livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 16, 2019

Վերջին օրերին մամուլում եւ հանրության շրջանում շատ է խոսվում լեյշմանիոզ վարակի տարածման մասին: Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս հիվանդությունը դասել է մոռացված հիվանդությունների շարքին:

Հիվանդության տարածվածության մասին նույնիսկ ճշգրիտ վիճակագրություն չկա, քանի որ հատկապես մաշկային լեյշմանիոզը բարվոք ընթացք ունի, խոցեր են առաջանում, բուժվում են, սպիներ են մնում, ու մարդիկ այդ ընթացքում որեւէ մասնագետի չեն դիմում: Ու նման մոռացված վարակը թե ինչպես է հայտնվել Հայաստանում եւ թե դրա տարածման առումով ի՞նչ իրավիճակ է այս պահին, ինչպես է այն ախտորոշվում եւ ինչ բարդություններ է իր հետ բերում, փորձեցինք պարզել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ ԼՈՒՍԻՆԵ ՊԱՊԱՅԱՆԻՑ:

- Լեյշմանիոզը մակաբուծային հիվանդություն է, որը փոխանցվում է մլակի խայթոցի միջոցով: Հայաստանում պատմականորեն միշտ արձանագրվել է լեյշմանիոզ հիվանդությունը, ընդ որում՝ արձանագրվել է լեյշմանիոզի երկու տեսակ` ընդերային եւ մաշկային: Աշխարհում կա նաեւ մաշկալորձային ձեւը, բայց Հայաստանում այդ ձեւը չի արձանագրվել:

Սկսած 1999 թվականից` երեսուն տարվա ընդմիջումից հետո նորից մենք արձանագում ենք ընդերային լեյշմանիոզի դեպքեր: Ամենամեծ խնդիրն ունենք Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում եւ մայրաքաղաքում: Մեր ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում են նաեւ ԼՂՀ-ից եկած հիվանդներ:

- Այսինքն՝ տարածվածությունն այս պահի դրությամբ կոնկրետ Ձեր նշած վայրերո՞ւմ են միայն:

- Տարածվածությունը, իհարկե, չենք համեմատի մեր հարեւան երկրների հետ. մեզ մոտ տարեկան արձանագրվում է մինչեւ 15 դեպք: Ամենաշատն անցյալ տարի է արձանագրվել` 18 դեպք, որոնցից երկուսը եղել են բերովի, ոչ թե՝ տեղական:

- Իսկ այս պահի դրությամբ` լեյշմանիոզով վարակված քանի՞ հիվանդ ունենք:

- Այս տարի մենք արձանագրել ենք հիվանդության վեց դեպք, բայց այս պահին հիվանդանոցում մեկ բալիկ է մնացել: Բնականաբար, հարց է առաջանում, եթե հիվանդությունը մլակի խայթոցից է տարածվում, ապա ինչո՞ւ է հիվանդությունն արձանագրվում ձմռանը: Դա եւս ունի իր բացատրությունը. որովհետեւ լեյշմանիոզն ունի բավականին երկար գաղտնի շրջան` սկսած երկու շաբաթից մինչեւ մեկ-երկու տարի: Այսինքն՝ սրանք այն հիվանդներն են, որոնց մլակը խայթել է ամռանը, ոչ թե հիմա:

- Ի՞նչ ախտանշաններով է ի հայտ գալիս հիվանդությունը:

- Լեյշմանիոզի առաջին նշանները նման են մյուս վարակիչ հիվանդություններին` դրանք սպեցիֆիկ չեն: Հիմնականում նկատվում է ջերմության բարձրացում, անկանոն տենդ, մաշկի գունատություն, լյարդի եւ հատկապես՝ փայծաղի մեծացում: Նաեւ արյան պատկերն է փոխվում` անեմիա է նկատվում երեխաների մոտ:

- Տիկին Պարոնյան, ինչո՞վ է պայմանավորված, որ լեյշմանիոզով վարակվում են հիմնականում երեխաները:

- Այո, ճիշտ եք: Դա պայմանավորված է նրանով, որ երեխաների իմունային համակարգը դեռ այդքան կայացած չէ, եւ ըստ այդմ էլ՝ հիվանդությունը հիմնականում արձանագրվում է երեխաների եւ իմունային համակագի հետ խնդիր ունեցող մեծահասակների շրջանում: Օրինակ՝ ամբողջ աշխարհում տարածված են լեյշմանիոզի եւ ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի համավարակները, այսինքն` ՁԻԱՀ-ով եւ ՄԻԱՎ-ով վարակվածներն անպայման վարակվում են նաեւ լեյշմանիոզով: Սակայն, Հայաստանում նման դեպքեր չենք գրանցել:

«ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԲՈՒԺԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԼԵՅՇՄԱՆԻՈԶԸ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍ ՈՒՆԻ»

-Մահացու վարա՞կ է արդյոք լեյշմանիոզը:

- Ժամանակին ախտորոշելու եւ բուժելու դեպքում ելքը բարվոք է: Ընդհանրապես՝ հիվանդության դեպքերի մեծ մասն ընթանում են անախտանիշ, այսինքն՝ երեխան հիվանդանում է, բայց դրա մասին ծնողը չի էլ իմանում: Կապված իմունային համակարգից՝ ախտանիշները կարող են տարբերվել, եւ իհարկե, ժամանակին չբուժելու դեպքում լեյշմանիոզը մահացության բարձր տոկոս ունի:

- Լեյշմանիոզով վարակվելու դեպքում հնարավոր է, որ ուրիշ այլ հիվանդություններ զուգահեռաբար զարգանան օրգանիզմում:

- Իհարկե, քանի որ ընդհանրապես իմունային համակարգը թուլանում է, ապա արձանագրված դեպքերի մեծ մասն ուղեկցվում են այլ հիվանդություններով: Հատկապես գլուխ են բարձրացնում թոքաբորբը, աղիքային եւ միզուղային վարակները: Այդ իսկ պատճառով կխնդրեի մեր քաղաքացիներին, որպեսզի շեշտը դրվի կանխարգելման վրա, եւ այս առումով լրատվամիջոցների դերը շատ մեծ է: Ծնողները պետք է իրազեկվեն, որ երեխաներին հնարավորինս զերծ պահեն մլակների խայթոցից, ու նվազագույն կասկածի դեպքում երեխաների մոտ ստուգել լեյշմանիոզի առկայությունը: Որքան ավելի շուտ արվի ախտորոշումը, այնքան երեխան շուտ առողջանալու շանս կունենա:

- Բացառվո՞ւմ է, որ հիվանդությունը փոխանցվի մարդուց` մարդուն:

- Այո, բացառվում է: Ավելին, թեեւ վարակի աղբյուրը շնազգիներն են, սակայն շների հետ խաղալուց անգամ հնարավոր չէ վարակվել լեյշմանիոզով: Հարուցիչը մլակի օրգանիզմում զարգացման ցիկլ է ապրում. անպայման պետք է մլակը խայթի հիվանդ շանը, իր օրգանիզմում այդ ցիկլը անցնի, ապա նոր խայթի մարդուն, որպեսզի մարդը վարակվի. ուղիղ շփման միջոցով հնարավոր չէ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում