Անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերվում է այն բժշկական հաստատության կողմից, որին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու լիցենզիա է տրվել: Այդ ծառայությունից օգտվելու համար քաղաքացու կողմից պետք է ներկայացվեն 2 կարևոր փաստաթուղթ`անձը հաստատող փաստաթուղթը և պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված խմբերից որևէ մեկին պատկանելության փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Երեխաների համար (0-ից 8 և 12 տարեկան) անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության տրամադրման համար հիմք է հանդիսանում ծննդյան վկայականը: Այդ մասին ամրագրված է ՀՀ առողջապահության նախարարի № 45-Ն հրամանում:

Ըստ այդ հրամանի` եթե արդեն իսկ նշված անձինք փաստացի բնակվում են ոչ իրենց հաշվառման վայրում, ստոմատոլոգիական օրթոպեդիկ բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է վերջիններիս փաստացի բնակության վայրի բժշկական կազմակերպության կողմից: Պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում երեխաների ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են երեխաների առաջնային ստոմատոլոգիական զննումը, որն իրականացվում է մանկական ստոմատոլոգիական գծով լիցենզիա ունեցող տարածքային սպասարկման առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության ստոմատոլոգիական կաբինետների միջոցով, իսկ վերջիններիս բացակայության դեպքում մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, ընդհանուր ստոմատոլոգիական պոլիկլինիկաների մանկական բաժանմունքների կողմից` տեղամասային մանկաբույժի (ընտանեկան բժշկի) ուղեգրմամբ` 6-7 և 12-13 տարեկան հասակում, եթե երեխան դուրս է մնացել «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» (ՍԱԿ) ծրագրից:

Այն երեխաներին, որոնք զննման արդյունքում ենթակա են հետագա մասնագիտական բուժման՝ տրվում է ուղեգիր համապատասխան հաստատություն` երեխայի օրինական ներկայացուցչին ապահովելով տեղեկատվությամբ ուղեգրման վերաբերյալ: Անվճար բժշկական օգնության իրավունք ունեն 6 և 12 տարեկան երեխաների (կրթական հաստատությունների 1-ին և 7-րդ դասարանների աշակերտների) ստոմատոլոգիական առաջնային կանխարգելում (ՍԱԿ) ծրագրում ընդգրկված երեխաները: Մինչև 18 տարեկան երեխան ևս ունի անվճար բժշկական օգնության իրավունք, եթե պատկանում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին: Այսպիսով, 0-8 և 12 տարեկան, ինչպես նաև սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների բուժումը իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, անվճար: