1Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ. պրոֆեսոր ԳԵՈՐԳԻ ՕԿՈԵՎԸ, ով վերջերս է նշել իր ծննդյան 60-ամյակը, «Զարուհու» հետ զրույցում պատմեց, թե որն է եղել իր ամենացանկալի նվերը, խոսեց նաեւ ընտանիքի, մասնագիտության մասին…

60-Ն ԱՅՆ ՏԱՐԻՔՆ Է, ԵՐԲ ՍԿՍՈՒՄ ԵՍ ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ԱՌՀԱՍԱՐԱԿ, ԻՆՉ ԵՍ ԱՐԵԼ
Մարդիկ միշտ ուզում են հավատալ, որ կյանքի քիչ մասն է անցել եւ շատը դեռ առջեւում է, սակայն, դա, ցավոք, այդպես չէ: 60-ը, հավանաբար, այն տարիքն է, երբ սկսում ես հասկանալ, թե առհասարակ, ինչ ես արել, քեզանից հետո ինչ հետք ես թողել... Տարիները արագ են սլանում, դեռ շատ բան ունեմ անելու:  Հուսով եմ` կանեմ, գոնե, այդ շատ ասածի մեծ մասը:  Ամեն դեպքում, ինչպես ասում են, ուժերս դեռ տեղն են:

ՀՈԲԵԼՅԱՆՍ ՉԵՄ ՆՇԵԼ
Հոբելյանը` հոբելյան, բայց դրանով կյանքը չի սահմանափակվում, պետք է աշխատել, կան պացիենտներ, պատասխանատվություն նրանց հանդեպ...
Պետք է խոստովանեմ, որ, որպես այդպիսին, հոբելյանը չեմ նշել: Այնպես է ստացվել, որ  որդիներս Հայաստանում չեն: Ավագ որդիս` ԱՄՆ-ում է, կրտսերս` Լոնդոնում: Երբ իրար գլխի բոլորը հավաքվեն, այն ժամանակ էլ կնշենք հոբելյանը:

ԻՆՉ Է, ԹԵ` ՄԵԿ ՏԱՐԻ ԷԼ ՄԵԾԱՑԱՆ...
Ծննդյան օրը նշեցինք նեղ շրջանակում` ընտանիքի անդամներ, ընկերներ: Ամեն մարդ ծննդյան օրվան տարբեր է վերաբերվում: Երբ հիմա տեսնում եմ, թե ինչպես են թոռներս իրենց ծննդյան օրվան սպասում, հետ հայացք եմ գցում, կարծում եմ` նրանց տարիքում ես էլ նույն կերպ սպասում էի այդ օրվան, նվերներին:
Մի բան հաստատ կարող եմ ասել, որ ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր իրենց ծննդյան օրը ողբերգություն են սարքում, ինչ է, թե` մեկ տարի էլ մեծացան... Չնայած չեմ էլ ուրախանում, առանձնապես... Ինձ համար այդ օրը սովորական աշխատանքային օր է` ձմեռային օր... Այդ օրը ես միշտ ծնողներիս եմ հիշում: Մորս, որը ինձ լույս աշխարհ բերեց...

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՆՎԵՐԸ
Ճիշտն ասած, չեմ էլ մտածել դրա մասին (Ժպտում է.- հեղինակ): Անշուշտ, նվերներ էլ ստացա որդիներիս կողմից, սակայն ինձ շատ զարմացրին թոռներիս ձեռքերով պատրաստված նվերները. ինչ-որ բան էին ներկել, նկարել, սոսնձել… Ինձանից գաղտնի էին պահել, որ անակնկալ լինի, առավոտյան համբուրեցին եւ մատուցեցին նվերը: Ցանկացած պապի սիրտ կհալվի նման նվերից…  Ամենաթանկ նվերը հենց դա էր…

ԼԱՎ ԸՆԿԵՐԸ ՆԱ Է, ՈՎ...
Ըստ իս, լավ ընկերն այն մարդն է, ով քեզ հետ է ե՛ւ ուրախության, ե՛ւ տխրության պահերին, դու էլ իր կողքին ես` առանց որեւէ պարտավորության: Չեմ կարող ասել, որ շատ ընկերներ ունեմ, սակայն  կան մարդիկ, որոնց հետ ընկերությունը երկար տարիների պատմություն ունի: Մեր հարաբերությունները շատ ջերմ են, ինչպես որ հարիր է իսկական ընկերներին:

ԵՐԱԺԻՇՏ ԸՆԿԵՐՆԵՐ ՉՈՒՆԵՄ
Գիտեք, ես այն կարծիքին չեմ, որ մարդ պետք է շատ ընկերներ ունենա: Այդպես չի լինում. կան շատ ծանոթներ:    
Իմ ընկերները տարբեր մասնագիտության տեր մարդիկ են: Ի դեպ, բոլորը չէ, որ ունեն բարձրագույն կրթություն: Ընկերներիս ցուցակում կան ե՛ւ բժիշկներ, ե՛ւ գեղանկարիչներ... Օրինակ` երաժիշտ-ընկերներ չունեմ:  Իհարկե, ոչ այն պատճառով, որ նրանց հետ ընկերություն անել չի կարելի: Պարզապես, այդպես է ստացվել: Ընկերներիս հատուկ չեմ ընտրել:

ԿԻՆՍ ԲԺԻՇԿ Է
Լավ է, որ երկրորդ կեսդ էլ բժիշկ է: Հնարավորություն կա կիսվելու, խորհուրդ հարցնելու, քննարկելու մասնագիտական հարցեր: Երբեմն ասում են, որ ամուսինները պետք է տարբեր մասնագիտության տեր մարդիկ լինեն, որպեսզի տանը հանգստանան, այսպես ասած, չքննարկեն աշխատանքային անցուդարձը, սակայն ես այդ կարծիքին չեմ:
Կնոջս հետ երբեմն քննարկում ենք, ասենք,  հիվանդանոցում տեղի ունեցած հետաքրքիր դեպքերը, բայց, դա, բնականաբար, այն միակ քննարկվող թեման չէ... Հավատացեք, որ շատ ու շատ հետաքրքիր թեմաներ էլ կան` թատրոն, կինո: Վերջինը, ցավոք սրտի, ավելի քիչ:

ՃԱԿԱՏԱԳԻՐ Է...
Ես եւ կինս` տիկին Էմման, համակուրսեցիներ ենք: Ի դեպ, ծնողներս էլ համակուրսեցիներ են եղել: Ճակատագիր է... Կյանքը հաճախ է նման հետաքրքիր դրվագներ ու հանդիպումներ պարգեւում... Նույն կերպ, ի դեպ, դասավորվել է որդիներիս ճակատագիրը: Երբեմն մտածում ես, իսկ եթե ինչ-որ մեկը բռներ ու կինո նկարահաներ: Արդյունքում, գուցե, հնդկական ֆիլմ ստացվեր... Սակայն նման ֆիլմեր կյանքում հաճախ են հանդիպում, երբեմն էլ շատ բարդ ու խճճված սցենարով... Ճակատագրից չես փախչի: Ամեն ինչ վերեւում գրված է...
Դժվարանում եմ ասել, թե որքան հաճախ է կյանքն անակնկալներ մատուցում, սակայն հստակ կարող եմ ասել, որ պետք է ուրախանալ յուրաքանչյուր այգաբացի համար. չէ՞ որ արթնացել ես խաղաղ պայմաններում, եւ դրսում արեւ է... Ինձ ահ ու սարսափ է ներշնչում, երբ տեսնում եմ հեռուստատեսությամբ` ինչ է կատարվում, օրինակ, հենց նույն Ուկրաինայում... Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ լացող երեխա կամ մայր եմ տեսնում...

ԲԺՇԿԻ ՎՐԱ ԱՅՆՊԵՍ ԵՆ ՆԱՅՈՒՄ, ԿԱՐԾԵՍ ԹՇՆԱՄԻ ԼԻՆԻ...
2Բժշկի մասնագիտությունն իրավամբ ամենաբարդ մասնագիտությունն է: Դա չեմ ասում այն բանի համար, որ ինքս էլ բժիշկ եմ: Մեր գործը ե՛ւ շնորհակալ, ե՛ւ անշնորհակալ է: Մարդիկ մտածում են. եթե բժշկի մոտ են գնացել, ապա նա պետք է իր բոլոր հարցերը լուծի, սակայն, ցավոք, այդպես չէ: Այստեղ կապ չունի բժշկական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացումները: Եթե այնպես լիներ, որ բժիշկը ամենակարող մարդը լիներ, ապա մարդիկ առնվազն երեք հարյուր տարի կապրեին: Մեր մասնագիտության մեջ ե՛ւ հաջողություններ են լինում, ե՛ւ անհաջողություններ... Սակայն ցանկացած բժիշկ իր գործում հաջողություններ է ակնկալում: Իսկ եթե այդ հաջողություն ասվածը, Աստված մի արասցե, ձախողվում է` բժշկի վրա այնպես են նայում, կարծես թշնամի լինի: Հաճախ էլ օգտվում են նրա անպաշտպան լինելուց:
Այսօր բժիշկները պաշտպանված չեն: Չկա որեւէ օրենք... Հենց ինչ-որ բան այն չէ, միանգամից գործի են անցնում. տեսնենք, թե ինչ է արել այդ բժիշկը:
Բժիշկն ապրում է պացիենտի հետ, հիվանդանում է նրա հետ, անհանգստանում է նրա համար... Իհարկե, խոսքը բոլոր բժիշկների մասին չէ: Կան բժիշկներ, որոնք, մեղմ ասած, չպետք է զբաղվեն այդ մասնագիտությամբ, ավաղ... Նման դեպքեր յուրաքանչյուր բնագավառում էլ կան` ե՛ւ մանկավարժական ասպարեզում, ե՛ւ ուժային կառույցներում, ե՛ւ...
Փոխվել է բժիշկների հանդեպ վերաբերմունքը: Նախկինում բժշկին ավելի շատ էին հարգում, պաշտում: Ամեն դեպքում, չեմ կարող մի դեպք մտաբերել, երբ շտապօգնության բժշկի վրա որեւէ մեկը ձեռք բարձրացներ: Դա ինձ համար անընդունելի է:

ՀԱԶՎԱԴԵՊ Է ԼԻՆՈՒՄ, ԵՐԲ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԴ ՏԱՆՆ ԵՍ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ
Միանշանակ հիվանդանոցում ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան տանը: Ամեն օր 8:20-ից սկսած` աշխատանքի եմ գալիս, եւ Աստված գիտի, թե մինչեւ երբ: Հնարավոր է` ընդհանրապես տուն գնալ էլ չհաջողվի: Հազվադեպ է լինում, երբ հանգստյան օրդ տանն ես անցկացնում: Այսպիսին է բժշկի մասնագիտությունը: Ոչ ոք չի կարող գուշակել, թե երբ հիվանդը կվատանա, կլավանա, որ ժամին կինը կորոշի ծննդաբերել, ինչ բարդություններ կարող են լինել ծննդաբերության ընթացքում:

ՄԵՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՓՈՐՁԱՌՈՒ ԵՎ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԺԻՇԿՆԵՐ
Տարբեր կանանց հետ ենք շփվում: Կան հանգիստ բնավորության տեր կանայք եւ կան հակառակը: Հաճախ ամուսինների հետ էլ ենք հանդիպում, զրուցում:
Երբեմն այնպիսի զավեշտալի բաներ կարող են ասել. համացանցի մենաշնորհն է: Այս դեպքում էլ փորձում ենք հասկանալ, օգնել: Մեր կենտրոնում աշխատում են փորձառու, պրոֆեսիոնալ բժիշկներ, որոնք ցանկացած իրավիճակից, համոզված եմ, կարող են պատվով դուրս գալ:
Մանկաբարձ-գինեկոլոգների աշխատանքն ամենածանրն է: Այն հավասարազոր է վերակենդանացման բաժանմունքի բժիշկների աշխատանքին:  

Ե՛Վ ԵՐԵԽԱՅԻ, Ե՛Վ ՄՈՐ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Մանկաբարձ-գինեկոլոգը պատասխանատու է ե՛ւ երեխայի, ե՛ւ մոր առողջության համար:
Ամենաշատ անհանգստացնողը` նորածիններն են: Բնության օրենք է. նրանք չեն կարող ասել, թե ինչ է իրենց անհանգստացնում: Բուժելը նրանց դժվար է, քանի որ, ինչպես գիտեք, որեւէ հիվանդություն  ախտորոշելու համար,  բժշկական հարցեր են տրվում, այս դեպքում անզոր ես:

ՀԻՎԱՆԴԻ ԱՆՈՒՆԸ, ԳՈՒՑԵ, ՉՀԻՇԵՄ...
Եղել են ծանր վիրահատություններ, որոնք երբեւէ չես մոռանում: Լավ հիշում եմ իմ առաջին կեսարյան հատումը: Հետաքրքիր է, որ այնքան էլ չհիշվեց առաջին ընդունած ծնունդը: Չեմ մոռանում նաեւ արհեստական բեղմնավորման հաջող փորձը, որի արդյունքում եռյակ լույս աշխարհ եկավ: Շատ դեպքեր կան, սակայն այդքանը չես կարող մտաբերել: Բժիշկը, գուցե, հիվանդի անունը չհիշի, թող չնեղանան հիվանդները, բայց դեպքը, ծանր վիրահատությունը երբեւէ չի մոռանա:

ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ, ՈՐ ԵՐԲԵՎԷ ՉԵՆ ՍԱՌՈՒՄ
Ասում են` բժիշկն անհոգի է... Այդպես չէ, երբ նա մահ է տեսնում, դա էլ իր հոգում ծանր հետք է թողնում: Նա երկար ժամանակ անհանգստանում է կատարվածի համար: Նրա զգացմունքները երբեք չեն սառում: Դժվար է մտաբերել այն դեպքերը, որոնք ժպիտ են առաջացրել, սակայն դժվար է մոռանալ այն դեպքը, որը քեզ ցավ է պատճառել:

ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՈԼՈՐԸ ԲԺԻՇԿ ԵՆ
Բժշկի թոռ, ծոռ, երեխա, հետագայում հայր, եւ կարծում եմ` պապ էլ կլինեմ... (Ժպտում է.- հեղինակ): Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ բժշկի մասնագիտությունից բացի, այլ մասնագիտություն աշխարհի երեսին չկա. ծնողներիս, տատիս եւ պապիս ազդեցությունն էր: Մեր ընտանիքում բոլորը բժիշկ են` ե՛ւ եղբայրս, ե՛ւ կինս, ե՛ւ ավագ որդիս, սակայն, բացառություններ էլ կան. կրտսեր որդիս իր տիկնոջ հետ իրավաբան է: Այս փաստը, կարելի է ասել, անսպասելի էր մեր ընտանիքի համար: Այնպես որ, թոռներս ընտրության հնարավորություն ունեն:

ԵԹԵ ՆՈՐԻՑ...
Եթե անգամ նորից բախտ վիճակվեր մասնագիտություն ընտրել, ապա, հավանաբար, կրկին նույն ընտրությունը կկատարեի: Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ երջանիկ մարդը նա է, ով մեծ հաճույքով աշխատանքի է գնում եւ նույնքան մեծ հաճույքով տուն վերադառնում: Կարծում եմ` իմ մասին է. միշտ մեծ հաճույքով աշխատանքի եմ գնում, հաճույքով տուն վերադառնում` շփվելու կնոջս, թոռներիս հետ: Ժամանակը սուղ է, բայց պետք է այնպես անել, որ ժամանակը բավականացնի, քանի որ թոռներս ուշ կամ շուտ` պետք է տեղափոխվեն իրենց ծնողների մոտ: Ի դեպ, ավագ թոռս իմ անունն է կրում: Բարի ավանդույթ կա մեր ընտանիքում` երեխաներին Գեորգի եւ Գրիգորի անուններ դնելը:   

Ո՛Չ ԳԻՐՔ, Ո՛Չ ԷԼ ՖԻԼՄԻ ՍՑԵՆԱՐ ՀԱՍՏԱՏ ՉԵՄ ԳՐԻ
Չգիտեմ,  հավանաբար ո՛չ  գիրք  կգրեի, ո՛չ էլ ֆիլմի համար սցենար: Շատ կցանկանայի, որ այն ջերմությամբ, ինչպես ես եմ հիշում ծնողներիս, այնպես էլ ինձ հիշեին:
Ամեն օր, կարծես, հաշվետվություն եմ տալիս հորս: Նրա  նկարը իմ աշխատասենյակում է, եւ այնպիսի տպավորություն է, որ նա ինձ վրա մի տեսակ խիստ հայացք է գցում ու ասում.  «Սա չէ, քո արած գործը...»: Դա իր սիրելի արտահայտությունն էր:  Ծանր տարիներին մի քանի պալատ վերանորոգեցինք ու այն մեծ ոգեւորությամբ ցուցադրեցինք նրան... Եկավ, նայեց ու ասաց. «Սա չէ ձեր արած գործը... բա մնացածը ե՞րբ եք վերանորոգելու»:
Նա շատ խիստ, պահանջկոտ անձնավորություն էր, բայց միեւնույն ժամանակ, շատ բարի մարդ, ում շնորհիվ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը հասավ այն բարձունքներին, ինչպիսին որ տեսնում եք այսօր...