serՀակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը կարող է անցանկալի իրավիճակների հանգեցնել. փսխումներ, գլխացավեր, արյան զարկերակային գերճնշում, ցավ կրծքավանդակում, միգրենի նոպայի հաճախացումներ, մաշկային փոփոխություններ՝ պիգմենտացիաներ եւ ոչ միայն: Այս մասին ''Զարուհու'' հետ զրույցում ասաց մանկաբարձ-գինեկոլոգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ: Խոսքը հիմնականում հորմոնալ դեղամիջոցների մասին է, որոնք ի տարբերություն այլ հակաբեղմնավորիչ միջոցների` ունեն լայն կիրառում, եւ սովորաբար կանայք ընդունում են՝ առանց գինեկոլոգին այցելելու:

''Կինն ընդունում է այն` դաշտանային ցիկլի 5-րդ օրվանից սկսած, ամեն օր մինչեւ 21-րդ օրը, ցանկալի է օրվա նույն ժամերին: Վերոնոշյալ դեղորայքի հիմնական նպատակն է՝ ճնշել ֆոլիկուլախթանիչ հորմոնի մակարդակը: Արդյունքում տեղի չի ունենում ֆոլիկուլի զարգացում (ձվազատում), հետեւաբար հղիություն տեղի ունենալ չի կարող'',- բացատրում է Հ. Բադալյանը:

Գինեկոլոգի փոխանցմամբ՝ հորմոնային հակաբեղմնավորիչներից բացի, գոյություն ունեն այլ տեսակի հակաբեղմնավորիչ միջոցներ՝ կենսաբանական, քիմիական, մեխանիկական, օրացուցային, ֆիզիկական, վիրաբուժական:

''Կենսաբանական միջոց ասելով` հասկանում ենք հետեւյալը. լակտացիայի (կաթնարտադրության) շրջան, երբ կնոջ մոտ բարձր է լինում պրոլակտին հորմոնի մակարդակը: Այն խոչընդոտում է ֆոլիկուլի զարգացմանը, հետեւաբար նվազում է հղիանալու հավանականությունը: Սակայն այս միջոցը հուսալի չէ, քանի որ լակտացիայի շրջանում լինում են դեպքեր, երբ կինը հղիանում է'', - պարզաբանում է բժիշկը:

Գինեկոլոգը փաստում է, որ կան կանայք, ովքեր կիրառում են, այսպես կոչված, օրացուցային մեթոդը: ''Կինը օրացույցով հաշվում է դաշտանային ցիկլի օրերը, նշում այն ժամանակահատվածը, երբ ձվաբջիջը շարունակում է աճել եւ ձվազատում դեռ տեղի չի ունեցել, բնականաբար, եթե տեղի է ունեցել սեռական հարաբերություն՝ հղիություն տեղի ունենալ չի կարող: Սակայն այս միջոցն այնքան էլ հուսալի չէ: Նախ` ոչ բոլոր կանայք կարող են ճիշտ հաշվարկել ձվազատման օրերը: Եվ հետո՝ մեկի մոտ ձվազատումը կարող է լինել 14, մյուսի՝ 18 օր հետո'',- նկատեց բժիշկը:

bjshkՀ. Բադալյանի խոսքերով՝ գոյություն ունի նաեւ քիմիական միջոց: Բժիշկը մատնանշում է. ''Սեռական հարաբերությունների ժամանակ հեշտոցում տեղադրվում են քսուքներ, որոշակի դեղորայք, որոնք ունեն սերմնասպան հատկություն'':

Մասնագետի փոխանցմամբ՝ պահպանակները համարվում են մեխանիկական պատնեշ` ինչպես սեռավարակների, այնպես էլ սերմի համար. այն չի թափանցում հեշտոց: Արդյունքում կինը չի կարող հղիանալ: «Գոյություն ունեն նաեւ, այսպես ասած, կանացի պահպանակներ (թասակներ), որոնք տեղադրվում են հեշտոցի խոռոչում: Այն ծածկում է ամբողջ արգանդի պարանոցը: Այսինքն՝ շփումը` սերմ, արգանդի պարանոց եւ ուղիներ խախտվում է, հետեւաբար հղիություն տեղի ունենալ չի կարող: Այս միջոցն այնքան էլ հարմարավետ չէ. թասակներ տեղադրելը որոշակի դժվարություն է ներկայացնում կնոջ համարե:

Բժիշկ Բադալյանն առանձնացրեց ներարգանդային պարույրները (ՆԱՊ): ''Գոյություն ունեն ներարգանդային պարույրների տարբեր տեսակներ: Պարույրը պատրաստված է պլաստիկ նյութից եւ մետաղալարից: Այն տեղադրվում է կնոջ արգանդի խոռոչում՝ բժիշկ գինեկոլոգի միջամտությամբ, հիվանդանոցային պայմաններում՝ դաշտանային ցիկլը տեսնելուց հետո: Զանազան վարակներից խուսափելու համար` կինը պետք է պարտադիր քսուք հանձնի եւ եթե, բացակայում են բորբոքային գործընթացները, պարույրը տեղադրվում է: Ի դեպ, ՆԱՊ-ը տեղադրվում է երկար ժամկետով՝ 2-4 տարի'',- ասում է Հ. Բադալյանը՝ հավելելով, որ գրականության մեջ նշված են եզակի դեպքեր, որ անգամ պարույրի առկայության դեպքում կինը հղիացել է, սակայն դա շատ քիչ տոկոս է կազմում:

Եզրափակելով զրույցը, բժիշկ Բադալյանը խոսեց նաեւ վիրաբուժական եղանակից: Բժշկական լեզվով` այն ամլացում է կոչվում: Այն, իհարկե, ամենահուսալի միջոցն է: ''Եթե բազմածին կին է եւ չի ցանկանում հետագայում այլեւս երեխաներ ունենալ, կարող է դիմել վիրաբուժական միջամտության, որի ժամանակ կապում կամ հատում են արգանդափողերը, եւ կինն այլեւս չի կարող հղիանալ: Ամլացումը կարող են իրականացնել նաեւ կեսարյան հատման ընթացքում, բնականաբար, եթե առկա է կնոջ եւ ամուսնու գրավոր համաձայնությունը'',- ընդգծեց գինեկոլոգն ու հավելեց, որ, ի դեպ, գոյություն ունի նաեւ տղամարդկանց ամլացում. կապվում կամ հատվում է սերմնալարը: Թեպետ այս եղանակը ակտուալ չէ մեր տարածաշրջանի համար. որեւէ հայ տղամարդ չի գնա ամլացման՝ ազատ սեռական կյանք վարելու նպատակով:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ԸՍՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ

1.Վերոնշյալ միջոցներին դիմելուց առաջ համապատասխան մասնագետի խորհրդատվությունը պարտադիր է:

2. Կան հիվանդություններ, որոնց դեպքում հատկապես հորմանալ հակաբեղմնավորիչները հակացուցված են. թրոմբոֆլեբիտ (անոթների պատերի բորբոքում եւ անցանելիության խախտում), շաքարային դիաբետ (դեկոմպենսացիայի փուլում), ծանր լյարդային անբավարարություններ, հղիություն կամ նրա կասկածը, լակտացիայի (կաթնարտադրության) շրջան, սրտամկանի ինֆարկտ, ուղեղի արյան շրջանառության խանգարումներ, չճշտված ախտածագման նորագոյացություններ (ուռուցքներ) եւ այլն:

Զրույցը՝ Վլադ Մուրադյանի