livemarks sitemap
Ուրբաթ, Մարտի 31, 2017

6

Մեր զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, Երեւանի պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԸ:
Զրույցը ներկայացնում ենք` առանց լրագրողական հարցադրումների:

Բժիշկ դառնալ չէի ուզում

Ուզում էի մաթեմատիկոս դառնալ. այդ ժամանակ լավագույն մաթեմատիկական թեքումով ԲՈՒՀ համարվում էր Ն. Բաումանի անվան Մոսկվայի բարձրագույն տեխնիկական համալսարանը: Հայրս կտրականապես դեմ եղավ իմ որոշմանը, քանի որ մտահոգություն ուներ, եթե Մոսկվա գնամ, ապա չեմ վերադառնա հայրենիք եւ ինքն այլեւս տղա չի ունենա... Փոխարենը` իմ առջեւ շատ դժվար առաջադրանք դրեց` բժշկական ինստիտուտ ընդունվել: Իսկ այդ տարիներին հեշտ չեր բժշկական ինստիտուտ ընդունվելը, եւ սկսեցի պարապել... Երբ հետադարձ հայացք եմ գցում իմ կյանքին, հասկանում եմ, որ հայրս ճիշտ էր, եւ  շնորհակալ եմ նրան:

 Ամեն ինչ շտապ օգնությունից սկսվեց

Ավարտեցի ինստիտուտը, բայց մինչ վիրաբույժ դառնալը, գնացի շրջան` աշխատելու. կարգն այդպես էր պահանջում: Սկսել եմ ամենաստորին օղակից. Արտաշատի շրջանային կենտրոնական հիվանդանոց, շտապ օգնության կայանի բժիշկ, իսկ 1985 թվականից` համատեղության կարգով վնասվածքաբանության բաժանմունքում օրդինատոր, որտեղ ամեն տեսակի գործ անում էի. բոլորին ասիստենտ էի կանգնում` բացարձակապես անվճար հիմունքներով:

Իմ առաջին ուսուցիչը3

Չգիտեմ, երեւի աստղով եմ. կյանքիս բոլոր փուլերում հանդիպել եմ շատ առաքինի ու բարձր որակներով մարդկանց: Խոսքը ե՛ւ ղեկավարներիս, ե՛ւ ուսուցիչներիս մասին է: Ուզում եմ հիշել երջանկահիշատակ Հովհաննես Զաքարի Հովհաննիսյանին` վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի իմ առաջին ուսուցչին: Երկրորդը եղել է պրոֆեսոր Վաչագան Պետրոսի Այվազյանը: Երկրորդն ու թերեւս վերջինը, քանի որ իրենից հետո ինքս սկսեցի դասավանդել: Հենց նրա ղեկավարությամբ էլ պաշտպանեցի գիտական թեզերը` 1992թ. թեկնածուական եւ 2011թ.` դոկտորական:

 Դա իմ երազանքն էր

Չորս ու կես տարի աշխատելուց հետո, ինձ ուղարկեցին վերապատրաստման` Երեւանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտա-հետազոտական ինստիտուտ, որի տնօրենը կրկին երջանկահիշատակ Իլյա Հաբեթի Օսեպյանն  էր: 45 օր տեւեց վերապատրաստումը: Այստեղ կրկին անձնվիրաբար աշխատեցի` առանց որեւէ ժամանակային ռեժիմ սահմանելու ու գործառույթների սահմանափակման...
Վերապատրաստումն ավարտելուց հետո, մտա տնօրենի մոտ, որպեսզի նա ստորագրի ամփոփաթերթը: Վերջինս հետաքրքրվեց, թե` արդյոք ցանկություն ունեմ աշխատել ինստիտուտում... Իսկ դա իմ երազանքն էր... Այդ հրավերն ինձ համար անսպասելի էր: Հաջորդ օրն ազատվեցի Շտապ օգնությունից եւ աշխատանքի ընդունման դիմում գրեցի: Այստեղ էլ կրկին սկսել եմ ամենացածր աստիճանից` կրտսեր գիտաշխատողից:

Որքան  որ սահմռկեցուցիչ չի հնչում

Որքան էլ որ սահմռկեցուցիչ չի հնչում, բայց երկրաշարժն ու պատերազմը բոլոր ազգերի մոտ, բոլոր ժամանակներում շատ կտրուկ ազդեցություն են թողնում վիրաբույժի` որպես մասնագետի ձեւավորման վրա: Երկրաշարժից հետո Երեւանի վնասվածքաբանության, օրթոպեդիայի գիտա-հետազոտական ինստիտուտի ողջ անձնակազմն անձնվիրաբար, գիշեր-ցերկ աշխատում էր: Օրական 18-19 ժամ միայն վիրահատում էինք: Արհավիրք էր... Բայց կարողացանք հաղթահարել: Ամբողջ հանրապետության բուժաշխատողները կարողացան բարդ իրավիճակից պատվով դուրս գալ:

Պատերազմը երկրաշարժից  սարսափելի է

21990-ին, երբ հնչեցին առաջին կրակոցները, ես կանգնած եմ եղել առաջին գծում: Շատ լավ հիշում եմ, հունվար ամիսն էր... Պայմաններն ահավոր էին. քնելու տեղ չկար, քնում էինք` 20 տեղանոց զինվորական մի քանի տեղից ծակված վրանում: Դուրսը` 0-ից ցածր էր: Վրանում կար ընդամենը մեկ վառարան: Քնում էինք բուշլատներով, միայն կոշիկներն էինք հանում:
Պատերազմը երկրաշարժից սարսափելի է. մեկ գիշերվա ընթացքում հրազենային վնասվածք ստացած բազմաթիվ վիրավորներ էին բերում, եւ դու ամբողջ գիշեր աշխատում, աշխատում էիր...

Իրականում փակ մարդ եմ

Ոչ, ես շատ ընկերներ չունեմ: Գործընկերները` ընկերներ չեն: Ընկերները նրանք են, ովքեր մանկությունից են գալիս քեզ հետ. մանկություն, պատանեկություն, հնարավոր է, ուսումնառության տարիներ: Այդ ժամանակ դու ազատ ես ընտրությանդ մեջ: Հենց սկսեցիր աշխատել, գումար վաստակել, հաշվարկով ընկերություն է սկսվում: Թվում է, թե շատ բաց մարդ եմ, բայց իրականում` ոչ (արտասանում է քառատող` Պետրոս Դուրյանից,- հեղինակ): Ոչ-ոք չի կարող թափանցել  հոգուս խորքը: Առաջին հերթին այդ մարդը պետք է արժանի լինի, որ ես նրա առջեւ բացեմ հոգուս դռները: Եվ հետո, չի կարելի ամբողջ հասարակության առջեւ բացել այդ դռները, այլապես, այն խիստ կարժեզրկվի:

95-ին ավարտվեց պատերազմը, եւ սկսվեց կառուցաղոկան կյանքը: Էջ էր, որ պետք էր թերթել, փակել ու կարողանալ առաջ նայել: Շատերը, որոնք մասնակցել են պատերազմին, ապրում են հին պատերազմական ժամանակաշրջանով ու հուշերով: Սակայն պետք էր մի կողմ դնել այդ ամենն ու հարմարվել կյանքի նոր իրականությանը:

4

Շնորհակալ եմ

Կյանքում շնորհակալ եմ մի քանի մարդուց: Բացարձակ շնորհակալ եմ ծնողներիցս, շնորհակալ եմ ուսուցիչներիցս: Բոլորին անվանական չեմ ուզում թվել: Խորին երախտագիտությունս եմ ցանկանում հայտնել Վեհափառ Հայրապետին, որ վստահեց ինձ ղեկավարելու «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:

Գեղեցիկ կյանք եմ ունեցել

Իմ ամենամեծ երջանկությունը` ընտանիքս է: Հետո` աշակերտներս: Ունեմ շարունակողներ: 50-ից ավելի են աշակերտներս: Հպարտությամբ կարող եմ ասել, որ օրթոպեդիայով5 զբաղվող երիտասարդ բժիշկների մեծամասնությունն իմ գործը շարունակողներն են, ու ես նրանց ուսուցիչն եմ: Ունեմ 4 զավակ` (Ժպտում է,-հեղինակ) երկու տղա, երկու աղջիկ: Տղաներս արդեն լիարժեք կայացած են: Աղջիկներս դեռ փոքր են. Մեծը` Աննան, 14 տարեկան է, սովորում է դպրոցում, փոքրը` Մելիսան, 5 տարեկան է` հաճախում է մանկապարտեզ:
Մեծ տղաս` Արամը, մաթեմատիկոս է, ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը, հայրիկի երազանքն է իրականացրել: Նա այժմ ապրում է Մոսկվայում: Փոքր տղաս` Արան, սեքսոպաթոլոգ-հոգեբան է: Այժմ գտնվում է Անգլիայում: Մասնակցել է գիտա-հետազոտական ծրագրի մրցույթին, ընտրվել անգլիացիների կողմից:

Երջանիկ է այն մարդը, ում կինը սիրում է

Կնոջս շատ եմ սիրում, եւ նա իմ կյանքի ընկերն է: Երջանիկ է այն տղամարդը, ում կինը սիրում է` անկախ ամեն ինչից... Եվտուշենկոն հրաշալի բանաստեղծություն ունի այդ մասին (… Дай Бог, чтобы твоя жена Тебя любила даже нищим…) Կինս մասնագիտությամբ բանասեր է, ու շատ լավ է, որ տարբեր մասնագիտության տեր մարդիկ ենք: Մեր ընտանիքում կա սեր, փոխադարձ հարգանք եւ հարմոնիա, ինչն ամենակարեւորն է: Գիտեք, ունեցվածք, կարողություն... Այդ ամենը սին է ... Ու տարիքի հետ դու ավելի ես գիտակցում դա: Գնալով ավելի ես արժեւորում հոգեկանը, բարոյականը:

Գեղեցիկը՝ վեհ է

Պոեզիայի, երաժշտության եւ գեղեցկության հանդեպ անտարբեր չեմ: Այն կարծիքին եմ, որ գեղեցիկը կփրկի աշխարհը: Ժամանակին փորձեր են եղել, եւ ես էսսեներ եմ գրել, անգամ բանաստեղծություն (9-րդ դասարանում), երբ սիրահարված էի: Բայց մի օր որոշեցի այրել բոլոր գրածներս: Չեմ կարծում, որ երբեւէ ի մի կբերեմ կյանքիս անցած ուղին, գիրք կգրեմ... Այն ամենը, որ կարող եմ գրել գրքի մեջ` խիստ անձնական է: Թերեւս շատերին դա կարող է հետաքրքրել, սակայն դա իմն է եւ ինձ հետ կտանեմ տիեզերք:

Վլադ Մուրադյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում