոֆիլակտիկ միջոցառումներ, մշակվում է մաշկի հատվածը, ստուգում են երեխայի սրտի բաբախը, կատարվում է ներհեշտոցային զննում, վերցվում է քսուկ հեշտոցից, կատարում են մեզի, արյան ընդհանուր եւ բիոքիմիական զննություն: Պարտադիր կարգով արվում է ԷԿԳ (էլեկտրասրտագրություն): Հղին հանդիպում է անեսթեզիոլոգի հետ, որոշում են անզգայացման տեսակը` ըստ կնոջ անամնեզի (հիվանդության պատմություն):

- Ո՞ր տեսակի անզգայացման եղանակն է ավելի ընդունելի:

- Սպինալ (տեղային) անզգայացումը շատ ավելի ընդունելի է, քան ընդհանուր անզգայացումը: Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մոտ 95 տոկոս դեպքերում կատարվում է սպինալ անզգայացում: Կինը ցավ չի զգում, վիրահատության ժամանակ նա արթուն է, խոսում է մեզ հետ, իսկ մի քանի րոպե հետո տեսնում է իր բալիկին:

Զրույցը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ


 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում