livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

27- Որդիս հաճախում է լողավազան: Վերջերս բողոքում է ականջների փակվածությունից: Իր իսկ խոսքերով` ականջները ջուր է լցվում: Խորհուրդ են տվել մի քանի կաթիլ օղի կաթեցնել` վիճակը թեթեւացնելու համար, կարելի՞ է:

Հարցին պատասխանել է oտորինոլարինգոլոգ
ԳԱՅԱՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ
- Հաճախ ենք լսում` ականջներում ջուր է լցվել արտահայտությունն այն դեպքերում, երբ երեխան կամ մեծահասակը հաճախում է լողավազան կամ մեկնում է ծովափնյա հանգստի: Իրականում` ականջներում ջուր լցվել չի կարող, որովհետեւ արտաքին ականջի կառուցվածքն այնպես է ստեղծված, որ եթե նույնիսկ ջուր է անցնում, ապա այն հեշտությամբ դուրս է գալիս: Եթե ոչ` կարելի է մի քանի հնարքներ գործադրել. ականջախեցին դեպի ներքեւ եւ հետ քաշել:

Զերծ մնացեք անհեթեթ վարժություններից, ինչպիսիք են. մեկ ոտքի վրա թռչկոտելը, ականջին քար մոտեցնել-հեռացնելը եւ այլն...
Առհասարակ նման դեպքերից խուսափելու համար, մինչ լողավազան հաճախելը, հարկ է դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվությանը, ինչը, ցավոք սրտի, մեր իրականության մեջ չի արվում: Իրականում` ունենալով արտաքին ականջի խնդիր, ծծմբային խցան (նման խնդիր ունի նաեւ նամակագիրը), անհատը հաճախում է լողավազան: Շատ ժամանակ ջուրը ներս գնալով արտաքին ականջ` լսողական անցուղի, առաջացնում է ծծմբային խցանի ուռճացում եւ, հետեւաբար, ստեղծում հետեւյալ պատկերը. թվում է` ականջները ջուր է լցվել, փակվածություն կա, խշշոցի զգացողություն:

Նման դեպքերում, հարգելի նամակագիր, պետք է կատարել բժշկական քննություն, հայտնաբերել խցանը եւ հեռացնել այն: Խցանը հեռացվում է երկու եղանակով` չոր եւ թաց: Այստեղ հաշվի է առնվում հիվանդի մոտ լվացման առկա ցուցումներն ու հակացուցումները: Չոր եղանակով (գործիքների օգնությամբ) խցանը հեռացվում է միայն այն դեպքում, եթե անամնեզում (հիվանդության պատմություն) կա տարած պերֆորատիվ օտիտ: Այս դեպքում թմբկաթաղանթի ամբողջականությունը լինում է խախտված: Մնացած բոլոր դեպքերում կատարվում է ականջի լվացում` հատուկ լուծույթներով եւ ժանեի ներարկիչի օգնությամբ:

Ինչ վերաբերում է ականջի մեջ օղի կաթեցնելուն` մոլորություն է: Ավելին` ականջի մեջ օղի կաթեցնել չի՛ կարելի: Սովորաբար մեր պրակտիկայում, երբ լինում է բժշկական սպիրտի կաթեցման կարիք` այն նովոկայինի հետ 1/1 հարաբերությամբ է կաթեցվում, քանի որ, ինչպես գիտեք, թմբկաթաղանթը շատ նուրբ կառուցվածք ունի եւ նման փորձերը` օղիով կարող են նույնիսկ թմբկաթաղանթի այրվածքի եւ դրանից բխող այլ տհաճ հետեւանքների` լսողության իջեցման հանգեցնել:

Եթե ականջում առկա է բորբոքում, պետք է կասեցնել լողի կամ լողավազան հաճախելը, քանի որ այս դեպքում լողը լիովին հակացուցված է:
Ինչ վերաբերում է բամբակներին` որպես ջրից պաշտպանիչ միջոց` ոչ, խորհուրդ չի տրվում: Բամբակը կթրջվի: Տնային պայմաններում, երբ հարկ կա, կարելի է բամբակը թրջել բուսական յուղի մեջ, այնուհետեւ խցանել ականջները: Իսկ լողավազանում ավելի ցանկալի է պաշտպանվել ջրից հատուկ նախատեսված խցանների օգնությամբ, որոնք պատրաստված են սիլիկոնից: Խցանները վաճառվում են դեղատներում եւ մասնագիտացված խանութներում:
Ի դեպ, ականջի համար նախատեսված բոլոր կաթիլները կաթեցվում են գոլ վիճակում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում