altՀայաստանում ԱՄՆ-ից ժամանած պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Արթուր Սալիբյանը, ով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ կրծքագեղձի վերականգնման և վիրահատության մեթոդի մանրամասները:

Արթուր Սալիբյանը շուրջ երկու տարի է, ինչ հայ մասնագետների հետ մեր երկրում առաջինն է կատարում վիրահատության այս տեսակը: Պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանի տեղեկացմամբ` կրծքագեղձի պահպանման վիրահատության ընթացքում կատարվում է կրծքագեղձի բուն գեղձային հյուսվածքի հեռացում և մաշկի տակ պրոթեզի տեղադրում, որի արդյունքում պահպանվում է կրծքագեղձի մաշկը և պտուկը:

«Այս վիրահատության առանձնահատկությունն այն է, որ վիրահատության ընթացքում միաժամանակ երկու մասնագետ` ուռուցքաբան և պլաստիկ վիրաբույժ են աշխատում` ստանալով նախընտրելի արդյունք»,- նշեց մասնագետը:

Կրծքագեղձի այս վիրահատությունը շուրջ երկու տարի պարբերաբար իրականացվել է «Քանաքեռ Զեյթուն» և Հայ-ամերիկյան առողջության կենտրոններում:

«Երկու տարի է, ինչ առաջին քայլերն հաջողությամբ են ընթանում, հույս ունեմ, որ մի քանի տարի անց ծրագիրն արդեն ներդրված կլինի Հայաստանում»,- ասաց Արթուր Սալիբյանը` ընդգծելով, որ վիրահատության արդյունքները թե էսթետիկական, թե ուռուցքաբանական տեսանկյունից շատ ավելի նախընտրելի են:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակվող ծրագրի իրականացման և մեր երկրում լայնորեն կիրառման համար ստեղծել աշխատանքային խումբ, կկազմակերպվեն նաև մասնագետների փոխայցեր:

moh.am