- Ի՞նչ են իրենցից ներկայացնում կոնտակտային ոսպնյակները (լինզաները): Կարելի՞ է արդյոք կրել կոնտակտային ոսպնյակներ` ջրավազան այցելելիս:

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.դ. ԱՐՏԱՇԵՍ ԶԻԼՖՅԱՆԸ.


-Կոնտակտային ոսպնյակները տեսողության լավացման եղանակներից են: Կան տեսողության լավացման նաեւ այլ եղանակներ, բոլորին ծանոթ ակնոցը, էքսիմեր լազերային շտկումը, որը վերջին շրջանում լայն կիրառվում է Հայաստանում, եւ այլն:


Գոյություն ունեն կոնտակտային ոսպնյակների մի քանի տեսակներ, որոնք պատրաստված են տարբեր նյութերից: Նախկինում կոնտակտային ոսպնյակների պատրաստման նյութը եղել է ոչ այնքան որակյալ, այդ իսկ պատճառով կոնտակտային ոսպնյակների հանդեպ մեզ մոտ, այսպես ասած, անվստահություն է եղել: Մինչ այդ, եվրոպական երկրներում շատերը վաղուց հրաժարվել են ակնոց կրելուց:
Կան նաեւ հատուկ ոսպնյակներ, որոնք ցուցված են ասիգմատիզմի ժամանակ, սակայն վերջինիս կիրառումը ոչ այնքան արդյունավետ է:
Ինչպես հայտնի է, գոյություն ունեն նաեւ կոսմետիկ ոսպնյակներ, որոնք փոխում են աչքերի գույնը: Իրականում կոսմետիկ ոսպնյակները չեն կարող լինել շատ որակյալ, քանի որ հիմնականում պատրաստվում են ոչ այնքան բարձր տեսակի նյութից, ինչն էլ հնարավոր է աչքի սնուցման խանգարումների պատճառ դառնա:
Հարկ է հիշել, որ կոսմետիկ ոսպնյակները պետք է կիրառել միմիայն առողջ աչքերի դեպքում: Ի դեպ, ցանկացած կոնտակտային ոսպնյակ խորհուրդ է տրվում կրել 10 ժամից ոչ ավելի: Նույնիսկ շատ բարձր որակ ունեցող ոսպնյակների դեպքում: Եթե խոսքը կոսմետիկ ոսպնյակների մասին է, ապա խորհուրդ է տրվում կրել 5 ժամից ոչ ավելի: Այն շուրջօրյա կրելը սխալ է:
Խորհուրդ չի տրվում նաեւ ինքնակամ կոնտակտային ոսպնյակների ընտրություն կատարել: Կոնտակտային ոսպնյակը պետք է ընտրի ակնաբույժը, այլ ոչ թե դեղատան աշխատակիցը: Բանն այն է, որ կոնտակտային ոսպնյակները պետք է համապատասխանեն աչքի չափսերին:
Նշենք, որ կոնտակտային ոսպնյակները խնամքի կարիք ունեն: Խորհուրդ չի տրվում մեկ ամսից ավելի կրել նույն ոսպնյակները: Մարդ, որը կրում է կոնտակտային ոսպնյակներ, պետք է ունենա հատուկ ոսպնյակների համար նախատեսված տուփ, որտեղ էլ պետք է պահպանի ոսպնյակները պահպանելու համար նախատեսված հեղուկը: Ամենը պետք է լինի ստերիլ վիճակում: Կոնտակտային ոսպնյակներ տեղադրելիս պետք է պարտադիր լվանալ ձեռքերը:
Խորհուրդ չի տրվում նաեւ կոնտակտային ոսպնյակներ կրել ալերգիկ վիճակների դեպքում, ինչպես նաեւ երկարատեւ դիսկոմֆորտի զգացողության ժամանակ:
Ինչ վերաբերում է հարցին, թե կարելի՞ է կրել ոսպնյակներ ջրավազանում, ապա` ոչ: Նույնիսկ այն դեպքում, եթե պաշտպանիչ ակնոց եք կրում:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ