alt- Հարգելի բժիշկ, կարդացել եմ, որ թեյը, սուրճը, կարմիր գինին ու ծխախոտը նպաստում են ատամնափառի` հետագայում ատամնաքարերի առաջացմանը: Ինձ նաեւ հետաքրքիր է` որքան հաճախ կարելի է հեռացնել ատամնաքարերը, հնարավո՞ր է արդյոք տան պայմաններում. ասում են` արդյունավետ միջոց է կերակրի աղը, սոդան:

Հարցին պատասխանել է թիվ 2 բուժմիավորման ատամնաբուժական բաժանմունքի վարիչ ԱՐՄԵՆ ԿՈՏԻԿՅԱՆԸ.

-Այո՛, թեյը, սուրճը, կարմիր գինին ու ծխախոտը նպաստում են ատամնափառի` հետագայում ատամնաքարերի առաջացմանը: Ատամնաքարեր կարող են նաեւ առաջանալ բերանի խոռոչի հիգիենայի կանոնները չպահպանելու, միայն փափուկ սննդի օգտագործման, ծնոտի միայն մի կողմով ծամելու դեպքերում:


Ատամնաքարեր կարող են առաջնալ նաեւ օրթոպեդիկ եւ օրթոդոնտիկ կառույցների` կամրջի, բրեկետի առկայության, ինչպես նաեւ օրգանիզմի նյութափոխանակության խանգարումների (հիմնականում աղային) ժամանակ:
Հարկ է նշել, որ ատամնաքարերը ըստ տեղակայման լինում են` վերլնդային եւ ստորլնդային (ենթալնդային):
Ատամնաքարերի պրոֆեսիոնալ մաքրումը կատարում են միմիայն ատամնաբուժական կլինիկաներում: Այս գործողությունն իրականացնում է բժիշկ-ատամնաբույժը: Արդյունավետ չեն, այսպես ասած, ժողովրդական կամ տնական միջոցները. կերակրի աղը, սոդան…
Ի դեպ, նախկինում միայն մեկ մեթոդ է կիրառվել` մեխանիկականը (ստոմատոլոգիական գործիքների օգնությամբ), որը հնարավորություն չէր տալիս ամբողջությամբ հեռացնել ատամնաքարերն ու ատամնափառը: Բացի այդ, բավական ցավոտ եւ տրավմատիկ միջամտություն է եղել: Ժամանակակից կլինիկաներում այսօր օգտագործում են ուլտրաձայնային, Air-Flow սարքերը, որոնց օգնությամբ անցավ հեռացվում են ատամնաքարերն ու ատամնափառը:
Հարգելի նամակագիր, հիշե՛ք, որ անուշադրության մատնված ատամնափառը հետագայում վերածվում է ատամնաքարերի, որոնց հիմքում մանրէներն են (ուտելիքի մնացորդների արդյունքն է), կարող են կարիեսի պատճառ դառնալ, առաջացնել լնդաբորբ (գինգիվիտ): Վերջինս չբուժելու դեպքում` հարգեղձաբորբ (պարադոնտիտ), որը հետագայում կնպաստի ատամների կորստին:
Ուստի` խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ պարտադիր այցելել բժիշկ-ատամնաբույժի եւ կատարել պրոֆեսիոնալ մաքրում: Անհրաժեշտության դեպքում ատամնաքարերը կարելի է հեռացնել նաեւ վեց ամիսը մեկ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ