livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

dziԱյս անգամ «Զարուհու» ընթերցողին ենք ներկայացնում մի հետաքրքիր, յուրօրինակ, շատ քիչ հանդիպող եւ, որ ամենակարեւորն է, առանց ցավի բուժման մեթոդ, որը կոչվում է «Հիպոթերապիա»: Այս թերապիան մնացածներից տարբերվում է նրանով, որ բուժումն իրականացվում է ընտանի կենդանու, ձիու միջոցով:

Իսկ այս կենդանին մարդկանց մոտ միշտ ասոցացվում է բարությամբ, արիությամբ, եւ հաճախ նույնիսկ գեղեցիկ կազմվածք ունեցող կնոջն ու տղամարդուն համեմատում են  ձիու սլացիկ կեցվածքի ու հասակի հետ: Եվ այսպես, ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Հիպոթերապիա»-յի եւ ձիավարության կենտրոնի հիմնադիր նախագահ ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. «Հիպոթերապիա բառը նշանակում է թերապիա ձիու միջոցով, որը հունարեն հիպոս բառից է սկիզբ առել: Ավելի հակիրճ այն թարգմանվում է ձիու ֆիզիկական եւ էմոցիոնալ միաժամանակյա ազդեցություն հիվանդի վրա: Ֆիզիկականը այն է, երբ մենք ձիու քայլը նույնացնում ենք մարդու քայլին, այսինքն` երբ ձին քայլում է, ողնաշարի նույն տատանումներն է կատարում, ինչ մարդուը: Այս բուժումը հիմնականում օգնում է այն երեխաներին եւ մեծահասակներին, ովքեր ունեն հենաշարժողական խնդիրներ: Սա այն հիվանդությունն է, երբ անձն ունենում է ուղեղի կաթված, այսինքն` վնասված է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է մեր շարժումների համար, եւ այդ պատճառով սխալ ազդակներ է ուղարկում մկաններին, եւ դրանք անկանոն են շարժվում»,- նշեց Հասմիկը եւ ավելացրեց. «Այս հիվանդությունը ի հայտ է գալիս արգանդային շրջանում, երբ  վնասվում է ուղեղի հիմնականում այն հատվածը, որը պատասխանատու է հենաշարժողական ֆունկցիայի համար: Երբեմն, ցավոք, տուժում է նաեւ ինտելեկտը: Այդ հիվանդությունը գնալով մեծ չափեր է ընդունում»:

Իսկ ձիու վրա նստելը փաստորեն ոչ միայն հաճելի է, այլ նաեւ. «Երբ այցելուն նստում է ձիու վրա տեսականորեն, իրականում շարժվում է, իր ոտքերը անջատվում են համակարգից` փոխարինվելով ձիու ոտքերով, եւ ձին առաջին անգամ այցելուին ցույց է տալիս, թե ինչպես է պետք շարժվել, եթե ուղեղին ճիշտ ազդակ ուղարկվի, իսկ ձին դա անում է ուղեղը անդրադարձնելով մկաններին: Այս ամենը հաճախ կրկնելով` ձեւավորվում է մկանային հիշողություն, այսինքն` ռեֆլեքս: Հիպոթերապիայի ձին լրիվ ուրիշ վարժանք է անցնում, եւ այդ ձին պետք է լինի բացարձակ կանխատեսելի, հանգիստ, քանի որ այցելուն կարող է պատահաբար գոռալ, հատկապես աուտիկ երեխաները, իսկ ձին վախկոտ կենդանի է եւ կարող է պահի տակ ոչ ադեկվատ քայլեր կատարել, վազել, աքացի տալ: Չնայած ոչ մի այցելու միայնակ չի նստում ձիու վրա, ողջ պրոցեսի ընթացքում նրանց ուղեկցում է հատուկ մասնագետը»:

Աստծու կողմից ստեղծված այս կենդանու մարմնի ջերմաստիճանը մեկուկես անգամ բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից. «Այս դեպքում շատ ուժեղ ջերմային մերսում է գնում մկաններին` կենդանուց այցելուին: Ստացվում է, որ այս հիվանդությամբ տառապողները պետք է մի տեղ ստանային  ֆիզիոթերապեւտիկ բուժում, հատուկ մերսում եւ հոգեբանական օգնություն, իսկ այս մեթոդը ըստ էության տալիս է այդ երեքը մեկտեղ»:

Նկատենք, որ իսկապես ձի չսիրել, ուղղակի հնարավոր չէ: Եթե շատերը պարզապես համեմատական են անցկացնում կենդանիների միջեւ` ասելով, որ կամ շուն են սիրում, կամ կատու, ապա այս հրաշագեղ կենդանուն սիրում են բոլորը, անգամ այն քիչ մարդիկ, ովքեր վախենում են: Եվ ինչպես նկատեց կենտրոնի ղեկավարը. «Այդ կապը ձիու եւ մարդու միջեւ շատ փխրուն է, բայց շատ հետաքրքիր կապ է այդ էներգիաների փոխանակումը, որը օգտագործում ենք որպես հոգեբանական գործոն: Նստեցնելով ձիու վրա` բացի վարժություններ կատարելուց, այցելուները սկսում են խնամել ձիուն, սիրել եւ նույնիսկ կապնվում նրանց հետ: Բուժումը պահանջում է կոմպլեքս մոտեցում, այդ իսկ պատճառով անհրաժեշտության դեպքում նրանց հետ աշխատում են եւ հոգեբաններ, եւ ֆիզիոթերապեւտներ եւ բժիշկներ»:

Հայ հասարակությունը մի քիչ հեռու է իրեն պահում հոգեբաններից եւ զանազան թերապիաներից, եթե դա այդքան էլ լայն տարածում չունի, իսկ այս դեպքում մասնագետը նշեց. «Շատ ծնողներ կան, ովքեր խանդավառությամբ են արդեն ընդունում այս մեթոդը, քանի որ երբ բժշկությունը անզոր է լինում քո երեխային օգնել, սկսվում է ինֆորմացիայի փնտրում: Նրանցից շատերը բավականին ուրախանում են` այս մասին իմանալով: Այսօր այդ հիվանդությամբ կան երեխաներ, ովքեր ունեն ձեռքի աշխատանքներ, նկարում են, ասեղնագործում եւ այլն»:

Իսկ վերջում տեղեկացանք, որ այս մեթոդով կարելի է բուժել նաեւ աղեստամոքսային տրակտի խնդիրները, չբերությունը, պրոստատիտը, սկոլիոզը, այսինքն` ողնաշարի թեքվածությունը, էմոցիոնալ խանգարումները, նեւրոզները, շիզոֆրենիան եւ այլն: Իսկ հակացուցումները քիչ են, ինչպես, օրինակ, բոլոր հիվանդությունների սրման դեպքում է: Անգամ եթե երիկամի մեջ կա ավազ, ապա ձիավարությամբ կարելի է ազատվել դրանից:


Նյութը պատրաստեց

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում